Յուրաքանչյուր օր տարաբնույթ խոսակցությունների, շշուկների ու կարծիքների ականջալուրը դառնալով, մեզ մոտ այս կամ այն հարցի վերաբերյալ որոշակի տպավորություն, կարծիք կամ իրավիճակի թվացյալ պատկեր է ձևավորվում: «Արտագաղթը հասել է սարսափելի չափերի», «Բանակում մարդաքանակի խնդիր կա», «Մեզ մոտ ամեն երկրորդը մահանում է ինֆարկտից» և այլն: Բարձրաձայնված այս մտքերը թեպետ այնքան էլ հեռու չեն իրականությունից, բայց դրանցում համոզվելու համար, հարկավոր է «խոշորացույցով» ուսումնասիրել վիճակագրությունը: Պաշտոնական տվյալներից հանրությանը հասանելի է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» (nih.am) կազմած «Վիճակագրական տարեգիրք. Առողջություն և առողջապահություն (2017)» կարևոր տվյալներ ներառող գիրքը: Մենք թերթել ու առանձնացրել ենք տարեգրքի առաջին` «Ժողովրդագրական ցուցանիշներ» գլխի ամենաուշագրավ կետերը:
Ծերացող ժողովուրդ
Գրքում ներկայացված են ՀՀ մշտական բնակչության տվյալները 1980 թվականից ի վեր: 1980-ին ՀՀ-ում ապրել է 3073.9 հազար մարդ (3 միլիոն 73 հազար 900 մարդ): Առավելագույն ցուցանիշն ունեցել ենք 1990 թվականին` 3514.9 հազար մարդ (ընդ որում` 2427.2 հազարը` քաղաքային, իսկ 1087.3 հազարը` գյուղական բնակչություն): 2017 թվականին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2986.1 հազար մարդ (2 միլիոն 986 հազար 100 մարդ), որից` 1901.4 հազարը` քաղաքային, 1084.7 հազարը` գյուղական: Այսինքն` ըստ պաշտոնական տվյալների 27 տարվա ընթացքում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 528800-ով: Ամենամեծ տատանումը գրանցվել է 1990-1994 թթ. ընթացքում` 254.9 հազար մարդ, երկրորդ նման խոշոր տատանումը գրանցվել է վերջին տարիներին` 2012-2013 թթ. մեկ տարվա ընթացքում` 247.4 հազար մարդ: Ուշագրավ է նաև 0-14 տարեկան երեխաների և հատկապես 2002 թվականից հաշվարկվող` 15-17 տարեկանների տոկոսներով արտահայտված թվաքանակը: 1990 թվականին բնակչության 30.5 տոկոսը(այսինքն գրեթե 1/3-ը) եղել են մինչև 14 տարեկան երեխաներ: 2017 թվականին այս ցուցանիշը կազմել է 20 տոկոս: Հաճախ կարելի է տարբեր տեղերում լսել`«երեխաները մեր ապագան են»: Այս ցուցանիշով մեր ապագան մշուշոտ է դառնում:
Ամբողջությամբ՝ champord.am