Խուճապ բնակիչների շրջանում և պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը
Advertisement 1000 x 90

Խուճապ բնակիչների շրջանում և պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Կառավարության՝ դեղերը դեղատոմսերով բաց թողնելու մասին որոշման հրապարակումից հետո Հայաստանի բնակիչների շրջանում խուճապ է սկսվել, նրանք դեղատներում անխտիր ամեն ինչ գնում են, և սա կապված է նաև Առողջապահության նախարարության (ԱՆ) սադրիչ գործողությունների հետ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Վագա Ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին «Վագա Ֆարմի» ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրի (դեղատնային ցանցում) շրջանառությունը կրկնակի աճել է:

Ընկերության ղեկավարի պարզաբանմամբ՝ քաոսի պատճառը  ԱՆ պաշտոնյաների սադրիչ մեկնաբանություններն են և ԱՆ-ի պարտադրանքը դեղատներին՝  փակցնել  հայտարարություն՝ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման համաձայն դեղերը դեղատոմսերով բաց թողնելու մասին: Այսինքն՝ այդ հայտարարությունների համաձայն՝ փետրվարի 28-ից  հետո անհնար կլինի դեղատոմսային ցուցակից որևէ դեղի բաց թողնումը՝ առանց սահմանված ձևի դուրս գրված դեղատոմսի: «Այժմ ԱՆ-ի նույն պաշտոնյաները  ձևացնում են, թե նահանջել են. ընդունվել է որոշում պարտադիր դեղատոմսերը փուլային ներդնելու մասին՝ մի մասը պետք է ուժի մեջ մտնի մարտի 1-ից, ապա  երկրորդ մասը՝ հուլիսի 1-ից, մնացյալ բոլորը՝ հոկտեմբերի 1-ից: Սակայն որևէ իրավական ակտ դրա վերաբերյալ մինչ այս պահը գոյություն չունի, իսկ հոկտեմբերի 1-ը սարերի ետևում չէ»,- ասաց Վահե Վարսանյանը և հավելեց, որ այս հայտարարությունները մարդկանց մոլորության մեջ են գցում և քաոս ստեղծում: Բնակչությունը հիմա մի քանի ամսվա պաշարի դեղ է գնում, ընդ որում՝ ոչ միայն այն դեղերը, որոնք մարտի 1-ից դեղատոմսերով են բաց թողնելու, այլև կարդիոդեղամիջոցները, ճնշման դեղերը, ցավազրկողները, ինչպես նաև առանց դեղատոմսերի դեղերը: Ինչ վերաբերում է հորմոնալ դեղամիջոցներին, ապա վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող մարդիկ դրանք գնում են 10-15 տուփով, և դեղատներում արդեն այս դեղերի դեֆիցիտ է զգացվում:

Ի պատասխան հարցին՝ բիզնեսին ձեռնտու չէ՞ վաճառքի նման ալիքը, ընկերության ղեկավարը նշեց, որ պղտոր ջրում ձուկ որսացողին դա ձեռնտու է, սակայն երկարաժամկետ հեռանկարում՝ ոչ: Նրա խոսքով՝ մարդիկ հիմա դեղեր են գնում և անգամ գներին չեն նայում, և դրանից որոշ սուբյեկտներ կարող են օգտվել: «Բայց այդ, փողը մարդկանց ձեռքին երկնքից չի հայտնվել, նրանք ստիպված կլինեն ինչ-որ մի ուրիշ բանի վրա գումար խնայել, իսկ դեղատներում վաճառքն անկում կունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի բնակիչներն առանց այն էլ դեղերի վրա շատ քիչ են ծախսում: Այսպես՝ եթե ԱՄՆ-ում բնակչության մեկ շնչի հաշվով դեղերի օգտագործումը տարեկան կազմում է 800 դոլար, եվրոպական երկրներում՝ 400-700, Ռուսաստանում՝ 100 դոլարից ավելի, ապա Հայաստանում՝ ընդամենը 40 դոլար:

Ինչ վերաբերում է բուն դեղատոմսերին, ապա Վահե Վարսանյանը հիշեցրեց, որ բազմակի օգտագործման դեղատոմսերը կարելի է օգտագործել ընդամենը 6 անգամ, իսկ սա շատ քիչ է քրոնիկական հիվանդների համար՝ հաշվի առնելով, որ շատերը դեղերը հատով են գնում: Դրանից բացի, մի ձևաթղթի վրա բժիշկը կարող է 2 դեղ գրել, և անհասկանալի է՝ ինչպե՞ս են վարվելու, եթե նույն դեղատանը այս դեղերից մեկը չունենան: Այսինքն՝ եթե մարդը գնում կատարի տարբեր դեղատներում, ինչպե՞ս են վարվելու դեղատոմսի հետ: «Կան այսպիսի մանրուքներ, որոնք հաշվի չեն առնվել»,- ասաց նա:

Դեղագործական ընկերության ղեկավարը Երևանի օրինակով ցույց տվեց, որ բուժհաստատությունները ի վիճակի չեն լինի հիվանդների հոսքին սպասարկել և անհրաժեշտ քանակությամբ դեղատոմսեր դուրս գրել: Այսպես՝ «Վագա Ֆարմի» հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքի պոլիկլինիկաները կարող են դուրս գրել ամսական 1000 դեղատոմս: «Երևանում 25 պոլիկլինիկա կա, ասենք՝ ևս 10 հիանդանոց և մի քանի մանր բուժհաստատություններ: Ենթադրենք, որ նրանք բոլորը միասին կարող են դուրս գրել ամսական 50 հազար դեղատոմս»,- ասաց նա: Ըստ որում՝ քաղաքում կա 700 դեղատուն: Եթե նույնիսկ  չհաշվենք 700-ից 200 փոքրերը, այլ միայն  500-ը, և հաշվենք, որ դրանցից յուրաքանչյուրը ամեն օր բաց է թողնում դեղատոմսով  նվազագույնը 100 տուփ դեղ, ապա ամենակոպիտ  հաշվարկով ստացվում է ամսական 1 500 000 տուփ դեղատոմսով դուրս գրված դեղ:

«Մեր բուժհաստատությունները նման թողունակություն չունեն, որպեսզի այսպիսի քանակությամբ դեղատոմսեր ապահովեն: Եվ սա առաջին խնդիրն է: Երկրորդն այն է, որ հիմա արդեն այդ բժիշկները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, իսկ նրանց աշխատավարձերն ավելի ցածր են, քան հավաքարարներինը: Ժողովուրդը դեռևս 50 տարի էլ պիտի արտագաղթի, որպեսզի ունեցած բուժանձնակազմի և պոտենցիալ հիվանդների միջև հավասարակշռություն ստեղծվի: Այսինքն՝ մենք անհրաժեշտ թվով բժիշկներ չունենք, երկրորդ՝ պետությունը չի կարող նրանց նորմալ վճարել: Եվ նման պայմաններում այս քայլին դիմելը շատ մեծ արկածախնդրություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց դեղատները դեղատոմսերով դեղերը բաց թողնելու ոչ մի խնդիր չունեն, նրանք դրան պատրաստ են, սակայն դրան պատրաստ չէ առողջապահության ամբողջ համակարգը: Եվ իրեն հասկանալի չէ այս հարցում կառավարության ծայրահեղ մոտեցումը, ներառյալ սահմանված տուգանքները։

Այսպես՝ սխալ դուրս գրված դեղատոմսի համար բժիշկները կտուգանվեն 5 հազար դրամով, նման գործողությունը կրկնվելու դեպքում՝ 10 հազար դրամով: Նույնպիսի տուգանքներ են սահմանվում դեղատների աշխատակիցների համար, եթե առանց դեղատոմսի դեղ բաց թողնեն: «Երբ մենք բարձրացնում ենք այս տուգանքների հարցը, մեզ ասում են՝ ոչինչ, թող լինի, թող վարժվեն: Եվ բերում են անվտանգության ամրագոտիների օրինակը, երբ տուգանքների պատճառով վարորդները սկսեցին ամրագոտիները կապել: Սակայն սա ճիշտ օրինակ չէ, քանի որ այդ ամրագոտին մեքենայի մեջ կա, և մարդուն կարելի է ստիպել այն կապել: Իսկ մեզ մոտ ե՛ւ բժիշկները քիչ են, ե՛ւ մարդիկ փող չունեն: Անընդհատ խոսում են ինքնաբուժության մասին, բայց չէ՞ որ այնպես չէ, որ մարդիկ այնքան փող ունեն, որ մեծ քանակությամբ դեղեր են գնում, և սա բացասական ազդեցություն է ունենում: Հակառակը՝ ժողովուրդը գնում է բժշկի նշանակած դեղերի նվազագույն քանակությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին հարցը չլուծած, հիմք չստեղծած՝ կառավարությունը մտածում է միայն տուգանքների և այն մասին, թե ինչպես մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծի:

Մասնագետի կարծիքով՝ այս ամենն արվում է արտասահմանյան կազմակերպություններին ցույց տալու համար, որ մենք ընթանում ենք զարգացած երկրների ճանապարհով: Եվ այս գործի համար դրամաշնորհներ ու վարկեր են ստացել, որոնք արդեն մսխսել են: Սակայն այս ամենը լավ է զարգացած երկրների համար, բայց ոչ Հայաստանի, որտեղ բնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության սահմանից անդին:

Վահե Վարսանյանը կարծում է, որ ԱՆ և Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործողություններն ամենևին թելադրված չեն բնակչության առողջության մասին մտահոգությամբ, այլ ուղղված են լրացուցիչ դժվարություններ ստեղծելուն:

«Մենք ամեն օր տեսնում ենք, որ առողջապահության նախարարությունը և դեղգործակալությունը իրենց կաշվից դուրս են գալիս, որպեսզի թանկացնեն բժշկությունը, հատկապես դեղերի գները, և բարդացնեն որակյալ ու մատչելի դեղերի հասանելիությունը։ Նրանց բոլոր նախաձեռնությունները կործանարար են և միտված են մեր քաղաքացիների կյանքը դժվարացնելուն, չարչարանքները շատացնելուն»,- ասաց Վահե Վարսանյանը։

med.news.am