ՀՀ կառավարության մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է դեղատոմսով բաց թողնվող դեղերի հստակ ժամանակացույց: Նշենք, որ մարտի 6-ին կառավարությունը հաստատեց «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մասնակի կասեցման նախագիծը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարին հորդորեց ուշադիր լինել դեղատոմսերի խնդրին, քանի որ ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են։
Ըստ այդմ՝ առավել ռիսկային` հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը դեղատոմսով բաց կթողնվեն մարտի 1-ից: Հաջորդ փուլում` հուլիսի 1-ից, պարտադիր պահանջ կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա և արդեն հոկտեմբերի 1-ից` դեղերի ամբողջ ցանկի վրա: Արդեն իսկ ներկայացրել էինք, թե այսուհետ որ դեղերն են բաց թողնվելու միայն դեղատոմսով:
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև այն դեղերի ցանկը, որոնք հնարավոր է ձեռք բերել առանց դեղատոմսի: Առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ցանկում են հայտնվել մի շարք դեղեր՝ ցավազրկողներ, վիտամիններ, ջերմիջեցնողներ, մրսածության և հարբուխի դեղեր, բերանի խոռոչի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղեր, ինչպես նաև հակահազային, հակավիրուսային, ականջի, աչքի բուժման դեղեր, հանգստացնողներ, հակաալերգիկ ու մի շարք այլ դեղեր:
Առանց դեղատոմսի հնարավոր կլինի ձեռք բերել այս դեղերը՝ «Պարացետամոլ», «Իբուպրոֆեն», «Կաֆետին լեդի», «Դիկլոֆենակ», «Ինդոմետացին», «Սպազմալգոն», «Գրիպոստադ», «Գրիպոֆլյու», «Անտիֆլյու», «Քալդրեքս», «Թերաֆլյու», «Ֆալիմինտ», «Հերբիոն», «Ֆուրալգին», «Սնուպ», «Վիզին», «Կորվալոլ», «Վալիդոլ», «Գինկոֆար», «Դիազոլին», «Կլիմաքսան»…
Առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ամբողջական ցանկը կարող եք նայել՝ այստեղ: