Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Տետրիս» խաղի ստեղծման նախապատմությունը
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Տետրիս» խաղի ստեղծման նախապատմությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև «Տետրիս» խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմեց, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում:

«Մեկը, օրինակ,  ռեալ ժամանակային մոդելավորումն է: Օրինակ պատկերացրեք, որ ուզում եք ջերմակայան կամ ատոմակայան կառուցել, և ցանկանում եք դա մոդելավորել: Չեռնոբիլի ողբերգությունը եղավ այն բանի արդյունքում, որ մարդկանց կրթում էին իրական համակարգի վրա: Դրանից հետո խնդիր դրվեց, որ համակարգչի վրա մոդելավորում լինի: Դրանից հետո պարզ դարձավ, որ դա կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ` կենսաբանության մեջ, հասարակական գիտություններում: Պարզվեց, որ դա կարելի է կիրառել նաև մեխանիկական թարգմանության մեջ»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ որպես մոդելավորման պարզեցված տարբերակ սկսեցին ստեղծել «Տետրիս» կոչվող խաղը: Խաղի ստեղծման վրա աշխատել են Սերգեյ Ուտկինը, Վյաչեսլավ Ցոյը, Արա Շահազյանը և Արմեն Սարգսյանը: «Այնուհետև IBM և «Նինթենդո» ընկերությունները մեզանից գնեցին այդ խաղը, իսկ ընկերությունը, որին պատկանում է խաղի հեղինակային իրավունքը, կոչվում է «Արմենիկա»: Այդ ընկերությունը գրանցված է Դելավերում և ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Կորեա»,- եզրափակեց Սարգսյանը:



Նման նյութեր