Ինչ չկարողացավ Դավիթ Հարությունյանը «կիսել» Օսիկյանի հետ
Advertisement 1000 x 90

Ինչ չկարողացավ Դավիթ Հարությունյանը «կիսել» Օսիկյանի հետ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ խոսել է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնաթողության պատճառների մասին, ավելի ճիշտ հպանցիկ ակնարկներ է արել այդ առիթով, նախ ասելով, որ քրեակատարողական վարչությունում աշխատելու ընթացքում Օսիկյանը հաջողությունների է հասել, սակայն, ինչպես ցանկացած դեպքում, Օսիկյանի աշխատանքում թերություններ եղել են:

«Չկա մարդ, ով անթերի է աշխատում, ինչպես և բոլորիս դեպքում: Այնպես որ, երբեմն անձի փոփոխության հարց է առաջանում, երբ համակարգին անհրաժեշտ է նորովի նայել»,- կարծում է Դավիթ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ ընդհանրապես անհրաժեշտ է պարբերաբար փոփոխել գործունեության ոլորտը՝ իրավիճակը այլ ձևով տեսնելու համար: Արդարադատության նախարարը խոսեց նաև իր օրինակի մասին՝ նշելով, 1998-2006 թվականներին նախարար աշխատած տարիներին 2006-ին որոշեց, որ մեկ տարի անց պետք է հեռանա, որպեսզի նոր նախարարը կարողանա նորովի նայել աշխատանքին և շտկի իր թերությունները:

«Պարոն Օսիկյանը շատ մեծ աշխատաքն է կատարել, բայց ժամանակն էր արդեն նորովի նայել այդ համակարգին»,- ասաց Հարությունյանը:

Համաձայնելով Դավիթ Հարությունյանի այն պնդման հետ, որ հարկավոր է, որպեսզի պաշտոնյան երկար ժամանակ չմնա նույն պաշտոնում, սակայն որն է եղել Արթուր Օսիկյանի թերացումը, այ սրա մասին է, որ պետք է ուղիղ խոսեր Դավիթ Հարությունյանը։

2009 թվականից ոստիկանապետի տեղակալ, ապա 2014-ից ՔԿՎ պետ նշանակված Օսիկյանը, կիրթ, ինտելեկտուալ ոստիկանի համարում ունի, ռեֆորմիստ է եւ ցանկացած համակարգում կարող է հեղափոխական ալիք բարձրացնել։ Սակայն հաշվի առնելով այս ոլորտի առանձնահատկությունները, նրա նշանակման առաջին իսկ պահից հայտնի էր, որ կալանավայրերի պետի պաշտոնը նրա տեղը չէր։ Ֆինանսական ստվերային մեծ հոսքեր կան եւ բազում այլ հարցեր, որոնք շղթայական լուծում են ստանում։

«Սպիտակ ձեռնոցներով» ոստիկանի համբավ ունեցող Օսիկյանին չէր փրկի անգամ, եթե նա փոխեր ՔԿՀ-ների բոլոր պետերին եւ իր արժեհամակարգի կրող պատասխանատուների նշանակեր։

Ի վերջո, խնդիրը միայն այս դաշտում չէ, որ լուծում է ստանում, պետք է փոխվեր իշխանության արժեհամակարգն ամբողջությամբ։ Ընդհանրապես արդարադատության նախարարներից յուրաքանչյուրը մշտապես այդ պաշտոնում յուրայինի է տեղավորել, քանի որ ենթադրում է ուղիղ կապ եւ փոխհամագործակցություն նույն ստվերային գործարքների, ֆինանսական հոսքերի եւ այլնի առումով։

Իսկ Դավիթ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո Օսիկյանն ինքստինքյան հայտնվել էր «իզգոյ» վիճակում եւ բերդերին դե ֆակտո «տիրություն» անողը եւ նախարարի հետ ուղիղ կապի մեջ մտնողը դարձավ համակարգի հնաբնակներից ծնունդով Շամխորեցի Ռաֆիկ Հովհաննիսյանը, որը փոխարինում է Արթուր Օսիկյանին։

Նա այս համակարգում է անհիշելի ժամանակներից, դեռ սովետական տարիներին՝ 1982-ին եղել է թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ, հետո ողջ կյանքում աշխատել է կալանավայրերում՝ հսկիչից հասնելով պետի պաշտոնին։ Այդ թվում՝ եղել է «Նուբարաշեն», «Կոշ» քրեակատարողական հիմնարկների պետը։ 2005 թվականից նշանակվելով Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, 13 տարի շարունակ երազել է զբաղեցնել պետի պաշտոնը։Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել հենց Դավիթ Հարությունյանի կողմից՝ նրա նախարար աշխատելու առաջին փուլում․ 2005 թվականին։ Բնական է, որ Դավիթ Հարությունյանը բոլոր գործիքները գործադրելու էր Օսիկյանին իր յուրայինով փոխարինելու համար։ Իսկ այդ ճանապարհին Օսիկյանի համար «թերացումներ» գտնելը առանձնապես բարդ գործ չէ։

Մնում է միայն հրապարակել, թե իրականում որտեղ է թերացել Արթուր Օսիկյանը, միգուցե չի կարողացել գողականների հետ հետ նորմալ հարաբերվել ու տնօրինել ֆինանսական ստվերային շրջանառության ողջ ծավալները, ինչի պատճառով «սեւ կասսան» լրջագույն վնասներ է կրել, ինչի մասին նախարարի համար խոսելը դժվար է, այլապես կհանտարարվեր Օսիկյանի թերացման մասին՝ վերջ դնելով տարատեսակ վարկածների տարածմանը։

Անի Սահակյան
hayeli.am