Հավանա-Մոսկվա-Երևանով Մեքսիկա և ԱՄՆ. տուժողը պատմեց չհաջողված ուղևորության մասին
Advertisement 1000 x 90

Հավանա-Մոսկվա-Երևանով Մեքսիկա և ԱՄՆ. տուժողը պատմեց չհաջողված ուղևորության մասին

Կուբացի մոր ու դստեր վերաբերյալ երկու դրվագով առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով այսօր ավարտվեց գործով տուժողներից մեկի՝ նույնպես կուբացի Պաուլայի հարցաքննությունը:

Տուժողը հայտնեց, որ բազմաքայլ, այն է՝ Հավանա-Մոսկվա-Երևանով ԱՄՆ մեկնելու համար ամբաստանյալ Բառբառայի փեսային ու դստերը՝ Լեյինեին (վերջինս գործով երկրորդ ամբաստանյալն է) տվել են 40 հազար դոլար, այդ գումարը հավաքելու համար իրենք վաճառել են իրենց տունը:

Ինչո՞ւ են Երևան ժամանելուց հետո գնացել հյուրանոց և ոչ թե միանգամից վարձակալած տուն պաշտպանական կողմի հարցին տուժողը պատասխանեց, որ վարձակալած տունը պետք է մաքրեին, հավաքեին, նոր իրենք կկարողանային գնալ այնտեղ: Արդյոք պատճառն ա՞յն չէր, որ ինքնաթիռում իրենց գումարն էին գողացել հարցին ի պատասխան տուժողը հայտնեց, որ ինքնաթիռում մնացել էր թոռան պայուսակը՝ 3000 դոլարով, որը նախատեսված էր հագուստ ու այլ իրեր գնելու համար և կապված չէ վարձակալած տուն չգնալու հետ: Տուժողն ընդգծեց, որ ինքնաթիռում մնացած գումարը չէր մտնում հիշյալ 40 հազարի մեջ:

Ի պատասխան հարցերի՝ տուժողը հայտնեց նաև, որ ԱՄՆ մեկնելու ճանապարհին պետք է հասնեին Մեքսիկա, սակայն կոնկրետ ո՛ր երկներով ինքը չգիտի:

Տուժողը՝ պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին՝ հայտնեց, որ որպես վկա հարցաքննությունից առաջ իրեն ասել են, որ հարցաքննությունը կապ ունի ամբաստանյալների ու իր դեպքի հետ, իրեն ասել են, որ Լեյինեն ու Բառբառան կասկածվում են գումար հափշտակելու մեջ:

Եթե դատարանում հարցաքննվելիս տուժողն ասաց, որ միանվագ է գումարը տրվել, ապա նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ փեսան մաս-մաս է տվել գումարը՝ 100 դոլար հյուրանոցում և 2500 դոլար վարձակալած տանը մնալու համար: Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել էր նաև, որ հարցաքննության ժամանակ զանգահարել են փեսային, նա է հեռախոսով ասել, որ 15 800 դոլար տվել է ամբաստանյալ Բառբառայի փեսային՝ Յասսեռին՝ ձևակերպումների համար: Ընդհանուր գումարից պակասել է 7000 դոլար, որը՝ 7250 դոլար, հետագայում փեսան աշխատել ու մաս-մաս փոխանցել է ԱՄՆ-ից, գումարը ստացել են Լեյինեն ու Յասսեռը:

Ինչո՞ւ 15 800-ի մասին ինքը դատարանում իր ցուցմունքում չի ասել հարցին տուժողը պատասխանեց՝ մոռացա, մտքիցս թռել էր:

Դատարանը կողմերին տեղեկացրեց, որ ըստ ՍԵԿՏ համակարգից ստացված տվյալների, մյուս երկու տուժողները Հայաստանում չեն, որոշվեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և հաջորդ դատական նիստում հետազոտել ապացույցները, դատաքննության ավարտին անդրադառնան տուժողների հարցին:

Դեռևս անցած նիստին սկսված տուժող Պաուլայի վերոհիշյալ հարցաքննությունը շարունակելը պաշտպանական կողմը դժգոհություն հայտնեց թարգմանչի աշխատանքից: Մասնավորապես, պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտարարեց, որ տուժողի ցուցմունքներից հանգամանքներ կան, որոնք չեն թարգմանվել, ուստի առաջարկեց այնպիսի թարգմանիչ հրավիրել, ով լեզվին տիրապետելուց զատ սինխրոն բառացի ու տառացի թարգմանի ասվածը: Պաշտպանը խնդրեց իր ասածն ընդունել որպես թարգմանչին բացարկի միջնորդություն:

Մեղադրողը նշեց, որ առկա չէ բացարկի համար նախատեսված հիմքերից և ոչ մեկը: Ըստ մեղադրողի, ընդամենը տուժողի ցուցմունքներից չգոհանալու խնդիր է:

Դատարանը մերժեց թարգմանչի անձեռնհասության հիմքով բացարկ հայտնելու միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով:

«Փաստինֆո»