Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մշակել են մի սարք, որը կարող է էլեկտրականություն արտադրել մթնոլորտից: Այս մասին հաղորդվում է ինստիտուտի կայքում:
Սարքն աշխատում է շրջակա միջավայրի ջերմաստիճանի ամենօրյա տատանումների հիման վրա: Այսպես, ցերեկային և գիշերային ջերմաստիճանի Ցելսիուսի 10 աստիճան տարբերության դեպքում այն արտադրում է 1,3 միլիվատ էներգիա և 350 միլիվոլտ պոտենցիալ: Դա բավական է հասարակ տվիչների և կապի միջոցների աշխատանքն ապահովելու համար: Սարքի ներսում գտնվում է պղնձի և նիկելի մետաղական փրփուր՝ ծածկված գրաֆենի շերտով և լցված հատուկ մոմով:
Դրա շնորհիվ սարքի մի կողմը տաքություն է անջատում, մինչդեռ մյուսն այն կուտակում է, և ջերմաստճանների այդ տատանումները թույլ են տալիս էլեկտրաԷներգիա արտադրել: Այդ ջերմաստիճանային ռեզոնատորը, գիտնականների խոսքով՝ ունի գիտությանը հայտնի ամենամեծ ջերմային իներցիան:
Մասնագետները պլանավորում են մեծացնել դրա հզորությունը՝ շարժական սարքերը, ներառյալ սմարթֆոնները լիցքավորելու հնարավորություն ապահովելու համար: Ենթադրվում է, որ ապագայում ջերմաստիճանային ռեզոնատորը թույլ կտա էլեկտրիֆիկացնել հեռավոր տարածաշրջանները, ինչպես նաև էլեկտրաէներգիայով կապահովի տիեզերագնացներին: