Տարիներ առաջ էր։ Փոքրիկս աղիքային ինֆեկցիա ուներ՝ շատ ծանր վիճակում, հույսներս կտրած։
Խորհուրդ տվին, որ Երևան բերեմ․ դե, էնտեղ մասնագիտացված հիվանդանոց կա,- ասացին,- մասնագետները գուցե մի բան անեն։ Աշխարհից կտրված մեր քաղաքում ի՞նչ պիտի անեն։
Եկա Երևան, նոր հասկացա, որ ուղեգիր էր պետք, բայց որոշեցի հնարամտությամբ «հիվանդանոց ընկնել»։ Երեխան այլևս վիճակ չուներ՝ սպասելու։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ընկնելը շատ բարդ գործ էր։
Փոքրիկին առա ու հայդե՜ հիվանդանոց՝ տնօրենի մոտ։ Տնօրենին ասացի, որ առողջապահության նախարարի քույրն եմ, ինքը անպայման կզանգի։ Մի տեսակ շատ շուտ հավատաց, այնքան, որ ինքս ինձ ասացի՝ էս ի՜նչ միամիտ մարդ է․․․ Անմիջապես մասնագետներ կանչեց և․․․ գործընթացը սկսվեց։ Նշանակումներն արեց ու ասաց՝ այսքանով հանդերձ ամեն ինչ քեզանից է կախված, ուժերդ հավաքիր․․․
Ամիսներ անց, երբ փոքրիկը ոտքի կանգնեց, մտածեցի՝ գնամ Երևան, համ շնորհակալություն հայտնեմ, համ էլ ճշմարտությունն ասեմ։ Ջերմ ընդունեց, շատ ուրախացավ, որ փոքրիկը լավացել է (ես էլ մտքումս ասացի՝ ինչ լավ բան է է՜ նախարարի քույր լինելը), վերջում ասացի․
-Մի բան եմ ուզում ասել, բայց․․․
Սկսեցի կմկմալ, մի տեսակ դժվար էր ասելը․․․
Խորամանկ ծիծաղեց․
Գլխի շարժումով հավանության նշան արի։
-Նույն պահին էլ իմացել եմ,- ժպտաց։
-Ինչպե՞ս,- զարմացա։
-Առողջապահության նախարարը քույր չունի։
-Բայց դուք ոչ մի ձևով ցույց չտվիք,- կմկմացի։
-Գիտե՞ք, մայրը իրավունք ուներ նման բան անելու,- ես ձեզ հասկացա․․․
Հասմիկ Բաբաջանյան
hraparak.am