Լոռուց գրում է Սևակ Խանաղյանի հարևանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Լոռուց գրում է Սևակ Խանաղյանի հարևանը. hraparak.am

Սևակ Խանաղյանը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում։ Այդ գյուղում ունեմ մտերիմ մի մարդ, ով ուշի ուշով հետևում է իմ ամեն մի տողին ու անմիջապես արձագանքում։ Երբ գրեցի Սևակի մասին «Ինչու՞ չես խոսում հայերեն» վերտառությամբ հոդվածը, անմիջապես նամակով արձագանքեց։ Նրա մտորումները հետաքրքիր են՝ ընթերցողին ներկայացնելու համար։

Petakchyan Vahan

Այսօր կարդացի քո նյութը Սևակ Խանաղյանի մասին։ Շատ գեղեցիկ էիր նկարագրել մեր բնությունը։ Արձագանքում եմ, որովհետև Սևակը իմ հարևանն է եղել՝ նախքան Ռուսաստան գնալը։ Նրա հայրը երաժշտական հրաշալի ձիրքով էր օժտված, շատ լավ նվագում էր։ Մայրս է նրա ուսուցչուհին եղել։ Համամիտ եմ, Սևակը վարժ չի արտահայտվում հայերենով, բայց դրա համար կա ավելի խորքային պատճառ, ցավալի բաց՝ ինչու, ինչու՞ են նրանք ընտանիքով մեկնել Ռուսաստան։ Կարծում եմ հասկանալի է՝ ոչ բարվոք կենցաղային պայմաններ ունենալով են թողել ու հեռացել։ Շատ դժվար ու ծանր է թողնել ու գնալ օտար ափեր։ Եթե այսօր մեր սևակները ռուսերեն կամ այլ լեզվով են արտահայտվում, ամենից ինչից առաջ մեղավորը պետությունն է։ Քանի՜- քանի՜ սևակների նմաններին ենք ճանապարհում օտար ափեր ու քանիսն են գնում անվերադարձ, իսկ երբ դառնում են հայտնի, նշանավոր, այդ պահին մեր հանրությունը, մենք կուրծք ենք ծեծում՝ թե տեսեք՝ մերն է հայը և ցավում ենք, որ մայրենի լեզվով չի կարողանում կամ չի խոսում։ Պետությունն արդեն տեր է կանգնում։ Իսկ ու՞ր էր մեր հարգարժան պետությունը։ Ինչու՞ պետք է ի սկզբանե սևակները չհետաքրքրեին մեր պետությանը։

Այսօր Հայաստանը հիմնականում ներկայացնում են մարդիկ, ովքեր այստեղ չեն կարողացել յոլա գնալ, ստիպված հայրական տունը թողել, գնացել են։

Ակամա հիշեցի մի փոքրիկ դեպք, որը պետության կայացման առումով դաս է․

Եղբորս մահից հետո վիճակն այնպիսին էր, որ եղբորս ընտանիքը բռնեց արտագաղթի ճանապարհը։ Եղբորս կինը փորձեց դրսում ապաստան գտնել իր երկու բալիկների հետ՝ փախստականի կարգավիճակով, մեկը առաջին դասարանում էր, մյուսը՝ յոթ տարեկան չկար։

Գերմանիայում էին, ես էի տարել։ Երեխան դպրոց էր գնում, սակայն դեռ մնալու իրավունք չունեին։

Այնպես ստացվեց, որ նրանց մերժեցին, պիտի հետ գային։

Եղբորս տղան դպրոց էր հաճախում։ Ուսուցչուհին հաճախ էր նկատում, որ փոքրիկը գլուխը դնում սեղանին ու քնում է։ Հարցնում է՝ ի՞նչ է եղել։ Տղան ասում է, որ շատ շուտ է խնդիրը գրել, ձանձրանում ու քնել է։ Ուսուցչուհին զարմանանում ու ավելի բարդ խնդիր է տալիս։ Որոշ ժամանակ անց նկատում է, որ Վարդանը ննջում է։ Ժամանակից շուտ էլի գրել էր։

Երբ արդեն պարզ է դառնում իրենց վերադարձի օրը, Վարդանը գնում է դպրոց՝ տխո՜ւր, տխու՜ր․․․ Ուսուցչուհին նկատում է նրա տխրությունը, մոտենում, շոյում է գլուխը և կամաց հարցնում՝ ինչ է եղել։ Տղան ասում է, որ երկիրը իրենց հետ է ուղարկում Հայաստան։

Ուսուցչուհին մի պահ զարմանում է, ներողություն խնդրում դասարանից ու դուրս գալիս։ Մի քանի րոպեից վերադառնում է տնօրենի հետ, ցույց տալիս Վարդանին և զայրացած պահանջում երկրի կանցլերի ներկայացուցչին։ Քիչ անց գալիս է երկրի ներկայացուցիչը։ Ուսուցչուհին զայրացած հարցնում է՝ մեզ հարկավո՞ր չեն գիտուն մարդիկ՝ թեկուզ օտար ազգությամբ և պատմում է տղայի խելացիության մասին։ Կանցլերի ներկայացուցչի ներկայությամբ երկրորդ դասարանի խնդիր է տալիս փոքրիկին, նա անմիջապես լուծում է։ Ներկայացուցիչը՝ շոյելով տղայի գլուխը, հանձնարարական է տալիս՝ բնակվելու կեցություն տալ ու այդպես եղբորս ընտանիքը մնում է Գերմանիայում։

Երբ ես վերադառնում էի Հայաստան, փոքրիկին ասացի՝ բալես, մամայիդ հանձնում եմ քեզ, լավ կնայես։ Տղան գոռաց՝ հոպար, մի գնա, անխիղճ հոպար, մի գնա․․․ Մտածում էի՝ մի՞թե Հայաստանում հարկավոր չէ գիտուն երեխան․․․

Հիմա Վարդանը մեծ է, հայտնի, հայոց ցեղասպանության վերաբերյալ լուրջ նյութեր է գրում, Գերմանիայի հանրագիտարանում իր ուրույն տեղն ունի․․․ Արդեն հիշում են, որ հայ է․․․

ՀԳ Ի՞նչ կարելի է պատասխանել մի մարդու, ում աղջիկներն արդեն օտար ափերում են։ Տաղանդավոր ու․․․ օտար ափերում․․․ Մեզ պե՞տք չեն գիտուններ։ Իրոք ցավալի ու ողբալի հարց։ Սա սևակների ծնողների համատարած ողբ է։

hraparak.am