Արդյո՞ք բիզնեսը կնոջ գործ է։ Շատ հայեր վստահ են, որ ոչ։ Սակայն մեր «Հաջողության գաղտնիքը» խորագրի հերոսուհին հակառակն է ապացուցում: Sputnik Արմենիան ներկայացնում է հարցազրույց մի աղջկա հետ, որի շնորհիվ Հայաստանի հարսանեկան բիզնեսը դուրս է եկել միջազգային հարթակ։
Գայանե Խոջայանի ընկերությունն անցած տարի դարձավ Հարսանիքների կազմակերպիչների համաշխարհային համաժողովի անդամ (Destination Wedding Planners Congress)։ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կարող է ներկայացնել իր առաջարկները խոշոր համաժողովում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Գայանեն պատմեց այն մասին, թե ինչպես է ծրագրավորողից դարձել դիզայներ և որքան կարևոր է բիզնեսում ամուսնու աջակցությունը։ Նրա հետ զրուցեց Լիլիթ Հարությունյանը։
– Գայանե, մոտ հինգ տարի առաջ դուք սկսել եք հարսանեկան արարողություններ կազմակերպել, ինչպես նաև հարսանեկան դիզայնով եք զբաղվել, ավելի ուշ հիմնել եք Prestige Wedding Planner ընկերությունը։ Այսօրվա դրությամբ ձեր ընկերությունը ներկայացնում է Հայաստանը Destination Wedding Planners Congress-ում։
— Այո, անցած տարի մեզ հրավիրեցին դառնալ Destination Wedding Planners Congress-ի անդամ, և Թայլանդում մենք մասնակցեցինք մեր առաջին համաժողովին։ Այսպիսով, Հայաստանը դարձավ տարածաշրջանում համաժողովի միակ անդամ երկիրը։ ԽՍՀՄ նախկին երկրներից Հայաստանից բացի ներկայացված է նաև Ռուսաստանը։
– Ինչո՞վ է զբաղվում Destination Wedding Planners Congress-ը։
— Դա աշխարհում ամենամեծածավալ հարթակն է, որը միավորում է հարսանեկան ոլորտի առաջատարներին՝ ոճաբանների, կազմակերպիչների, ֆլորիստների։ Բացի այդ, կոնգրեսի աջակցությամբ զույգերը կարող են իրենց հարսանիքն անցկացնել երկրագնդի ցանկացած անկյունում։ Օրինակ` հայաստանցի զույգերը հնարավորություն են ստանում իրենց հանդիսությունն անցկացնել արտասահմանում, իսկ օտարերկրացի զույգերը, հակառակը, կարող են հարսանիք կազմակերպել Հայաստանում։
Կոնգրեսը զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ է տալիս, քանի որ մենք ներկայացնում ենք ոչ միայն մեր ընկերությունը, այլև մեր երկիրը։ Հենց այդ պատճառով մենք սկսել ենք համագործակցել երկրի ամենախոշոր զբոսաշրջային օպերատորներից մեկի հետ, որպեսզի այս տարի արդեն Մեքսիկայում ներկայացնենք ամբողջական փաթեթ։ Կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է ոչ միայն մեզ համար, այլև պետության, քանի որ այդպիսով հայկական հարսանեկան ինդուստրիան դուրս է եկել միջազգային շուկա։ Այս տարի կոնգրեսը տեղի կունենա ապրիլի 10-12-ը Լոս Կաբոսում։
– Գայանե, հետաքրքիր է իմանալ ձեր մասնագիտությունը։ Երբևէ մտածե՞լ եք, որ նման բարձունքների կհասնեք հարսանեկան արդյունաբերության ոլորտում։
– Ոչ, իհարկե։ Որքան էլ տարօրինակ հնչի` ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Կարմիր դիպլոմով ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև մագիստրատուրան։ Աշխատել եմ բանկում՝ որպես ծրագրավորող։ Իհարկե, դիզայնի հանդեպ սերը միշտ եղել է։ Դեռ 5-6 -րդ դասարաններում ինտերիերների և էքստերիերների էսքիզներ էի ստեղծում (հայրս խոշոր շինարարությամբ էր զբաղվում և շատ էր օգնում ինձ)։ Իմ նախագծերը հաջողությամբ վաճառվում էին, թեև ոչ ոք չգիտեր, որ դրանք երեխա է գծել։ Բնականաբար, դա բիզնես չէր, այլ ընդամենը նախասիրություն, բայց այն ինձ շատ էր ուրախացնում (ժպտում է)։
Հարսանեկան դեկորացիաներ
– Հայաստանում կարծում են, որ կինը չի կարող զբաղվել բիզնեսով։ Սակայն ձեր պատմությունը հերքում է այդ կարծիքը։
– Կարծում եմ, կանայք կարող են բավական լուրջ դեր խաղալ բիզնեսում։ Իհարկե, չափազանց կարևոր է կյանքի ուղեկցի աջակցությունը։ Ի վերջո, ես զբաղվում եմ նրանով, ինչն իսկապես հոգեհարազատ է ինձ հենց ամուսնուս խորհրդի և աջակցության շնորհիվ։ Չգիտեմ՝ ես կհասնեի այս ամենին, եթե նրա փոխարեն ուրիշ մարդ լիներ։
– Ձեզ չե՞ն ասել, որ դուք քիչ նման եք Ջենիֆեր Լոպեսի կերպարին «Հարսանեկան իրարացնում» ֆիլմից։
– Գրեթե բոլորը դա են ասում։ Ես նույնպես սկզբից այս աշխատանքը նմանեցնում էի ֆիլմի հետ։ Բայց իրականում աշխատանքն ավելի լարված է։ Կոնգրեսում մեզ ասացին, որ հարսանիքների կազմակերպչի մասնագիտությունն ամենասթրեսային մասնագիտությունների շարքում զբաղեցնում է 6-րդ տեղը, քանի որ մշտապես արտակարգ իրավիճակներ են լինում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am