Մոտ տասը տարի առաջ ճանապարհային ոստիկանությունը սկսվեց «ամրագոտու հետ ծանոթացման» գործընթացը: Տևական ժամանակ ամրագոտի չօգտագործելու համար ոստիկանությունը ինտենսիվորեն տուգանում էր վարորդներին: Այդ օրերին գրեթե բոլորը սկսեցին օգտվել ամրագոտուց: Չեմ ուզում հավատալ «մինչև մարդկանց գրպանին չկպչես, բան չի փոխվի» մտքին, սակայն այս դեպքում իսկապես աշխատեց:
Ընդ որում, արհեստականորեն իրականություն ներմուծված միտքը, հատկապես ուժի ադեցությամբ գործարկվածը, հաճախ կորցնում է ազդեցությունը, երբ ազդող ուժը թուլանում է: Տասը տարի անց, երբ նստում եմ տաքսի ու գցում ամրագոտին, վարորդն ասում է՝ «Դրա հարկը չկա, կարող ես չգցել», իսկ ես ասում եմ՝ «պետք է»: Ընդհանրապես, այս և երթևեկությանը վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ գուցե համատարած չլինեին, եթե համատարած չլիներ վարորդական իրավունք ստանալու գործընթացում դրսևորվող կոռուպցիայի առկայությունը: Վստահաբար շատերդ եք լսել, թե ինչպես են «առել պռավան»:
Ընկերներից մեկը շատ պարզ ու դիպուկ արտահայտեց Երևանի երթևեկությանը վերաբերող գլխավոր աբսուրդը. «Փողով «պռավաներ» բաժանեցին, «կամեռաներ» շարեցին, հիմա էլ մեշոկով գումար են գանձում նույն վարորդներից»: Ընդ որում, որտեղ արագաչափ կամ տեսախցիկ չկա, վարորդների մի մասը սկսում է սարսափելի վարել. «փողոցը դառնում է գազանանոց»: Մյուս կողմից, օրինապահ վարորդները շեշտում են, որ օրենքը պետք է պահեն ոչ միայն իրենք, այլև՝ հետիոտները և ճանապարհային ոստիկանության աշխատողները:
Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցները պետք է պատասխանատվություն կրեն: Միայն նման պայմաններում հնարավոր կլինի կարգավորել երթևեկությունը, որից բողոքում են գրեթե բոլորը: Հարկավոր է նվազեցնել վթարների և դժբախտ պատահարների սարսափելի վիճակագրությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված է, օրինակ, հետիոտիներին սպասվող տուգանքների չափերը՝ կանոնների խախտման դեպքում: Սակայն մինչ այժմ ոստիկանությունը աչք էր փակում հետիոտների կողմից արձանագրվող խախտումների վրա: Իրավիճակը սկսել է փոխվել օրերս. օրենքի այս կետի իրագործմանն են ձեռնամուխ լինում ՃՈ ոստիկանության աշխատողները:
Երևանի փողոցներում ՃՈ ոստիկանության աշխատողները հայտնաբերում և տուգանում են կարգազանց հետիոտներին: Եթե ուղիղ չմեջբերենք օրենքը, այլ ավելի խոսակցական լեզվով ասենք, ապա՝ եթե «զեբռայով» անցնեք, բայց կարմիրի տակ, ապա ձեզ կարող են տուգանել երեք հազար դրամով, եթե փողոցը հատեք կամայական տեղից, ձեզ կարող են տուգանել հինգ հազար դրամով: Ընդ որում, եթե ձեզ մոտ կա անձնագիր, տուգանքը տեղում են ձևակերպում, եթե չկա, ստիպված եք լինելու ոստիկանության բաժին այցելել:
2017 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների մեկ երրորդը եղել են հետիոտնի վրաերթեր: Դրանց մեծ մասի պատճառը եղել են հետիոտնի կողմից օրենքի պահանջներին չենթարկվելը: Եկեք պահպանենք օրենքը, մեր և մյուսների առողջությունն ու նյարդերը: