Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով Հայաստանում Քաղաքաշինության պետական կոմիտեն քննարկում է արագ բազմաբնակարան շենքեր կառուցելու հնարավորությունները: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Առաջին և երկրորդ կարգի վթարային շենքերն անվտանգ են, սակայն դրանք անընդհատ պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Հայաստանում ունենք մոտ 400-450 երրորդ կարգի վթարային շենք, որոնք ենթակա են վերակառուցման: Չորրորդ կարգինների թիվը տատանվում է 20-30-ի մեջ: Դրանք բոլորն էլ պետք է քանդվեն: Երևանում գտնվող այդպիսի շենքերի խնդիրը քաղաքապետարանի միջոցների հաշվին լուծում է: Սակայն ունենք նման խնդիր նաև մարզերում»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ներկայում Ապարանում մեկ չորրորդ կարգի վթարային շենքի փոխարեն պետբյուջեի հաշվին նորն է կառուցվում: Սակայն վթարային շենքեր կան նաև Սյունիքում, Եղեգնաձորում և այլ վայրերում: Դրանք պահանջում են շատ մեծ ֆինանսական միջոցներ: Խնդրի լուծման նպատակով կոմիտեն քննարկում է բազմաթիվ լուծումներ:
«Մենք մտածում ենք երաշխիքներով վարկային միջոցների հաշվին ցածրահարկ շենքեր կառուցելու մասին: Քննարկում ենք նաև նոր գործարան ստեղծելու հարցը, որը հնարավորություն կտա արագ բազմաբնակարան շենքեր կառուցել: Այդ շենքերում 1 քմ-ի արժեքը չի գերազանցի 300 դոլարը: Դրանք կառուցվում են արտաքին մասից բետոնե շապիկի մեջ ամրացված պենոպլաստներով: Այդ տեխնոլոգիան շատ է կիրառվում»,- ասաց կոմիտեի նախագահն ու հավելեց, որ արագ բնակելի շենքեր կառուցելու խնդիրը տարածված է աշխարհում, և այն իրենց մշտական ուշադրության կենտրոնում է: