1in.am-ը գրում է. «Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար «Կամուրջ» վարկային կազմակերպության հայցի քննությունը՝ ընդդեմ նախաքննական մարմնի, սակայն դատական նիստը չսկսված, ավարտվել է «Կամուրջ» ՈւՎԿ-ի իրավաբանական բաժնի ներկայացուցչի և դատախազի բացակայության պատճառով։
Նշենք, որ այս անգամ դատարան դիմել է «Կամուրջ» ՈւՎԿ-ն՝ պահանջելով փոխել քննչական ենթակայությունը, պարտավորեցնել նախաքննական մարմնին կատարել օբյեկտիվ քննություն, քանի որ կատարվածից տուժել է վարկային կազմակերպությունը, և քաղաքացիներից պետք է բռնագանձումներ կատարվեն։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրը՝ Արաքսյա Ղասումյանը և նրա քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։ Իրենց ծանոթ գորիսեցիներին համոզել են դառնալ վարկի երաշխավոր, որոշ դեպքերում անգամ քաղաքացիները տեղյակ չեն եղել, որ իրենց անունով վարկ է վերցվել, մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել։ Վարկերը չմարելու արդյունքում գորիսեցիների գույքը հայտնվել է կալանքի տակ և նրանց վրա պարտավորություն է դրվել մարել վարկը։ ԱԱԾ պաշտոնյայի ազգականները, սակայն, որևէ կերպ չեն անցնում գործով։ Քաղաքացիների բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի մի մասը կարճվել է, մյուս մասն էլ, չգիտես ինչու, ուղարկվել է ՊԵԿ-ի քննչական ծառայություն։
Մեզ հասած տեղեկություններով՝ ՊԵԿ-ի քննչականում ապշած են, թե ինչու է ակնհայտ խարդախության վերաբերյալ քրեական գործը ուղարկվել իրենց ենթակայություն, երբ իրենք ի պաշտոնե կոչված են քննելու հարկային եկամուտները թաքցնելու և նմանատիպ այլ գործերով։ Ավելին, քրեական գործի տեղափոխման որոշման մեջ քննչական ենթակայությունը փոխելու վերաբերյալ որևէ հիմնավորում չկա։ Այս գործն ըստ էության պետք է ուղարկվեր Հատուկ քննչական ծառայություն, քանի որ Կարեն Ջավահիրյանը ոչ մի կերպ չէր կարող անմասն մնալ իր մոր և քրոջ խարդախություններից, որի արդյունքում հազարավոր դոլարներ են յուրացվել, իսկ քաղաքացիները հայտնվել են փաստի առաջ։
Ի դեպ, տուժած քաղաքացիներից մեկը նախօրեին դատական կարգով բողոքարկել էր քննիչի՝ գործը կարճելու որոշումը, սակայն դատարանը, շատ զավեշտալի պատճառաբանությամբ, բողոքը մերժել էր։ Եվ միայն այն պատճառով, որ փաստաբանը շփոթվել և ստորագրված բողոքի փոխարեն անստորագիրն էր մուտք արել։
Չկարողանալով իրավական ճանապարհով որևէ արդյունքի հասնել, տուժած գորիսեցիները որոշել էին այս օրերին փակել Երևան-Գորիս մայրուղին, սակայն հասկանալով, որ այն ինչ-որ տեղ նաև ռազմավարական նշանակություն ունի, մտքափոխվել են և որոշել են բողոքը տեղափոխել Երևան։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին ԱԱԾ պաշտոնյայի ազգականներից տուժած 6 տասնյակից ավելի գորիսեցիները իրենց ընտանիքներով բողոքի ակցիա իրականացնեն նախագահական նստավայրի դիմաց»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: