Երեխաներն Աստծո պարգևն են, ովքեր կարիք ունեն ոչ միայն սննդի, հագուստի և տանիքի, այլև ամենաառաջինը ծնողական սիրո և ջերմության: Հենց այս գաղափարն էր, որ երեկ համախմբել էր «Նռան հատիկ» հեռուստասերիալի ստեղծագործական ու դերասանական կազմին: Նրանք պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նախաձեռնությամբ մի ամբողջ օր են անցկացրել Վանաձորի մանկատանն ու ծերանոցում: Մանկատան սաների մաքուր, անկեղծ ու անմիջական աշխարհի, ինչպես նաև մեծահասակների երազկոտ ու կարոտած հոգիների մասին BlogNews.am-ին պատմել են դերասաններ Ջուլիետա Ստեփանյանն ու Ագնեսա Շահնազարյանը:
Տիկին Ստեփանյանի հոգին երեկվանից տակնուվրա է եղել, անասելի տպավորված է մանկատանն իր տեսածով. «Երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք, սեր և հոգատարություն, սակայն դա բավարար չէ։ Նրանք ավելիի կարիքն ունեն: Այդ երեխաների վերաբերմունքը, մոտեցումը… Չեք պատկերացնի, բայց 2,5-3 տարեկան երեխաները գրկիցս չէին իջնում, ձեռքս պինդ բռնել էին: Մեկն ասում էր՝ տատի՛կ, ես քեզ սիրում եմ՝ առանց ճանաչելու՝ ով եմ ես: Հասցրի մանրակրկիտ հետաքրքրվել սննդի որակի և այլնի մասին: Նրանք գոհ էին, բայց ինձ թվում է՝ սովորել էին այդ վիճակին ու կյանքին: Ինչքան էլ լավ պահեն նրանց այնտեղ, միևնույն է, ծնողից հեռու երեխաների համար ոչ մի դեպքում լավ լինել չի կարող: Բառերով անհնար է նկարագրել այն զգացողություններն ու ապրումները, որոնք մենք ունեցել ենք երեկ»:
Ագնեսա Շահնազարյանի խոսքով՝ Դիանա Գրիգորյանի գաղափարն իրենք մեծ ոգևորությամբ են ընդունել ու միացել այդ կարևոր նախաձեռնությանը: Վանաձորի թատրոնն էլ իր փոքր մասնակցությունն է ունեցել. «Երեխաների սիրելի հերոսների կերպարանքներով մեր թատրոնի դերասանները փորձել են լցնել նրանց օրն ու ժպիտ պարգևել: Իմ կարծիքով՝ այսպիսի շփումների կարիք ունեն ոչ միայն երեխաներն ու մեծահասակ մարդիկ, այլև հենց մենք՝ արտիստներս: Այն որոշ չափով կարող է նաև խթան լինել, որպեսզի մենք փոխենք մեր աշխարհայացքն ու կյանքի նկատմամբ պատկերացումները: Մի բան է մարդկանց էկրաններից տեսնելը, մեկ այլ բան՝ իրականում շփվելն անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում: Յուրաքանչյուրիս ուշադրությունը կարող է մեծ բերկրանք պատճառել նրանց: Մանկատան երեխաների աչքերում կարծես դաջված են թախիծն ու կարոտը: Հիշում եմ՝ երեխաներից մեկը մոտեցավ ու հարցրեց՝ իսկ ինչու չի եկել իր մայրիկը, ու այդ պահին ոչ մեկս չկարողացավ զսպել արցունքները… Իդեալական պայմաններ էին, հոգատար աշխատակիցներ, բայց ընտանեկան սերն ու ջերմությունն ամեն դեպքում պակասում էր»:
Ամբողջությամբ՝ blognews.am