Պետք չէ կրակի վրայով ցատկելու հետ կապել ձեր երջանկության բանալին. Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պետք չէ կրակի վրայով ցատկելու հետ կապել ձեր երջանկության բանալին. Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան. life.panorama.am

Փետրվարի 14-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի` տրնտդեզի տոնը, որի նախատոնակն իրականացվում է այսօր` փետրվարի 13-ին: Սա շարժական տոն չէ, ամեն տարի այն նշվում է ճիշտ նույն օրը` Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո:

Տոնի առանձնահատկությունների ու կարևորության մասին Life.panorama.am-ը զրուցել է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ:

«Ցավոք, մարդկանց մեջ արմատացած կարծիք կա, թե Տեառնընդառաջի տոնը փետրվարի 13-ին է, և ամեն անգամ հարցնում են` արդյոք փոխվել է օրը, որ եկեղեցին այն նշում է հաջորդ օրը` փետրվարի 14-ին: Իրականում, այս տոնն անշարժ է, այն նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր հետո, այն 40-օրյա մանկան տաճար ընծայման տոնն է. Երբ Քրիստոսին տարան տաճար ընծայելու, նրան ընդառաջ դուրս եկավ Սիմեոն ծերունին, որից էլ եկել է տոնի անվանումը` Տիրոջն ընդառաջ: Պետք է իմանալ, որ այսօր նշվում է այս տոնի նախատոնակը, երբ եկեղեցիական օրացույցով փոխվում է օրը` 17:00-ից հետո: Այսօր իրականացնում ենք նաև ժողովրդական հայտնի ավանդույթը` եկեղեցում վառված մոմի լույսով խարույկ ենք վառում և անցնող տարվա ընթացքում ամուսնացած զույգերը գալիս են եկեղեցի, մասնակցում երեկոյան ժամերգությանն ու ցատկում են կրակի վրայով` համարելով, որ դա իրենց երջանկություն է բերելու».- պատմեց նա:

Կրակի հետ կապված կան բազում ենթադրություններ, շատերը կարծում են, թե սա հեթանոսական ժամանակներից հասած երևույթ է, սակայն Տեր Շմավոնը շեշտեց.

«Մշտապես ասել եմ ու կրկնում եմ, որ այս ամենը զուտ ժողովրդական ավանդույթներ ու հավատալիքներ են և կռապաշտության հետ կապ չունեն: Սա ժողովրդական խաղ է, որին եկեղեցին դեմ չէ: Այս միջոցով մարդիկ կարող են ուրախությամբ լցվել: Եկեղեցին երբեք չի ասում, որ եթե կրակի վրայով չցատկես, ապա երջանիկ չես լինի, պարզապես ժողովրդի մեջ ձևավորված ավանդույթին դեմ չէ: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե սա կռապաշտություն է, կպատասխանեմ Տաթևացու խոսքերով` «Երբ մենք ցատկում ենք կրակի վրայով, դրանով մենք ցույց ենք տալիս, որ այն մեզնից ստորադաս է»: Այնպես որ, կրակապաշտության միտում բացարձակապես չկա: Կրակը մարդկանց միշտ էլ հետաքրքրել է` իր խորհրդավորությամբ ու մաքրելու ունակությամբ»:

Հարցին, թե տոնի հետ կապված ավանդական ուտեստ գոյություն ունի, քահանան պատասխանեց.

«Ոչ, որպես այդպիսին չկա, քանի որ Տեառնընդառաջի տոնը երբեմն և այս տարի ևս համընկել է Մեծ Պահքի ժամանակահատվածի հետ, այդ պատճառով որևէ ուտեստի ավանդույթ չի ձևավորվել: Մարդկանց մեջ տարածված է աղանձի պատրաստումը, բայց այն ավելի շատ կապ ունի Սուրբ Սարգսի տոնի հետ: Սխալ է այն, որ այսօր մարդիկ աղանձը զույգերի վրա են շաղ տալիս` մտածելով, որ դա առատություն կբերի: Այնուամենայնիվ, դա ուտեստ է, ցորեն և այդպես շաղ տալը սխալ է: Եվ վերջապես դրանք բաներ են, որոնք մարդիկ տոնը տանում են դեպի սնոտիապաշտություն ու կորցնում են տոնի բուն էությունն ու գաղափարախոսությունը: Ի դեպ` մարդկանց մեջ կա նաև կարծիք, թե երեք անգամ պետք է թռչել կրակի վրայով, կամ թե մտածում են, որ եթե չմասնակցեն դրան, ապա երջանիկ չեն լինի, ինչը խիստ սխալ է: Պետք չէ կրակի վրայով ցատկելու հետ կապել ձեր երջանկության բանալին, դա չի կարող ձեզ երջանկություն բերել, եթե դուք այն ինքներդ չկառուցեք»:

Վաղը` փետրվարի 14-ին, հայ առաքելական եկեղեցիներում առավոտյան կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ, և կբացատրվի օրվա խորհուրդը:

life.panorama.am



Նման նյութեր