«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից ճնշող մեծամասնության դեպքում: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ վիրահատություններ կատարող վիրաբույժի 65-ամյա հոբելյանի առթիվ զրուցել ենք նրա հետ հետաքրքիր մանրամասներով լեցուն կյանքի ու գործունեության մասին:
Ճարտարապետության փոխարեն ընտրեց բժշկությունը
«Բժիշկ դարձա պատահաբար»,- պատմում է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ով մանկության տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: Նրա հայրը՝ Բագրատ Սահակյանը ֆիզիկոս էր, Լենինի շքանշանակիր: Հավանաբար վերջինիս ընկերությունը բժիշկ Նիկոլայ Նասիբյանի հետ, ում անունն է կրում այժմ Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը, պատճառներից մեկն էր, թե ինչու էր նա հորդորում իր երեխաներին ընտրել ամենամարդասիրական մասնագիտությունը:
1969թ. Արտավազդ Սահակյանը հոր հետ գալիս է Երևան՝ հոր ուսուցիչ, այդ ժամանակ Ճարտարապետների միության նախագահ, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի մոտ 1 տարի որպես օգնական աշակերտելու, այնուհետև ճարտարագիտական ֆակուլտետ դիմելու նպատակով; Սակայն դպրոցը ոսկե մեդալով ավատելու հանագամանքով պայմանավորված հայրն օգտվելով առիթից առաջարկում է դիմել բժշկական ինստիտուտ: Արդյունքում ապագա վիրաբույժը հանձնելով ընդամենը մեկ քննություն ընտրում է բժիշկ դառնալու բարդ և պատասխանատու ուղին: Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն այժմ կրում է վաստակաշատ մանկավարժ Բագրատ Սահակյանի անունը: Բժիշկ դառնալու երազանքն իրականացրին նրա չորս երեխաներից երեքը: Սուսաննա Սահակյանը սրտաբան-թերապևտ է Նոյեմբերյանում, Արարատ Սահակյանը վիրաբույժ-պրոկտոլոգ է, աշխատել է հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում, իսկ Դավիթ Սահակյանը ֆիզիկոս է, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Իտալիայում, Չիլիում: Արդեն երկու տասնամյակ է, ինչ Դավիթ Սահակյանն աշխատում է Թայվանում, մասնագիտական տարբեր հետազոտություններ է իրականացնում: Մանկավարժ էր նաև Արտավազդ Սահակյանի մայրը՝ Արփիկ Էզդանյանը: Չընտրելով ճարտարապետությունը որպես մասնագիտացում, նրա աշխատանքի ոլորտը՝ պլաստիկ վիրաբուժությունն ու միկրովիրաբուժությունը, որոշակի զուգահեռներ ճարտարապետության հետ, այնուամենայնիվ, ունի: Ինչպես երկարամյա բժիշկն է խոստովանում՝ նրա գործունեությունը «մարմնի ճարտարապետությունն է» բառի բուն և փոխաբերական իմաստով:
1985 թվականի մարտի 14-ին կատարվեց մարմնի մասի առաջին փոխպատվաստումը
Նախորդ դարի երկրորդ կեսին հիմնադրված Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկը՝ Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, Արտավազդ Սահակյանի հաջողությունների մեկնակետն է: 1984թ. նա վերապատրաստվում է Մոսկվայի երկու բժշկական կազմակերպություններում ԽՍՀՄ միկրոանոթային վիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Վիկտոր Կռիլովի, ինչպես նաև ծագումով հայ անվանի մասնագետ Գեորգի Ստեփանովի ղեկավարությամբ:
Առաջադեմ և պահանջկոտ Վիկտոր Կռիլովն Արտավազդ Սահակյանին առաջարկում է Հայաստանում հիմնադրել պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության առաջին բաժանմունքը: 1985թ. երիտասարդ գիտնականների միութենական համագումարում պրոֆեսորը կրկին հիշեցնում է իր առաջարկի մասին՝ կշտաբմելով, որ Հայաստանում չկա միկրովիրաբուժական ծառայություն: ԽՍՀՄ առողջապահության նախկին նախարար, ակադեմիկոս Բորիս Պետրովսկուն դիմելուց հետո և նրա անմիջական միջամտությամբ, չնայած առկա խոչընդոտներին և այդ նախաձեռնությունը անիրական համարողներին, Արտավազդ Սահակյանը կազմակերպում է մեր երկրում պլաստիկ վիրաբուժության մասնագիտացված առաջին ծառայությունը:
«Առաջին տարին դժոխային էր, կտրում և կպցնում էին առնետների և ճագարների վերջույթները»,- պատմում է փորձառու միկրովիրաբույժը:
1985թ. Արտավազդ Սահակյանի ու իր նորաստեղծ բաժանմունքի թիմի մասնագետների կողմից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, որն այն ժամանակ կոչվում էր Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղ, կատարվում է մարմնի մասի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: 33 տարի առաջ կատարված վիրահատությունը բժիշկը հիշում է բոլոր մանրամասներով:
«Պացիենտը մասնագիտությամբ կահույքագործ Գնունի Հարությունյանն էր, ով վիրահատությունից մեկ տարի առաջ զրկվել էր աջ դաստակի բութ մատից»,- հստակեցնում է բժիշկը: Վիրահատությունը տևել է 12 ժամ․ առաջին 8 ժամերին նրան օգնել է անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը, իսկ հաջորդ 4 ժամերին նրան փոխարինել է վիրաբույժ Դերենիկ Գյուլումյանը:
Տասներկու ժամ անց «մարմնի ճարտարապետն» արդեն հերոս էր հիվանդանոցային միջավայրում, դրանից կարճ ժամանակ հետո արդեն նաև Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս: Առաջին վիրահատությունից հետո արժանացավ գործընկերների ծափահարություններին, անգամ նրանց, ովքեր իրեն առանձնապես չէին համակրում: 1985թ. կատարված վիրահատությունը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում, անգամ այս վիրահատության մասին հոդված տպագրվեց ռուսական «Իզվեստիա» թերթում: 1986թ. Ա․ Սահակյանը կատարել է քառասուն փոխպատվաստում, որոնցից հաջող է անցել երեսունինը: Սա այն դեպքում, երբ Համամիութենական մոսկովյան կենտրոնը կատարեց երեսուներեք փոխպատվաստում, որոնցից հաջողվեց միայն տասնյոթը: 1987թ. Ալեքսանդր Միքայելյանի հետ համատեղ կատարում են երիկամի առաջին փոխպատվաստումը: Ժպիտով է հիշում, որ հայ բժշկագիտության պատմության մեջ կարևոր այս վիրահատությանն այն ժամանակ որպես 15-ամյա սանիտար ներկա էր նաև ԵՊԲՀ ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
«Միքայելյանը հրաշալի վիրաբույժ էր, բարդ խառնվածքի տեր անձնավորություն, որպես վիրաբույժներ անսահման վստահում էինք միմյանց, իսկ ազգային ազատագրական շարժման հարցում գաղափարական հակառակ ճամբարներում էինք»,- նշում է Արտավազդ Սահակյանը:
Հաջորդիվ, ինչպես բժիշկն է բնորոշում, վիրահատությունների հիթ շքերթը մեկնարկեց: Ականավոր վիրաբույժի հետ շուրջ երկու ժամ տևած զրույցը պարբերաբար ընդհատվում էր անգամ շաբաթ օրը՝ նրա կարիքն ունեցող պացիենտների այցելություններով:
Կատարած պլաստիկ և միկրովիրաբուժական միջամտությունների վիճակագրական տվյալները հետագայում աննախադեպ աճ գրանցեցին: Թվերի հետևում, սակայն, ամենից առաջ մարդկային ճակատագրերն են, փրկված և ապաքինված հազարավոր հիվանդներ:
Երկրաշարժ և արցախյան գոյապայքար
Երկարամյա վիրաբույժի կենսագրության մեջ անջնջելի հետք է թողել նաև 1988 թվականը: Ծանր և բարդ տարի էր՝ արցախյան շարժում, սումգայիթյան դեպքեր, Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, այնուհետև` աղետալի երկրաշարժ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը բարդ վիրահատություն էր կատարում: Բժիշկը հիշում է, թե վիրահատության ժամանակ ինչպես են սկսվել վիրահատարանի պատերը ցնցվել, բայց ինքը չէր կարող լքել հիվանդին ու շարունակել է վիրահատությունը:
Արտավազդ Սահակյանը երիտասարդ տարիներից հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ է զբաղվել: Արցախյան ազատագրական պայքարի տարիները բժիշկը ազգային ազատագրական վերելքի տարիներ է համարում: Արցախյան գոյապայքարի տարիներին, առհասարակ պատերազմական իրավիճակներում բժշկության առջև դրված խնդիրներն անկանխատեսելի են, ուստի մշտապես պետք է պատրաստ լինել բարդագույնին: Այդ տարիներին բժիշկն ու իր թիմը կարողացան ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, մաշկալաթեր, որպեսզի արտակարգ իրավիճակներում, Երևանից հեռու ռազմաճակատում հնարավոր լիներ վիրահատություններ իրականացնել: Արցախյան գոյապայքարի առաջին օրվանից մինչև զինադադար, բժիշկը Հայաստանում և Արցախում պայքարող իր հայրենակիցների կողքին էր: Առհասարակ պատերազմական իրավիճակները նաև պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության սրընթաց զարգացման պատճառներից էին:
«Արցախ առաջին անգամ մեկնեցի 1990 թվականի ապրիլին սաֆոնովյան օկուպացման շրջանում: Թիմի կազմում էին Արամ Ղազարյանը, ով Լիոնում հայտնի վիրաբույժ է, Հովհաննես Էգերյանը, Վերոնիկ Ակուջյանը, և այլք»,- հիշում է վիրաբույժը: Բժշկական խմբի առաջին այցն Արցախ ուղեկցվում է խոչընդոտներով: Նրանց ձերբակալում են և միայն երկար բանակցություններից հետո թույլ տալիս այցելել Ստեփանակերտի մարզային հիվանդանոց:
«Վեց օր հիվանդանոցում գտնվելուց հետո հրաշքով դուրս պրծանք այնտեղից և վերադարձանք Երևան»,- հավելում է զրուցակիցս: Իրենց թիմի կազմում էր նաև Լիոնի ներկայիս քաղաքապետ Գևորգ Կեպենեկյանը: Նրա ղեկավարած բաժանմունքի աշխատակիցները պարբերաբար այցելում էին Մեղրի, Նոյեմբերյան, Արցախ և այլ ռազմական գոտիներ, համակարգում վիրավորների տեղաբաշխումը, կազմակերպում բուժօգնությունը: Ինչպես փաստում է վիրաբույժը՝ տուժածների մեծ մասի մոտ առկա էին դեմքի և վերջույթների վնասվածքներ: Ռազմական գործողությունների հետևանքով Արտավազդ Սահակյանը նաև անձնական կորուստ է ունեցել: Վիրավոր ազատամարտիկներին Երևան տարհանելիս ուղղաթիռի հրետակոծվելու հետևանքով 1993թ. ապրիլի 17-ին զոհվել է նրա զարմիկը՝ վիրաբույժ, ազատամարտիկ Արտակ Խաչատրյանը, ով մեկնել էր Շահումյանի շրջան: Նրա կինը` Արմինե Նալբանդյանը, փոխարինեց նրան պարտիզանական ջոկատում և մեկ տարի շարունակ մնաց ազատամարտիկների հետ Շահումյանի լեռներում: Վերջինս 1992 թվականից մինչ այժմ աշխատում է Երևանի հանրապետական հիվանդանոցի 2-րդ վիրաբուժական բաժանմունքում։ 2015թ. Արտակ Խաչատրյանի ծննդավայր Տաշիրի ավագ դպրոցն անվանակոչվեց արցախյան ազատամարտի հերոսի անունով: Երկու տարի առաջ Արմինե Նալբանդյանի և Արտակ Խաչատրյանի սիրո և կյանքի հետաքրքիր ու դրամատիկ պատմությանն էր նվիրված արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» հաղորդաշարի թողարկումներից մեկը:
Ամբողջությամբ՝ ysmu.am