Խորհրդային տարիներին էլ է Հայաստանից արտագաղթ եղել։
«Էն ժամանակ տարբերություն չկար. քաղաքացին հայ է, թե բելառուս, բոլորն անվանվում էին սովետական քաղաքացի»,- տարբերությունն է բացատրում Ափնագյուղի 81- ամյա բնակիչ Հակոբ Բարիկյանը։
Նա հիշում է՝ ժամանակին ինքն էլ է ռուսաստաններում վարորդ աշխատելով գումար վաստակել։ Եւ այդ ժամանակահատվածը քիչ չի եղել՝ 11 տարի։ 36 տարեկանում անգամ մտածել է ընտանիքով հաստատվել Ռուսաստանում, բայց որոշումն իրագործել չի հաջողվել։
«Հերս չթողեց»,- ծիծաղում է։
Եթե երիտասարդ լիներ, հիմա չէր մեկնի Ռուսաստան արտագնա աշխատանքի. «Այն ժամանակ յուրաքանչյուր գործողություն անելու համար քո հասանելիքը տալիս էին, հիմա այդպես չէ…»
Գուցե նաեւ սա է պատճառը, որ վերջին տարիներին գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է։ Բայց գնացողին Հակոբ Բարիկյանը չէր մեղադրի։ Գյուղացին տեր չունի։
«Կաթը տանում են 120 դրամով, իսկ կարագն ի՞նչ արժե՝ 3000 դրամ ։ Այդպես չի՞… Միսը շուկայում ի՞նչ արժե… 3000-4000 դրամ։ Վերավաճառողները տանում են 2000- 2100 դրամով »,- պատմում է նա։
Ափնագյուղը խոշորացված համայնքներից մեկն է, որը նոյեմբերից ընդգրկված է Արագածոտնի մարզի Ապարան համայնքային փնջի մեջ։
Հակոբ Բարիկյանը կասկածում է , որ սա կնպաստի գյուղի զարգացմանը. «Ափնան 150 տնտեսություն ունի, 800 հեկտար վարելահող ։ Դրա շահույթից մեզ ոչինչ չի հասնի, գնում է կենտրոն»,-նշում է Հակոբ Բարիկյանը՝ նկատի ունենալով մարզկենտրոն Ապարանը։
Ամբողջությամբ՝ «Ա1+» կայքում: