2016 թվականին աշխարհում արտադրվել է 2 մլն էլեկտրամոբիլ և վաճառվել 750 հազար։
Ինչպես գրում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը, էլեկտրամոբիլների շուկան առաջիկա տարիներին սրընթաց աճ կունենա։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումներով՝ 2020 թվականին էլեկտրամոբիլների արտադրության ծավալը կկազմի 9-20 մլն, իսկ 2025 թվականին՝ 40-70 մլն։
Տարբեր երկրներում կառավարությունները փորձում են արգելել բենզինով և դիզելով աշխատող մեքենաների վաճառքն ու դրանով նպաստել «կանաչ» (էկոլոգիապես մաքուր) մեքենաների շուկայի կայացմանը։
Սակայն, եթե ավելի խորը նայենք հարցին, իրականում էլեկտրամոբիլները էկոլոգիապես մաքուր չեն: Այո, դրանք աշխատում են էլեկտրաէներգիայով, սակայն էլեկտրաէներգիան արտադրվում է տարբեր եղանակներով, այդ թվում՝ գազով, նավթով, անգամ՝ քարածուխով, որոնք արտանետումների տեսանկյունից բավականին վնասակար են։
Օրինակ, Չինաստանի էլեկտրամոբիլները համաշխարհային շուկայի 40%-ն են կազմում, սակայն բուն այդ երկրում էլեկտրաէներգեիայի մեծ մասը արտադրվում է քարածուխով։ Այսինքն, երկրում շահագործվող էլեկտրամոբիլներն իրականում կանաչ չեն։
Ինչպես երևում էBloomberg-ի պատրաստած այս գծապատկերում, այդ առումով առաջատարը Նորվեգիան է, որտեղ էլեկտրաէներգիան գրեթե ամբողջությամբ վերականգնվող ռեսուրսների, մասնավորապես, հիդրոէլեկտրակայանների միջոցով է արտադրվում։
Իսկ ի՞նչ վիճակ է այդ առումով Հայաստանում։ Մեզ մոտ էլեկտրամոբիլները առայժմ շատ քիչ են։ Սակայն էլեկտրաէներգիայի մաքրության առումով վիճակը այդքան էլ վատ չէ։ Էներգետիկ ոլորտի 2017թ. ցուցանիշների հիման վրա՝ մենք կազմել ենք նույնատիպ գծապատկեր նաև Հայաստանի համար, որն ունի այս տեսքը։
Հայաստանում էլեկտրաէներգիայի 37%-ն արտադրվում է գազով աշխատող ՋԷԿ-երում, 33.7%-ը՝ ատոմակայանում, 29.3%-ը՝ հիդրոէլեկտրակայաններում։ Վերականգնվող այլ աղբյուրների հաշվին (արևային էներգիա, հողմային կայաններ) առայժմ արտադրվում է շատ քիչ՝ ընդամենը 2.5 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, սակայն կառավարությունը անցած տարվանից սկսած լուրջ քայլեր է ձեռնարկել՝ արևային էներգետիկայի զարգացումը խթանելու համար։
Ինչպես տեսնում եք, Հայաստանի էներգետիկան իր «կանաչության» մակարդակով բավականին նման է Մեծ Բրիտանիային։ Մնում է՝ էլեկտրամոբիլների թիվն ավելանա։