Խառը ու սյուռ ժամանակներ են
Փոքրիկ հանճարներին թվում է, թե ակադեմիական բառը մի քանի անգամ կրկնելուց հետո կախարդանքն ի վերջո տեղ կհասնի և իրենք կդառնան ակադեմիական: Ձեռք կբերեն ակադեմիական ժպիտ ու քայլվածք և այդ ակադեմիական բարձունքից ակադեմիական քնքուշ պատկառանքով կբացականչեն. հե՜յ ուսանողներ, ակադեմիական անբերեհույս վիճակը թողած, դրել զուգարանի թղթի և կոտլետի գնի կռիվ եք անում:
Ընդհանրապես էս վերջերս արտասահմանյան համալսարանների մասին շատ եմ կարդում: Հետաքրքիր են հատկապես ամերիկյան կամպուսները: Նկատենք, որ այդ համալսարաններում գիտակրթական հարցերից ոչ պակաս կարևորված ու շեշտադրված են ուսանողների առօրյա կյանքի կազմակերպման հիմնախնդիրները: Ինչպե՞ս են ապրում, ի՞նչ են ուտում, արդյո՞ք ամենապարզունակ առօրեական մանրուքները կարող են նպաստել ակադեմիական միջավայրի զարգացմանը:
Եթե փորձենք համեմատական որոշակի եզրեր անցկացնել, ապա կտեսնենք որ հայաստանցի ուսանողներն ընդհանրապես առօրյա չունեն, տարերային ընթացքով գնում-գալիս են, ո՞ւր, ինչի՞ համար:
Դե արի ու ակադեմիական ճախրանքի մեջ գտնվող հանճարներին այսքանը բացատրի, միևնույնն է, չեն հասկանալու, որ առանց համալսարանական առօրեական միջավայրի կայացման ակադեմիականության մասին խոսելն անգամ զավեշտալի է:
Եթե ավելի շատ խորանանք, ապա կտեսնենք, որ կոտլետի գնի մասին խոսակցությունները շատ ավելի ակադեմիական են, քան ԵՊՀ-դասախոսներից շատերի լեկցիաները:
Իսկ եթե էլ ավելի խորանանք, ապա կոտլետի ու զուգարանի թղթի մեջ կտեսնենք սոցիալական անարդարության ու կոռուպցիայի քողարկված հետքը: Երևույթներ, որոնք անէացնում են ոչ միայն ակադեմիական միջավայր ունենալու բոլոր հույսերը, այլ նաև՝ կազմաքանդում հասարակական կառույցը:
Մի՞թե անարդարության դեմ պայքարի հիմքում ակադեմիականություն չկա, չէ՞ որ արդարության մասին այդքան տեսություններ են ստեղծվել, նաև հենց զուգարանի թղթի և կոտլետի արդարության՝ Արիստոտելից մինչև մեր օրերը:
ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությանը քննադատել պետք է, ավելին՝ խրախուսելի է, քանի որ ուսանողները բաց են բոլոր տեսակի քննարկումների համար: Բայց այդ քննադատության հիմքում պետք է բովանդակություն լինի, այլ ոչ թե՝ կեղծ ակադեմիական ձեռնաշարժություն՝ լպրծուն տերմիններով համեմված:
Չեն թողնում հանգստանամ էլի: