«Իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը»
Կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը ծառայում է հատուկ նշանակության ջոկատում: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նախընտրում է դառնալ պայմանագրային զինծառայող: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ:
«Այդ ժամանակ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին: Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին և միայնակ մարտի բռնվեցի: Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց»,- պատմում է Ռազմիկ Գասպարյանը և նշում, որ հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է իրեն շփոթեցնել և գերի վերցնել:
«Նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին՝ արի ախպեր, ես հարցրեցի, թե մեր տղաները որտեղ են: Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա»,-պատմում է կրտսեր սերժանտը:
Ռազմիկ Գասպարյանն ասում է, որ թաքստոցից նկատել է, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն իրեն նշանառության տակ է վերցրել և այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների է դիմել:
«Միանգամից վերցրեցի զենքս և նրանցից մեկին սպանեցի, որից հետո բոլորը պառկեցին: Այդ ընթացքում ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին և հեռացանք: Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, այնպիսի դիրք ընդունեցի, որ թշնամին չիմանա՝ որտեղ եմ և այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկացնել»,-ասում է Ռազմիկ Գասպարյանը և շարունակում․
-Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք: Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի նման իրենց հրետանին թափվում էր գյուղի վրա: Զինվորներ ունեինք, որ մինչև վերջին կաթիլ արյունը մնացել էին խրամատի մեջ:
Կրտսեր սերժանտն ասում է նաև, որ մարտական ընկերներին շրջափակումից հանելու, Թալիշ մտած ադրբեջանական հետախուզական հատուկ խմբին ետ մղելու, հրամանատարին փրկելու համար պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Ռազմիկ Գասպարյանին հաջողվել է նաև անցնել սահմանն այն կողմ և մարտական ընկերների հետ հայկական տարածք բերել ադրբեջանական տեխնիկան:
«Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի տարածք, բայց մերոնք կրակել էին, տեխնիկան թողել, գնացել էին: Գիշերը մտանք «Ուրալ»-ը բերեցինք»,-ասում է նա և նշում պատերազմի ամենակարևոր ձեռքբերումը:
«Ես կարողացել եմ իմ մարտական ընկերոջը փրկել՝ թեկուզ իմ կյանքը վտանգելով: Սա իմ անձնական ձեռքբերումն է։ Քառօրյա պատերազմի ժամանակ իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը: Նա իմ ընկերն է եղել, իմ մարտական ընկերը: Ինձ ցավալի էին բոլորի կորուստը, բայց երբ կորցնում ես քո ընկերոջը, դա կրկնակի ցավ է»,-նշում է նա:
Ռազմիկ Գասպարյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է: Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է հատուկ նշանակության ջոկատում: 26-ամյա երիտասարդն ասում է, որ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակելու է ծառայել հայրենիքին: Ռազմիկն այժմ զբաղեցնում է ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնը: