Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 70 տոկոսից ավելին դպրոցներում շախմատի դասավանդումը համարում են միանշանակ դրական երևույթ: Իսկ այդ առարկայի դասավանդումը դրականորեն է ազդում երեխաների վրա, եթե այն դասավանդող մասնագետը բարձր կարողությունների տեր է և ամբողջությամբ տիրապետում է մանկավարժական ու շախմատային տեխնոլոգիային: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար Վահան Սարգսյանը:
Նրա խոսով` մինչ ինստիտուտի ստեղծումը կենտրոնի մակարդակով անցկացվել են ուսումնասիրություններ դպրոցականների վրա տարբեր ասպեկտներով շախմատ առարկայի ազդեցությունը գնահատելու ուղղությամբ:
«Նախորդ տարիներին ուսումնասիրություն ենք կատարել ու փորձել ենք պարզել, թե ինչպիսին է շախմատի դասավանդումն ամբողջ հանրապետությունով մեկ: Էական տարբերություններ մայրաքաղաքի ու համայնքների միջև չկան: Մեկ այլ հետազոտություն էլ ուղղված էր հարցին, թե ինչպես է շախմատն ազդում հուզական ինտելեկտի վրա: Այսինքն` թե որքանով է շախմատն ազդում ինքնատիրապետման, ուրիշի հույզերը հասկանալու կարողության վրա: Պետք է ասել, որ էապես է ազդում, շախմատը նաև նպաստում է գիտելիքի խորքային յուրացման վրա: Այն թույլ է տալիս, որ երեխան ավելի խորքային սովորող, ավելի ռեֆլեքսիվ դառնա ու ամեն անգամ ինքն իրեն կարողանա հարց տալ, թե ինչու է դա սովորում, դա իրեն ինչ կտա կամ ինքնուրույն դնել կրթական նպատակներ»,-ասաց մեր զրուցակիցը:
Արդեն ինստիտուտի կարգավիճակում փորձելու են շրջանակները լայնացնել, մշակել դպրոցներում շախմատի դասավանդման նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև վերապատրաստման ծրագիր մշակել ու Հայաստանում պատրաստել օտարազգի մասնագետների: Ցանկանում են միջազգային ամսագիր ստեղծել, որպեսզի ինստիտուտում պատրաստվող նյութերը հրապարակվեն անգլերենով ու հասանելի դառնան շախմատը դպրոցում ներդնել ցանկացող երկրների մասնագետներին:
«Այս պահին մենք շատ հստակ արդեն սահմանել ենք, թե ինչ ուղղությամբ պետք է գնանք: Նախևառաջ, ուզում ենք ուսումնասիրել շախմատի ազդեցությունն այսպես կոչված 21-րդ դարի կոմպետենցիաների վրա` որոշումների կայացում, քննադատական մտածողություն, խնդիրներ լուծելու կարողություն: Մեր նպատակն է տարբեր մեթոդներով պարզել դպրոցում շախմատի դասավանդման ազդեցությունը այդ կոմպետենցիաների զարգացման վրա»,-նշեց Վահան Սարգսյանը:
Ծրագրի ղեկավարի խոսքով` հետազոտական հենքի վրա ձևակերպված տեխնոլոգիաներ են պետք` ուղղված դպրոցում շախմատը դասավանդելուն:
«Մենք ունեինք շախմատի դպրոցներ, բայց դրանք հատուկ մասնագիտացված դպրոցներ են ու թիրախավորված են առավել տաղանդավոր երեխաներին: Հանրակրթության մեջ խնդիրը լրիվ ուրիշ է: Այստեղ նոր տեխնոլոգիաներ են պետք, ինչը պետք է հետազոտական հենքով արվի: Փորձ-սխալվելու ճանապարհը ոչ էթիկայի, ոչ տրամաբանության տեսանկյունից արդարացված չէ: Դրա համար այստեղ անհրաժեշտ են խորը ուսումնասիրություններ»,-ավելացրեց մասնագետը:
Բացի այդ, ըստ Վահան Սարգսյանի, անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին: Ներկայում զուգահեռաբար աշխատում են ուսուցիչների պատրաստման օնլայն ծրագրի վրա, որ աշխարհի շատ երկրներում համակարգը ներդրվի և Հայաստանում ուսուցիչների պատրաստում իրականացվի: