Երևանի Ազատության հրապարակը հայերի անկախության, ազատության և սոցիալական արդարության ձգտման վկան է: Տասնամյակներ շարունակ քաղաքի սրտում տեղակայված այս հրապարակը եղել է վայր, որտեղ հայերը հավաքվել են հիշատակելու տարբեր իրադարձություններ, բարձրաձայնելու իրենց դժգոհությունն ու փոփոխությունների պահանջը:
«Իջնենք օպերա» արտահայտությունը հնչում է մարդկանց բերանից, երբ քաղաքական ու սոցիալական դժգոհության դեմ բողոքելու առիթ կա:
Սովետական տարիներին այս տարածքը կոչվում էր Թատերական հրապարակ, սակայն 1991-ի անկախությունից հետո այն վերանվանվեց Ազատության հրապարակի:
Առաջին անգամ այս տարածքում ժողովուրդն իր բողոքն արտահայտելու համար հավաքվեց 1965 թվականի ապրիլի 24-ին` «Ճանաչել ցեղասպանությունը» կարգախոսներով: Խորհրդային հասարակարգի պայմաններում 50-ամյա լռությունից հետո հանրությունը պահանջում էր ապրիլի 24 -ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը ցույցերից երկու տարի անց դարձավ իրականություն:
Սովետական Միության փլուզման վերջին տարիներին` 1987-88 թվականներին, հրապարակը կրկին կենդանացավ: Բողոքի ցույցերի պահանջները (առաջին օրերին) հիմնականում կապված էին էկոլոգիական խնդիրների` մասնավորապես «Նաիրիտ» գործարանի, Մեծամորի ատոմակայանի և կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հետ: Սակայն շուտով այս բողոքի ակցիաներում հնչեցին նաև քաղաքական ելույթներ և պահանջ դրվեց Ղարաբաղն Ադրեջանի կազմից հանելու և Հայաստանին միավորելու:
Ղարաբաղ կոմիտեն` Ազատության հրապարակում (1988 թ): 11 ինտելեկտուալներից և հայտնի գործիչներից կազմված կոմիտեն բազմամարդ ցույցեր կազմակերպեց ի աջակցություն Ղարաբաղի՝ ՀԽՍՀ կազմի մեջ մտնելու պահանջի։
Այն, ինչ սկսեց որպես կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջ, դարձավ հայկական պատմության վճռորոշ պահերից մեկը: Ծնվեց Ղարաբաղյան շարժումը, որն ի վերջո փոխելու էր Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը:
20 տարի անց քաղաքական դժգոհությունը հազարավոր մարդկանց կրկին բերեց Օպերա, որն այդ ժամանակ պաշտոնապես կոչվում էր Ազատության հրապարակ: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո հրապարակը դարձավ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիների շուրջօրյա հանրահավաքների վայր: Դրանք ավարտվեցին մարտի 1-ին իրավապահ մարմինների կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ուժով, որը վերածվեց բախումների և խլեց 10 մարդու կյանք: Այնուհետև հայտարարվեց 20 օր արտակարգ դրություն:
Վերջերս Ազատության հրապարակն առավելապես դարձել է սոցիալական բողոքների վայր, այստեղ սկսեց էլետրաէներգիայի թանկացման դեմ պայքարը և կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ նախաձեռնությունը:
Ամբողջությամբ՝ chai-khana.org