Վերջին տարիներին ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ալերգիկ հիվանդությունների տարածումն ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ընդհանուր առմամբ, ալերգիաները զարգացող երկրներում ավելի քիչ են հանդիպում, քան զարգացածներում, սակայն վերջին շրջանում զարգացող երկրներում նույնպես հիվանդության տարածման միտում է նկատվում: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Ըստ նրա` հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ավելի հաճախ տարածում ունեցող ալերգենը, որը հարուցում է ալերգիկ հարբուխի ախտանիշներ, մարգագետնային խոտերի խառնուրդներն են, որոնց ծաղկման սեզոնը համարվում է ապրիլի վերջից կամ մայիսից սկսած մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:
«Այդ խնդիրներն ունեն երկու տեսակի բուժում, մեկն ախտանիշային բուժումն է, երբ սեզոնը սկսելուց մեկ շաբաթ առաջ նշանակվում է դեղորայք, որոնք մեղմում կամ վերացնում են հիվանդության ախտանիշները: Եվ կա վերջնական լուծում, որը հասանելի է նաև Հայաստանում: Արդեն կարելի է նախասեզոնային բուժում իրականացնել: Նախ` պարզվում է, թե ինչի նկատմամբ է տվյալ անձն ալերգիկ և եթե տվյալ ալերգենն ունի ստանդարտացված բուժական լուծույթներ, ապա հնարավոր է սեզոնը սկսելուց առաջ ենթամաշկային ներարկումների կամ ենթալեզվային հաբերի, լուծույթների միջոցով այնպես անել, որ մարդու օրգանիզմն ալերգիայի նկատմամբ հանդուրժողականություն զարգացնի: Այդ դեպքում ախտանիշները սեզոնին շատ ավելի քիչ կսրվեն»,-ասաց նա:
Խոսելով ալերգիաների պատճառներից` Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ ամենաքննարկվողներից մեկը հիգիենայի վարկածն է, երբ վաղ տարիքում երեխայի իմունային համակարգն ավելի քիչ է շփում ունենում միկրոօրգանիզմների հետ, այն սկսում է աշխատել շեղված ուղղությամբ, զարգացնում է հակամարմիններ, որոնք վնասում են սեփական հյուսվածքը:
Թոքերի, շնչուղիների հետ կապված հիվանդությունների ավելացում նույնպես նկատվում է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ այդ համատեքստում առավել տարածված են այն հիվանդությունները, որոնց առաջացման հիմնական պատճառը ծխելն է:
«Մենք ժամանակին դպրոցահասակ երեխաների շրջանում կատարել ենք հետազոտություն: Ըստ արդյունքների` այն ընտանիքներում, որտեղ ծխողներ կան, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ երեխաներն ունեն բրոնխիալ ասթմայի ախտանիշներ: Ի դեպ, Հայաստանում բրոնխիալ ասթման տարածված հիվանդություններից է: Մեծահասակաների մոտ կա մինչև 3-4 տոկոս տարածվածություն, երեխաների մոտ` մինչև 12 տոկոսը»,-ասաց նա:
Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները զարգանում են ամբողջ աշխարհում, և դա կապված է ոչ միայն ծխելու հետ, այլ այն հանգամանքի հետ, որ մարդու իմունային համակարգը չի հասցնում հարմարվել շրջակա միջավայրի փոփոխությունների հետ` արտանետումներ, օդի աղտոտվածություն, ոչ առողջ սնունդ, դրան էլ գումարվում է մարդկանց պասիվ կյանքը: