«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում երբևէ իրեն Մարտի 8-ի առիթով չեն շնորհավորել, որովհետև գարնանը միշտ թեժ մարտեր են եղել։
«Ոչ միայն գարնանը, այլև մյուս տոներին թեժ մարտեր էին։ Մեկ անգամ ենք ժամանակ ունեցել Նոր տարին նշելու, դա 1993 թվականին էր։ 1993թ. մեկը հարցրեց, թե ինչ օր է, ես պատասխանեցի, որ չգիտեմ՝ ինչ օր է, բայց որ 1992 թվականն է, հաստատ գիտեմ, բայց կողքից մի կռվող ասաց՝ դոխտուր, 3 օր է՝ 1993 թիվն է։ Պատկերացրեք, որ, եթե Նոր տարին չենք իմացել, էլ Մարտի 8-ը որտեղից իմանայինք»,- հիշեց Աիդա Սերոբյանը։
Նա նկատեց՝ Արցախի հողը տարօրինակ բերրի հող է, և որտեղ ձյունը հալչում էր, այդտեղ մի փունջ ծաղիկ էր ծլում. «Ես հիշում եմ, երբ Մարտակերտի Կուսապատ գյուղը պետք է ազատագրեինք, ով գիտի՝ Մարտի 8-ի օրերն էր, ես ամսաթիվ չեմ հիշում, բայց սպասում էինք հրամանի, որ առաջ գնայինք, ու ես երգելով անտառի մեջ սկսեցի ծաղիկների մի փունջ կապել։
Այդ պահին անմիջապես կապվեցին, թե՝ շուտ արի, վիրավոր կա, ու ես այդ փունջը ձեռքիս՝ վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տվեցի։ Այդտեղ երիտասարդ տղայի դի կար, ես այդ փունջն անկախ ինձնից դրեցի իր գրպանը։ Անկեղծ ասած՝ պատերազմից այսքան տարի է անցել, բայց մինչ օրս մտածում եմ՝ հետաքրքիր է, որ դիահերձարանում բացեցին այդ պարկը, տեսնես՝ ի՞նչ մտածեցին, երևի մտածեցին՝ սիրած աղջիկն է այդ ծաղիկները դրել։ Ես չեմ էլ ճանաչել այդ տղային ու անգամ նրա անունը չգիտեի»։
Աիդա Սերոբյանը հիշեց, որ մարտի դաշտ գնալիս միշտ իրեն կարգի էր բերում, շպարվում էր. «Մարտը եթե պետք է սկսեր առավոտյան ժամը 6-ին, ես առավոտյան 5-ին արդեն ոտքի վրա էի, իմ գրպանում անպայման կար շրթներկ, աչքի մատիտ ու սանր։ Առավոտյան արթնանում էի, քսում էի աչքերս, շրթունքներս ու պատրաստ էի մարտի գնալ։ Մի անգամ պարտիզանական ջոկատում, որտեղ կռվում էի, դեռ բանակ չունեինք, մի տղա, որ տեսավ՝ շատ ծանր մարտ է սպասվում, մենք պետք է Լուլասազի բարձունքը գրավենք, ասաց՝ դոխտուր, խի՞ ես տի ղաշանգանում, էս ա մի պուլյա ա կպնելու՝ բարբադ դառնաս։ Ես էլ ասացի՝ զատո՝ սիրուն բարբադ կդառնամ։ Պատերազմի ժամանակ, երբ անընդհատ մեզ ռմբակոծում էին, ես Գանձասարի պաշտպանության ժամանակ եկեղեցում ասում էի՝ տեր Աստված, որ զոհվեմ, ոչինչ, միայն թե դեմքից չվիրավորվեմ, և ոտք ու ձեռքս չկտրվի։ Ու երբ կռվի ժամանակ պառկում էինք գետնին, ես անպայման ձեռքերով դեմքս փակում էի, որ չվնասվի։ Կինը նույնիսկ պատերազմի ժամանակ այդ դաժան օրերին էլ միշտ ուզում է գեղեցիկ լինել, զոհվելիս էլ գեղեցիկ լինի»։
Ռազմիկ Մարտիրոսյան