ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի 13 համայնք փողոցային լուսավորություն ունի։
Լուսավորությունն իրականացվել է «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի շրջանակում։
Լրագրողների հետ զրույցում Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ էներգախնայող համակարգի հիման վրա գործող արտաքին լուսավորությունն այժմ հասանելի է համայնքի 13 բնակավայրի համար։ Նա նշեց, որ անցած մեկ տարում այս ծրագիրը Մեղրի համայնքում կատարված աշխատանքներից ամենաառարկայականն էր։
«Տեղադրվել է 250 լեդ-լույս, որոնք ապահովում են ավելի լավ և որակյալ լուսավորություն և էներգախնայող են։ Համայնքի բյուջեի ծանրաբեռնվածությունը համարյա չի ավելացել, որովհետև այդքան լեդ-լուսարձակ ոչ միայն ավելացվել է, այլև հները փոխարինվել են։ Հին լուսարձակները դեռևս խորհրդային ժամանակներից էին մնացել և արդեն անարդյունավետ էին։ Այսպիսով, ծրագրի բնապահպանական բաղադրիչը թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, այլև աշխուժացնել համայնքային կյանքը և լուծել գիշերային ժամերին անվտանգ երթևեկելու խնդիրը, ինչն առավել կարևոր է սահմանամերձ գյուղերի պարագայում»,- շեշտեց համայնքի ղեկավարը։
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց, որ ծրագրի շնորհիվ համայնքում նկատվում են դրական փոփոխություններ։
«Կարծում եմ, որ բնակչության կյանքի որակը սկսել է բարելավվել, և հաջորդ հանդիպմանն այս տարածքում առավել բարելավված բնակավայրեր կտեսնենք։ «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ սոցիալ-տնտեսական և բնապահպանական։ Տեսակարար կշռով բնապահպանական մասը շուրջ 60 տոկոս է կազմում, իսկ սոցիալ-տնտեսականը՝ 40։ Մեղրի խոշորացված համայնքը լավագույնն է, որի հետ մենք համագործակցում ենք, և մեր աշխատաքները շատ արդյունավետ ու լավ են ստացվում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Ծրագիրը դեռ շարունակվելու է երկուսից երեք տարի և ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ և՛ սոցիալ-տնտեսական, և՛ բնապահպանական ոլորտներում պետք է ունենալ էական, շոշափելի արդյունքներ։
Ագարակ և Մեղրի քաղաքներում համապատասխանաբար տեղադրվել է 40 և 82 լուսատու, գյուղերից Տաշտունում՝ 10, Շվանիձորում՝ 15, Ալվանքում՝ 18, Լեհվազում՝ 10, Կարճևան 12 լուսատու։ Նռնաձոր և Վարդանիձոր գյուղերում ամբողջությամբ զրոյից են լուսավորվել փողոցները։
Փողոցային լուսատուների ծախսերն Ագարակում վճարում է պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ մնացած բնակավայրերում՝ համայնքային բյուջեից են տրամադրվում։
Լույսերն ամբողջ գիշեր չեն անջատվում մինչև արևածագը՝ հաշվի առնելով նաև, որ սահմանամերձ տարածքներ են։
«Համայնքի տարածքում է գտնվում Մեղրու մաքսակետը Իրանի հետ, որը գործում է 24 ժամ, երկու զորամաս կա՝ ռուսական սահմանապահ զորքերը և հայկական զորամասը, որոնք նույնպես նույն ռեժիմով են աշխատում։ Մեղրու համայնքի տնտեսության 85 տոկոսը կազմում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ աշխատում է 1100 մարդ։ Այստեղ նույնպես աշխատանքը 24 ժամ շարունակվում է։ Հաշվի առնելով այս ամենը՝ համայնքապետարանում եկել ենք հետևյալ եզրակացության՝ քանի որ համայնքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, պետք է ամբողջ գիշեր լույսերը միացված լինեն»,- եզրափակեց Զաքարյանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է գերմանական KFW բանկի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։