«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը կարծում է, որ դեղերը դեղատոմսերով վաճառելը բարձրացնելու է դեղերի գինը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ փոփոխությունները նախանշված նպատակներին չեն հասնելու, փոխարենը՝ դառնալու են հավելյալ գումար աշխատելու միջոց.
«Իշխանությունների քայլերը պետք է ուղղված լինեն հասարակության բեռը թուլացնելուն, ոչ թե ավելացնելուն: Դեղերը դեղատոմսով վաճառելու ճանապարհով 3 տարի առաջ գնաց հարևան Վրաստանը, որտեղ որոշվեց, որ դեղերի որոշակի խմբաքանակ պետք է վաճառվի դեղատոմսով: Սակայն, դեղերն այնտեղ թանկացան, քանի որ ծանոթ-բարեկամ սկզբունքով բժիշկ էին գտնում, որն իրենց դեղատոմս տա, որպեսզի իրենց առևտուրը չտուժի: Դա արդյունավետ միջոց չէ, օգուտ չի բերելու։ Դեղը միանշանակ կթանկանա, քանի դեղատունը, դեղը վաճառելուց բացի, նաև բժշկին պետք է փող տա, որ իրեն դեղատոմս տա»։
Նա միտում է տեսնում՝ դեպի բժշկական ծառայություն ուղղորդելու. «Բժշկի խորհրդակցությունը նվազագույնը 5000 դրամ է: Բժիշկներից շատերը չեն ցանկանում ինքնակրթվել ու զարգանալ, բավարարվում են միայն նրանով, ինչ 20 տարի առաջ սովորել են: Մենք գիտենք նաև, որ Հայաստանում դեղամիջոցների ու բժշկական համակարգը խիստ վերահսկվում է մի քանի խմբի կողմից, որոնցից ամեն մեկն իր անձնական ու նեղ շահն է հետապնդում։ Դրա վառ օրինակն այն է, որ Հայաստանում գտնվող դեղերը խիստ անօգտակար են։
Նույն դեղերը, երբ ձեռք ենք բերում այլ երկրներից, ավելի արդյունավետ են գործում, քան Հայաստանում եղածները։ Թող մեր իշխանություններն ուշադրություն դարձնեն բուժսպասարկման որակի բարձրացմանը, համակարգը հագեցնեն որակյալ բժիշկներով և դեղամիջոցների շուկայում խիստ վերահսկողություն սահմանեն»։
ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ