Իրական հերոսը նա չէ, ով ոտքի մեկ հարվածով էկրանից փրկում է աշխարհը: Հերոսը նա է, ով իր գործն է անում, պաշտպանելով իր երկիրը: Այդպիսի մարդ է եղել Ստանիսլավ Պետրովը: Նրան քչերն են ճանաչում, բայց նրա շնորհիվ աշխարհը խուսափեց 3-րդ համաշխարհային պատերազմից:
1983 թ. սեպտեմբերի 26-ին նա մարտական հերթապահության էր գաղտնի Серпухов-15 զորամասում: Այնտեղից խորհրդային ուժերը հետևում էին ամերիկյան ռազմական շարժին: Եվ ահա, ռադարների էկրաններին է հայտնվում հաղորդագրություն, որ ԽՍՀՄ ուղղությամբ շարժվում են մի քանի բալիստիկ հրթիռներ: «Սառը պատերազմի» ամենաթեժ ժամանակահատվածում հակամարտող կողմերը միմյանցից ամեն ինչ սպասում էին, և սովորական սպայի վճռորոշ քայլը փրկեց աշխարհը:
Ստանիսլավ Պետրովը երկար ժամանակ չէր պատմում այդ մասին, նույնիսկ կնոջը: Բայց 10 տարի անց ճակատագրական գիշերվա մասին խոսեցին բոլորը:
Դրամատիկ պատմությունը լույս աշխարհ եկավ գերմանացի լրագրողների շնորհիվ: Նրանք պատմեցին, որ աշխարհը կործանումից փրկած հերոսը ապրում է չքավորության մեջ և օգնության կարիք ունի: Միայն այդ ժամանակ Ստանիսլավ Եֆգրաֆովիչը պատմեց այդ օրվա մասին:
Հերթապահության ժամանակ նկատել է, թե ինչպես է ԱՄՆ կողմից մոտենում նախ մեկ հրթիռ, ապա՝ ևս մի քանիսը: Ըստ հրահանգավորման, նա անմիջապես այդ մասին պետք է հայտներ երկրի ղեկավարին, այն ժամանակ՝ Անդրոպովին, որն իր հերթին կհրամայեր պատասխան հարված հասցնել: Դա կարելի էր համարել 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
Պետք է շնորհակալ լինենք ճակատագրին, որ այդ գիշեր հերթապահում էր հենց Պետրովը, քանի որ հերթապահության էր ամիսը մի քանի անգամ: Լինելով գլխավոր վերլուծաբան, նա միանգամից հասկացավ, որ սա համակարգի խափանում է, և հրթիռների մեկնարկը մեկ բազայից անիմաստ է: Սպան անմիջապես ներքին հեռախոսով կապ է հաստատում ղեկավարության հետ, տեղեկացնելով, որ տեղի ունեցածը համակարգի խափանման հետ է կապված: Եթե նա այդպես չվարվեր, ապա պատասխան հրթիռը կես ժամից կհասներ ԱՄՆ:
Ստանիսլավին փրկեց ինտուիցիան: Իր վրա վերցնելով պատասխանատվությունը, չսխալվեց… Ավելի ուշ պարզ դարձավ, որ վտանգավոր ազդանշանը արևային ճառագայթների պատճառով է եղել, որոնք երևակվել են արբանյակի տվիչների վրա: Իրականում ոչ մի հարձակում էլ չէր եղել: Ավելին, Ստանիսլավ Պետրովը նկատողություն ստացավ մարտական մատյանը չլրացնելու համար: Ղեկավարությունը գովասանքի խոսքեր չշռայլեց:
Միայն 2006-ին Պետրովը ստացավ մրցանակ: Նյու Յորքում նա մեդալ ստացավ՝ «Մարդ, որը փրկել է աշխարհը միջուկային պատերազմից»: Բացի դրանից, նրան մեդալներ են շնորհել Բադեն Բադենում և Դրեզդենում:
Ստանիսլավ Պետրովն իրեն երբեք հերոս չի համարել: Իր սխրանքից հետո հեռացել է Серпухов-15-ից հանգստի, քանի որ լարված գիշերը «ծերացրեց» հերոսին: 1990 թ. շինարարությունում պահակ է աշխատել:
2017 թ. մայիսին Ստանիսլավ Պետրովը կնքեց իր մահկանացուն: Նրա մահվան, ինչու չէ, նաև կյանքի մասին, ոչինչ չի խոսվել: Նույնիսկ մարտական ընկերները 4 ամիս հետո են իմացել, որ մահացել է:
Ահա այսպես աննկատ է անցել իրական հերոսի կյանքը: Նա իր ճիշտ որոշմամբ փրկել է աշխարհը կործանումից: Ո՞վ իմանա, թե ինչ կլիներ հիմա, եթե այդ ճակատագրական գիշերը Ստանիսլավ Պետրովի փոխարեն մարտական հերթապահ լիներ մեկ ուրիշը:
yandex.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը