«Օրենքով գողերից» որոշները այս տարի կձերբակալվեն պատվերով սպանություններ ու մարդկանց առևանգումներ կազմակերպելու համար: Այդ մասին պատմել է Ուկրաինայի ազգային ոստիկանության փոխղեկավար Վյաչեսլավ Աբրոսկինը: Ըստ նրա, այժմ աշխատանք է տարվում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ, որը պետք է փոխարինի ոչ արդյունավետ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը:
Նա նշել է, գլխավոր խնդիրներից մեկն այժմ այս կամ այն «գողի», որոնց անունները հայտնի են բոլորին, մեղադրանքի ապացուցողական բազան է: Դրա համար ենթադրվում է, որ նոր գերատեսչության աշխատակիցները կներդրվեն բանդաների մեջ և այնտեղ աշխատեն քողածածկույթի ներքո:
Այդ հանգամանքն, իդեպ, հնարավորություն չի տալիս փակել Պոլտավա մականունով «օրենքով գող» Վլադիմիր Դրիբնոյի գործը, ում տանը անցյալ տարի հայտնաբերվել է «գողական օբշչակը»՝ 1 մլն դոլարից ավելի չափով: Այժմ որոշ ուժեր փորձում են ճնշել իրավապահներին՝ պահանջելով վերադարձնել փողերը, քանի որ չկան դրանց հանցավոր ծագման ապացույցներ: Նրա փաստաբանները հայտարարում են, որ նա դրանք մաս-մաս ստացել է ԱՄՆ-ից ընկերոջից:
Բացի այդ, ակտիվ աշխատանք է տարվում ԱՄՆ-ից ու Եվրոպայից գործընկերների հետ: Դրա առաջին արդյունքն է եղել ուկրաինական «օրինականների»՝ «սև ցուցակի» մեջ ընկնելը: Այժմ, ըստ Աբրոսկինի, նրանք չեն կարողանա մեկնել իրենց թանկարժեք վիլլաները Հունաստանում, Ավստրիայում, Չեխիայում: Նրանց մուտքն արգելված է Եվրամիություն: Իսկ Իսպանիայում անց են կացվում ռուսաստանյան ու վրացական «օրենքով գողերի» ձերբակալության գործողություններ:
Աբրոսկինը Ուկրաինայի համար նոր մարտահրավեր է որակել վերջերս Ադրբեջանում ազատ արձակված «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի), նրան բնութագրելով որպես հետխորհրդային տարածքի ամենադաժան հանցագործներից մեկը: Նա նորից ընդգծել է, որ վերջին ժամանակներս Ուկրաինայում հաճախակի դարձած ադրբեջանցի, հայ, բանջարեղենային շուկաներում առևտրով զբաղվող այլ էթնիկական խմբերի գործարարների առևանգման դեպքերը տեղի են ունենում Թուրքիայում գտնվող Գուլիի հրամանով: Մարդկանց ազատման համար պահանջում են առասպելական փողեր՝ սկսած 1 մլն դոլարից և ավելի: Աբրոսկինը հավելել է, որ երկրում այդ «օրենքով գողի» գործունեությունն արդեն քննարկվել է հանցաշխարհի նաև այլ ներկայացուցիչների կողմից, սակայն բացահայտ նրան դիմակայել ոչ ոք սիրտ չի անում:
Ազգային ոստիկանության փոխղեկավարը հիշատակել է այն փաստը, որ «գողերի» մոտ չկա «հայրենիք» հասկացություն, այլ կան միայն ազդեցության ոլորտներ: Դոնեցկի մարզում զինված կոնֆլիկտի սկսվելուց հետո տեղական «գողերը» ոչ մի կերպ չէին դիմակայում արտաքին ագրեսիային, այլ պարզապես Դոնբասից տեղափոխվել էին երկրի այլ տարածաշրջաններ: Սակայն դա չի խանգարում նրանց վերահսկել վարչատարածքային կազմավորման գոտում գտնվող 19 գաղութներն ու այնտեղ իրենց «նայողներին» նշանակել: Բացի այդ, ուկրաինական «գողերից» շատերին «թագադրել են» ռուսաստանյան «օրինականների» մասնակցությամբ, իսկ որոշներին՝ նաև հենց Ռուսաստանում:
Աբրոսկինի խոստովանությամբ, հին ֆորմացիայի իսկապես հեղինակավոր «գողեր», որոնց հանդեպ անգամ որոշակի հարգանք կա, այնքան էլ շատ չեն: Նրանց թվում է նա դասում Լերա Սումսկիին, Պոլտավային, Անտիմոսին: Նրանց հակապատկերն են այսպես կոչված «նարինջները»՝ գողեր, որոնք գնել են իրենց այդ կոչումը: Ըստ ոստիկանի, դա Անդրեյ Նեդզելսկին է (Նեդելյա) և Սերգեյ Օլեյնիկը (Ումկա), որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել միայն փաստաթղթեր կեղծելու համար:
Ընդհանուր առմամբ ուկրաինական «գողերի» թվում Աբրոսկինը դասել է ութ մարդու՝ Անտիմոսին, Լերա Սումսկիին, Նեդելյային, Վասյա Ուշատիին, Արմեն Խոխլին, Ումկային, Պոլտավային ու Խմելոյին: Նրանց հետաքրքրությունների ոլորտում ոչ միայն մարմնավաճառության, թմրանյութերի ու զենքի վաճառքի, գողությունների ու ավազակության, անլեգալ միգրացիայի ավանդական «տանիքավորումն» է, այլև սաթի արդյունահանման, անտառահատման, ինչպես նաև շինարարական բիզնեսի, հողային հարցերի ու պետգնումների վերահսկողությունն է: