«Զումբա» պարողները Երևանում. հանուն կանանց ուսանողները պարել են Ազատության հրապարակում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Զումբա» պարողները Երևանում. հանուն կանանց ուսանողները պարել են Ազատության հրապարակում

«Women of Hayastan» ակցիայի նախաձեռնողները UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողներն էին։

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի բնակիչները Ազատության հրապարակում «Զումբա» են պարել։

United World College Dilijan միջազգային դպրոցի ուսանողների կազմակերպած միջոցառումը նախատեսվել էր անցկացնել կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ։ Նպատակն է համախմբել Հայաստանում բնակվող ողջ հայությանը՝ կանաց ձայնն ավելի լսելի դարձնելու, նրանց իրավունքները պաշտպանելու և իգական սեռի հանդեպ ունեցած վերաբերմունքը վերանայելու համար։

«Զումբան» պարային ֆիթնես ծրագիր է հայտնի լատինամերիկյան ռիթմերի հիման վրա, հեղինակը Ալբերտո Պերեսն է։

Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցները

Երևանում կանանց միջազգային տոնի առիթով մի շարք միջոցառումներ են անցկացվում ի պաշտպանություն Հայաստանի կանանց իրավունքների, միջոցառումների կազմակերպիչը «Women of Hayastan»-ն է (UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողների նախաձեռնություն)։ «Women of Hayastan»-ը միջոցառումները կազմակերպել է հայ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՀԿ-ների հետ։

Միջոցառումների շրջանակում նախատեսված է երթ անցկացնել օպերայի շենքից մինչև AGBU հիմնադրամի շենք, մի շարք սեմինարներ կազմակերպել, որոնք կանցկացնեն Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Միջոցառմանն աջակցել է սոցիալական ներդրող, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը։

Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակիցները

Սեմինարների շրջանակում կանդրադառնան գենդերային նույնականացման, կանանց նկատմամբ բռնության, ինչպես նաև իրավաբանական իրավունքների, քաղաքականության մեջ կնոջ ֆենոմենին նվիրված հարցերին և այլն։ Սեմինարները բաց են բոլոր ցանկացողների համար։

«Քայլերթի նպատակը կանանց ձեռքբերումներն ու ներդրումը նշելը չէ, մենք պետք է կարողանանք կանգնել կանանց կողքին անարդարության դեմ պայքարում, որին ամբողջ աշխարհում նրանք բախվում են ամեն օր։ Ես ուրախ եմ, որ ապրում ու սովորում եմ հյուրընկալ Հայաստանում, կարողանում եմ այստեղ աջակցել կանանց և բարձրացնել լուրջ խնդիրների մասին նրանց իրազեկությունը»,- ասել է UWC Dilijan դպրոցի լիբանանցի ուսանողուհի, Ամալ Քլունիի դրամաշնորհի կրթաթոշակառու, «Women of Hayastan» նախաձեռնող խմբի առաջնորդ Դալիա Աթալլահը։

Ուսանողների նախաձեռնությանն աջակցել է UWC Dilijan-ի տնօրեն Դենիզ Դևիդսոնը:

Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում

«Ես Միացյալ Թագավորությունից եմ, որտեղ մեզ համար սովորական է տեսնել կանանց դերը հասարակության կյանքում։ Այդքան էլ երկար ժամանակ չի անցել, երբ ինձ՝ դեռ երիտասարդ աղջիկ, ասացին, որ աղջիկները կարիք չունեն համալսարանական կրթություն ստանալու, քանի որ նրանք երբեք մասնագիտությամբ չեն զբաղվի։ Որպես երիտասարդ սերունդ` մենք ընդդիմացանք այդ սահմանափակությանը և տարիների հետ շարունակեցինք պայքարել այդ անտեսանելի պատնեշի դեմ։ Եվ չնայած ամեն ինչ դեռ կատարյալ չէ, բայց մենք բավականին ձեռբերումներ ունենք, այնպես որ հիմա ինձ համար մեծ հաճույք է տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդ ուսանողները շարունակում այդ պայքարը, որպեսզի հասնեն նրան, որ կինն ունենա բոլոր հնարավորությունները դառնալու այն, ինչ ուզում է»,- ասաց Դևիդսոնը։

Միջոցառումների շրջանակում սեմինարներ են նախատեսված հետևյալ թեմաներով. «Ինչպե՞ս որոշել` բռնություն է, թե ոչ։ Հայաստանում գործող օրենքների մասին», «Կանայք քաղաքականության մեջ», «Աշխատող անկախ մայրերը»։

armeniasputnik.am