Նրանք այն անվանում են «տուն»: Եվ իրոք «Մեր տան» 16 կին բնակիչների համար Էջմիածին քաղաքում գտնվող երկհարկանի այս շինությունն իրապես միակ տունն է, որ նրանք գիտեն:
Հայաստանում իր ձեւի մեջ միակ այս կառույցը` «Մեր տունը», հասարակական կազմակերպություն է, որն օթեւան է տալիս մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ կամ շարունակել իրենց ուսումը: «Մեր տանը» նրանք ապրում են չորս տարի` այդ ընթացքում սովորելով էջմիածնում կամ մայրաքաղաք Երեւանում:
Տանիք եւ կրթություն տրամադրելուց բացի, այս տարածքը հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամներին ապահովում է նաեւ անկախ կյանքի համար անհրաժեշտ միջավայրով:
«Մեր տուն» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի համոզմամբ` առանց ընտանիքի եւ ֆինանսական օգնության, մանկատան եւ գիշերօթիկ դպրոցների իգական սեռի ներկայացուցիչները 18 տարեկանը լրանալուց հետո թրաֆիքինգի ենթարկվելու մեծ վտանգի առջեւ են հայտնվում: Քանի որ սա այն տարիքն է, երբ նրանք պետք է լքեն այդ հաստատությունները:
Կարապետյանը, ով նախկինում աշխատել է CASP կազմակերպությունում (Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմին առընթեր աղքատության դեմ պայքարի նախաձեռնություն) ասում է, որ 12 տարի առաջ հիմնել է այս տունը, որպեսզի «աղջիկները զգան, թե ինչ է նշանակում ընտանիք ունենալը»։
«Ես մտածում էի նրանց որեւէ կերպ օգնելու մասին… աղջիկների մեղքը չի, որ ծնողները թողել են իրենց: Մենք պետք է ինչ-որ բան անենք` կանխելու նրանց կողմից հնարավոր ճակատագրական սխալները, հատկապես այս տարիքում»,- ասում է 53-ամյա Կարապետյանը: