Հարկային նոր օրենսգիրքն իր տխուր հետևանքներն արդեն թողնում է: Միջինից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների մի ստվար հատված փաստի առաջ է կանգնել այս տարվա առաջին ամսվա աշխատավարձը ստանալիս: Պարզում է` ոմանք ոչ միայն հարկման տակ են հայտնվել, այլև որոշ հիմնարկներում աշխատավարձի որոշակի կրճատում է եղել: Կրճատում ասվածը հարաբերական է, այսինքն, բարձր աշխատավարձ ստացողները նաև 40 տոկոս կուտակային են վճարում, ինչը բավականին մեծ գումար է:
Հիշեցնենք, որ 204000-ից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները 2-ից 7 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարում: Սրա հիմնական հասցեատերը ՏՏ ոլորտում աշխատողներն են, որոնք այս օրերին խիստ վրդովված են ու պնդում են, որ այս հարկային օրենսգիրքը հենց իրենց դեմ է, քանի որ նպատակ կա այս ոլորտը ևս փոշիացնելու և կադրերին ստիպելու հեռանալ երկրից: Միջին խավի դեմ այս արշավը չափազանց մտահոգիչ է, սակայն պատկան մարմինները վստահեցնում են, որ մեր երկրում այդքան բարձր աշխատավարձ ստացողների թիվը շատ քիչ է, քանի որ քաղաքացիների զգալի հատվածը 200 հազար դրամից քիչ է ստանում:
Այսինքն, հարկային բեռի տակ քիչ մարդիկ են ընկնելու: Եթե սա արդարացում է, ուրեմն վայ այդ արդարացմանը: Ասել է՝ որքան ցածր լինի քաղաքացու աշխատավարձը, այնքան լավ, հարկերը նրան չեն սպառնա: Համատարած թանկացման ֆոնին ևս մեկ թեժ «օջախի» ստեղծումը բարդ իրավիճակ է ստեղծում երկրում: Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ թոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, իսկ հարկային բեռը կտրուկ ավելանում է, թանկացումներն էլ չոքել են մարդկանց դռանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթում: