Համաշխարհային պատմությունը կերտվել է ոչ միայն միջազգային կարևոր նշանակություն ունեցող դեպքերով, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչների հանրահայտ դեմքերով, որոնց դերակատարությունն, ուղղակի, անհնար է անտեսել կամ չգնահատել:
Ի պատիվ հայ ժողովրդի, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, հերոսների, արվեստագետների ու քաղաքական գործիչների պակաս երբևէ չի եղել: Ընդ որում՝ այս հարցում կանայք ամենևին էլ չեն զիջում տղամարդկանց: Իսկ որպես ապացույց՝ Dalma News-ն առանձնացրել է նրանցից 10-ին, որոնք ունեն հայկական արմատներ, թեպետ ապրել ու գործել են երկրագնդի խիստ տարբեր հատվածներում:
1. Սուրբ Շուշան-Վարդենի (409-475 թթ.)
Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:
451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Շուշանիկը դրանից հետո մերժում է հավատուրաց ամուսնուն և զրկում նույնիսկ իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խցում: Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը ևս ուրանա քրիստոնեությունը՝ ընդհուպ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում, Շուշանը մնում է անդրդվելի: Նրա չարչարանքները տևում են վեց տարի, յոթերորդի տարվա սկզբին՝ Շուշանը մահանում է։ Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:
2. Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.)
Վրաստանից ուղևորվենք դեպի Հնդկաստան և դարերի խորքից նոր փաստեր ի հայտ բերենք: Եվ այսպես՝ շատերի համար երազանք է այցելել հնդկական Ագրա քաղաք և տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը: Բայց հազվագյուտ մարդիկ են հետաքրքրվել, թե ինչու է այն կոչվում Թաջ Մահալ: Պարզվում է՝ այն կոչվում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Հատկանշական է այն, որ Մումթազ Մահալին ևս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ: Այնուհետև շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:
Սիրասուն կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելված էին հնդկական տոները նշել, պարել ու երաժշտություն լսել: Ապա հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։
3. Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.)
Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտության մեջ եւ դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»: Չէ՞ որ Ա. Տերյանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը:
Ի դեպ, Ա. Տերյանը երբեք ամուսնացած չլինելով՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների եւ դասավանդման վրա: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում Ալենուշ Տերյանին՝ որպես հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը: Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։
Ամբողջությամբ՝ dlmn.info