Եթե խորը վերլուծենք մեր առօրյան, ապա կհասկանանք, որ ստրկությունը չեն վերացրել։ Այն պարզապես վերափոխվել է և հիմա դրսևորվում է տարբեր ձևերով։
Վարկային քարտեր
Պողոս Պողոսյանը ստանում է ամսական 120 հազար դրամ աշխատավարձ: Նա ունի մի քանի վարկային քարտեր, ընդհանուր պարտքը կազմում է մոտավորապես 300 հազար դրամ: Վարկերի սպասարկման համար Պողոսն ամեն ամիս բանկին վճարում է իր աշխատավարձի 10 տոկոսը՝ 12 հազար դրամ:
Սակայն վարկը մարել (թեկուզ աստիճանաբար) և տոկոսներից ազատվել Պողոսը չի կարող։ Որովհետև եթե դադարի ծախսել կրեդիտային քարտի վրայի գումարը, ապա նա ստիպված է լինելու մի քանի ամիս ապրել աշխատավարձի կեսով, ինչը անհնարին է:
Բացի այդ, շուրջը կան այնքան գայթակղիչ բաներ, որոնք գնելու համար գումար է հարկավոր: Պողոսը չի տեսնում այլ ելք, բացի վարկով գնելուց։ Ու այդպես տարեցտարի նա շարունակում է մնալ սեփական պարտքերի գերին։
Իհարկե, Պողոսն ունի նպատակ՝ նա ցանկանում է սեփական բիզնես ունենալ։ Ի՞նչ վատ կլիներ բանկի փոխարեն տոկոսները կուտակել սեփական գրպանում։ Սակայն նա չի կարող. մատրիցան չի թույլատրում :
Ավտոմեքենա
Պետրոս Պետրոսյանը սիրում է մեքենաներ: Առաջ նա երթևեկում էր մետրոյով, հետո գումար կուտակեց LADA-ի համար: Իսկ հիմա երթևեկում է վարկով գնված Mitsubishi-ով։
Պետրոսը հարուստ չէ, և մեքենան պահելու համար նա հաճախ ստիպված է լինում տնտեսել ամենակարևորի բաների, օրինակ, արձակուրդ կամ բժիշկի գնալու համար: Բայց կյանքը առանց իր մեքենայի Պետրոսն այլևս չի պատկերացնում:
Նա պետք է մարի մեքենայի վարկը, վճարի միջնորդի մեքենայի լրացուցիչ սարքավորումների և թանկ ապահովագրության համար: Նա պետք է լուծի մի շարք մանր խնդիրներ՝ կապված մեքենայի գույքահարկի, ավտոկայանատեղի, տուգանքների, ընթացիկ նորոգման և վերջապես՝ վառելիքի հետ։
Սրանք իրար գումարվելով՝ կլորիկ թիվ են դառնում։ Սակայն Պետրոսը չի փոշմանում: Մեքենայի համար արված յուրաքանչյուր ներդրում արդարացված է համարում՝ չնայած այն հանգամանքին, որ իր երկաթյա նժույգը խժռում է իր տիրոժ աշխատավարձի կեսը։
Նա գոնե կարող էր Mitsubishi-ն կրկին փոխարինել LADA-ով, որը պահելն անհամեմատ ավելի էժան է։
Սակայն եթե որևէ մեկը նրան այդպիսի խորհուրդ տա, ապա Պետրոսը կարող է լուրջ վիրավորվել՝ մի՞թե ինքը արժանի չէ լավ մեքենա վարելու։
Մանր ծախսերը
Մարտիրոսը սանտեխնիկ է։ Նա աշխատում է պատվերով և մշտապես գործ ունի։ Մի գործից ստանում է 2 հազար, մյուսից՝ 3 կամ 5 հազար։ Այդպիսի օր չկա, որ գոնե 2-3 պատվեր չունենա։
Թվում է, թե նա վատ չի վաստակում։ Սակայն արի ու տես, որ Մարտիրոսի դրամապանակում գումարը միշտ կամ շատ քիչ է, կամ ընդհանրապես չկա։
Ինչո՞ւ։
Որովհետև նա ինչպես աշխատում է այդ գումարը , այնպես էլ ծախսում է՝ առանց մտածելու։ 1000-2000 դրամ տալիս է տաքսուն, մի այդքանով՝ ընդմիջում անում, օրվա վերջում ինքն իրեն պարգևատրում է 1-2 շիշ գարեջրով…
Թվում է, թե աշխատում ու աշխատում է… իսկ գումար չկա ու չկա. հազիվ բավականացնում է ընտանիքի ամենաանհրաժեշտ ծախսերին։
Եթե Մարտիրոսը վերցներ նոթատետրն ու սկսեր այնտեղ գրանցել իր բոլոր եկամուտները և ծախսերը, սարսափահար կլիներ: Նա կտեսներ, որ սրճարանում ընդմիջում անելը ամսական կտրվածքով բավականին մեծ գումար է իրենից տանում։ Կամ կտեսներ, որ եթե տաքսու փոխարեն երթուղային նստեր, ապա կկարողանար իրեն թույլ տալ գնել նոր համակարգիչ , ինչի մասին նա երազում է արդեն 3 տարի :
Սակայն ինչպես մատրիցան նրան համոզել է, որ ծախսերը հաշվելը ամենևին կարևոր չէ:
Հարսանիք և այլ առիթներ
Ալիսա Ալեքսանյանն ամուսնացել է։ Նա աշխատում է որպես մենեջերի օգնական, նրա ընտրյալը կրտսեր ինժեներ է: Նորաստեղծ ընտանիքի ամսական բյուջեն 300 հազար դրամ է:
Հարսանեկան բյուջեն՝ 3 մլն դրամ:
Ինչո՞ւ Ալիսան լուռ չգրանցվեց ԶԱԳՍ-ում, և նշանադրությունը ամուսնու հետ չնշեց ինչ-որ մի հանգիստ ռեստորանում։ Նրանց ինչի՞ն էր պետք այդ անհասկանալի թամադան, պրոֆեսիոնալ օպերատորը, այդ խայտառակ մրցույթները, հարբած ամբոխը:
Ինչո՞ւ էր անհրաժեշտ պարտքեր կուտակել, ծանրացնել ծնողների բեռը՝ ուտեցնելով և խմեցնելով մարդկանց, որոնց վերջին անգամ մանուկ հասակում էին տեսել։
Ալիսան հիմար չէ և հասկանում է, որ եթե նա հարսանիք չաներ, ոչ մեկ իրենց վրա ուշադրություն չէր դարձնի. պարզապես ուսերը թափ կտային և հաջորդ օրը կմոռանային այդ մասին:
Ի՞նչն է ստիպում երիտասարդ ընտանիքին քամուն տալ իրենց 1 տարվա եկամտի չափ գումարը։ 2 բան։ Առաջինը, այդպես հրամայում է մատրիցան` ի դեմս մեր ավանդույթների և սովորությունների: Երկրորդը, Ալիսան ցանկանում էր ցուցադրել իրեն սպիտակ զգեստով և կարծում է, որ 2 անձի տարեկան աշխատավարձը լիովին բավարար է մի քանի հարսանեկան նկարի համար:
Իհարկե, աղջկան պաշտպանողները կարող են ասել, որ հարսանիքը լինում է կյանքում մեկ անգամ …. Սակայն դեռ կան ծննդյան օրեր, թաղումներ , Ամանո ու շատ այլ առիթներ…
Ալկոհոլից կախվածություն
Սերոբ Սերոբյանը պարբերաբար նայում է հայելու մեջ և մտածում, որ պետք է վերջապես հաճախի մարզասրահ՝ հեռացնելու համար գարեջրից առաջացած փորը և ձգելու մկանները ծանրաձողերի օգնությամբ:
Սերոբն աշխատում է շաբաթական 5 օր, իսկ աշխատանքից հետո, որպես կանոն, խմում է մեկ գարեջուր:
Ոչ, նա ամենևին էլ հարբեցող չէ. Սերոբը համոզված է, որ քիչ քանակի ալկոհոլը եթե օգտակար էլ, ապա վնաս հաստատ չի տա։
Սակայն ալկոհոլը և աշխատանքը այնքան լիարժեք են լրացնում նրա առօրյան, որ նա երբեք էլ չի հաճախի մարզասրահ. աշխատանքային սխրանքներից հետո սպորտային սխրանքների համար այլևս ոչ ուժ է մնում, ոչ էլ ժամանակ:
Խորքային պատճառ իր կյանքի ռիթմը փոխելու համար Սերոբը չունի: Պարզապես նա իր տարիքից 15 տարով ավելի մեծ է երևում և ամբողջ ժամանակ իրեն զգում է թափթփված։ Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է:
Մատրիցան Սերոբին պահում է պողպատե ճամպրուկի մեջ, որից դուրս գալու հնարավորությունները շատ փոքր են:
Ըստ Fitness for Brain-ի