«Դոդիկ» արտահայտության համար ուսանողի սպանության, մեկ այլ ուսանողին միջին ծանրության վնասվածք պատճառելու գործով այսօր հարցաքննվեց պարզաբանմանը ներկա գտնված վկա, ներկայումս պարտադիր զինծառայող Գ.Տերտերյանը: Վկան գործով ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցին է, տուժողներին չի ճանաչել:
Վկան հայտնեց, որ գնացել էր համալսարան քննության թվանշանն իմանալու համար, որից հետո իմացել է, որ Կարենն ուզում է հանդիպել Ռաֆֆիին ու իմանալ, թե ինչու է իրենց համակուրսեցուն «դոդիկ» անվանել: Կարենը զանգահարել էր Ռաֆֆիի ընկերոջը՝ Վահեին և նրա հետ պայմանավորվել հանդիպման մասին:
Կարենը և նրա երկու ընկերները՝ ներառյալ վկան, գնացել են պայմանավորված վայր, հակառակ կողմից 4 կամ 5 հոգի է եղել, ընդ որում, նրանցից մեկը հանդիպման վայր տաղավարից դուրս էր գտնվում:
«Դոդիկ» արտահայտության վերաբերյալ Կարենի հարցին հակառակ կողմից Ռաֆֆին պատասխանել է, որ արտահայտությունն ուղղված չի եղել որևէ մեկին և որ ինքը ոչ մեկին չի ճանաչում:
Ըստ վկայի, Կարենը կռվող տղա չէր, «եթե իմանայի կռվի համար է, հաստատ այնպես կանեի, որ Կարենը չգնար»:
Վիճաբանությունն, ըստ վկայի, սկսվել է այն բանից հետո, երբ հակառակ կողմից Անրին ձայնը բարձրացրել է, ի պատասխան Կարենն էլ է ձայնը բարձրացրել: Ըստ վկայի, ինքը հարվածների պահը չի տեսել, քանի որ հակառակ կողմից Սերգեյը տաղավարից իրեն դուրս է բրդել, և սկսել է իրեն հարվածներ է հասցրել, որոնց ինքը չի պատասխանել: Այդ պահին ինքը թիկունքով է կանգնած եղել տաղավարին: Երկու-երեք հարվածից հետո հարվածները դադարել են, և ինքն այդ պահին տեսել է Կարենին տաղավարից վազելով դուրս գալիս, ինքը հետևել է նրան:
Ճանապարհին Կարենն ի պատասխան իր հարցի՝ ի՞նչ է եղել, կցկտուր պատասպանել է՝ դանակով, ինչից հասկացել է, որ Կարենը դանակով հարվածել է, ապա հեռախոսային խոսակցության ժամանակ Կարենն ասել է, որ դանակով հարվածել է Վահեի ոտքին: Վկան միայն ոստիկանությունում է իմացել, որ երկու հոգի են վնասվածքներ ստացել:
Դատաքննական ցուցմունքների հետ հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց, ինքը հարցրել է Կարենին իր մոտ դանակ կա՞, քանի որ ինքը մտավախություն ուներ, որ կարող է այն օգտագործվել վիճաբանության ժամանակ, Կարենը ցույց չի տվել դանակը, սակայն ասել է, որ դանակն իր մոտ է:
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Անրին ասել է՝ տոնդ իջեցրու, Կարենն էլ պատասխանել է՝ իմ տոնը սենց է: Ապա երկխոսությունը շարունակվել է՝ Կարենն ասել է իմ ասածի մեջ սխալ բա՞ն ես տեսնում, Անրին ասել է, որ հա, սխալ բան ես անում:
Ի պատասխան հարցերի՝ վկան հայտնեց, որ տեսել է, թե ինչպես իրար կողմ են ուղղվել նրանց ձեռքերը, սակայն դիպել են իրար, թե՝ ոչ, չի տեսել:
Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ տեսել է, որ Ռաֆֆին ու Վահեն բռնել էին Կարենի ձեռքից, ենթադրել է ինչ-որ իր են ուզում ձեռքից վերցրել, տեսել է նաև, թե ինչպես է Վահեն բռնել կրծքավանդակի ձախ մասից ու կռացել:
Դատարանում վկան հայտնեց, որ դանակի տեսակները չի տարբերում, սակայն նախաքննության ժամանակ հստակ նկարագրել էր դանակը՝ երկու կողմից բացվող, «բաբոչկա» տեսակի: Այս մասին հարցին վկան պատասխանեց, որ դանակը դեպքից մի քանի օր առաջ է տեսել, մասնավորապես, տեսել է, թե ինչպես է ամբաստանյալը մի գրպանից մյուսը տեղափոխել դանակը:
Այսօրվա դատական նիստում դատարանը վարույթ ընդունեց տուժող Վահե Մուրադյանի իրավահաջորդ Տիգրան Մուրադյանի քաղհայցը որպես հանցագործությամբ պատճառված վնասի՝ ներառյալ հուղարկավորության ծախսերի փոխհատուցում ամբաստանյալից 4 մլն դրամի պահանջի մասին: Տուժողի իրավահաջորդը ճանաչվեց որպես քաղհայցվոր, իսկ ամբաստանյալը՝ քաղպատասխանող: Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ ըստ պաշտպանական կողմի, քաղհայցի չափի ու դրա հիմնավորվածության հետ կապված խնդիր կա:
Հաջորդ դատական նիստում կշարուրանակվի գործի գրավոր ապացույցների հետազոտումը, որը սկսվել էր այսօրվա նիստում, դրա ավարտից հետո ցանկության դեպքում ցուցմունք տալու իր իրավունքից կօգտվի ամբաստանյալը: