Յուրաքանչյուր պետության զարգացվածության աստիճանը հասկանալու համար պետք է ոչ թե նայել մայրաքաղաքում վեր խոյացած երկնաքերերին, կենտրոնի մեկ-երկու ժամանակակից սրճարաններին ու ռեստորաններին, առավել ևս պետք չէ հիմք ընդունել օլիգարխների դղյակներին՝ բազմած սարի դոշին, այլ պետք է ուշադրություն դարձնել քաղաքի ենթակառուցվածքներին, դպրոցներին, մանկապարտեզներին, որտեղ իրենց հիմնական ժամանակն են անցկացնում մանկահասակ երեխաները:
Օրերս համացանցում արշավ սկսեցին դպրոցական երեխաները, ովքեր իրենց դպրոցների սանհանգույցները նկարում և ուղարկում էին ֆեյսբուքյան հայտնի էջերից մեկին՝ հույս ունենալով, որ խնդիրները բարձրաձայնելուց հետո լուծում կստանան:
Բազմապիսի դղյակների ու շքեղ մեքենաների կողքին կարելի է դպրոցների նման անմխիթար վիճակն անվանել դարի խայտառակություն: Նման սանհանգույցները ոչ միայն գարշելի են և աչքի համար տհաճ, նաև երեխաների հիգիենիկ առողջության խնդիրն է: Ի՞նչ ելք պետք է ունենան ծնողները, եթե չեն ուզում իրենց երեխաներն օգտվեն նման սանհանգույցներից, բնականաբար, զարկ տան մասնավոր դպրոցներին, իսկ ամեն մեկը կարո՞ղ է իր երեխային բարձր ամսավճարներով դպրոցներ ուղարկել՝ իհարկե՝ ոչ: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է ծնողն իր երեխային ստիպված վճարովի դպրոց ուղարկի, որոնք մի քիչ տանելի վիճակում են, եթե աշխատավարձը ստանալիս հարկերը ողջ պատասխանատվությամբ են պահվում, այսպես ասած, փողը կիսում, նոր են տալիս:
Լուսանկարներին հրավիրում ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը, որպեսզի տեսնեն և ամաչեն, թե ինչպես են այս ոլորտը ղեկավարում ու մի հատ էլ բարձրագոչ հայտարարություններ անում, թե մեր երեխաները երեք օտար լեզու պետք է իմանան՝ այս պայմաններում սովորելո՞վ: