Մայիսի 1-ից Վրաստանի բոլոր հասարակական վայրերում ծխելը կարգելվի ։ Վրաստանի խորհրդարանի առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն վստահ է, որ այդ արգելքը ոչ միայն չի վնասի սրճարաններին ու ռեստորաններին, այլեւ, հակառակը, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
NEWS. am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ակակի Զոիձեն նշեց, որ հակածխախոտային օրենքը Վրաստանում ներդրվելու է փուլ առ փուլ՝ մայիսի 1-ից կարգելեն ծխել բոլոր հասարակական վայրերում, սեպտեմբերի 1-ից կարգելվի ծխախոտի ցանկացած գովազդ, իսկ ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափազդու նկարներ։ 2019-ից սկսած՝ Վրաստանում կարգելեն ծխախոտ ցուցադրել խանութների ցուցափեղկերի վրա, իսկ 2020-ից սկսած՝ կարգելեն ծխել մարզադաշտերում։
Չթույլատրված վայրերում ծխող ֆիզիկական անձիք ստիպված կլինեն 50 դոլարի չափով տուգանք վճարել, եթե դա նրանց առաջին խախտումն է եւ 100 դոլարի չափով՝ երկրորդ անգամ խախտելու դեպքում։ Իրավաբանական անձանց համար տուգանքները սկսվում են 250 դոլարից։
Զոիձեի խոսքով՝ այդ օրենքը Վրաստանում առաջ մղելը հեշտ չի եղել՝ եղել է լուրջ հակազդում ծխախոտային ինդուստրիայի կողմից, նաեւ որոշ ծխող պատգամավորներ են դեմ արտահայտվել արգելքներին։ Այդուհանդերձ, օրենքն ընդունվել է, ու հիմա մասնագետներն ակնկալում են, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո առաջին իսկ տարվա ընթացքում սրտի նոպաների պատճառով շտապ օգնության կանչերի քանակը կնվազի 20 տոկոսով։ Իսկ այսօրվա դրությամբ պասիվ ծխելու ու դրա պատճառով զարգացող խնդիրների պատճառով Վրաստանում վաղաժամ մահանում է տարեկան 2100 մարդ, նրանցից 300-ը՝ երեխաներ։
Հասարակական վայրերում ծխելու արգելքի ընդդիմախոսները նաեւ հավաստիացնում էին, որ այդ արգելքի պատճառով կարող են տուժել սրճարաններ ու ռեստորանները, իսկ զբոսաշրջիկներն էլ կդադարեն Վրաստան ժամանել։ Բայց ոչ մի նման բան տեղի չի ունենա, վստահ է Ակակի Զոիձեն, ոչ ոք չի դադարի լավ ռեստորաններ կամ սրճարաններ հաճախել միայն որովհետեւ այնտեղ ծխել չի թույլատրվում։ Նույնիսկ հակառակը, շատ զբոսաշրջիկներ, Վրաստան անցելելուց հետո դժգոհել են, որ ծխով լի ռեստորաններում անհնար էր ըստ արժանվույն գնահատել վրացական խոհանոցը։ Իսկ հիմա, երբ ռեստորաններում այլեւս ծխել չթույլատրվի, դրանք ավելի գրավիչ կդառնան զբոսաշրջիկների համար։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հանդես է եկել ծխելու դեմ ռազմավարական ծրագրով, որը նախատեսում է երեք բաղադրիչ՝ օրենսդրական, միջազգային, գովազդա-հոգեբանական եւ առողջապահական:
Տարեսկզբին Հայաստանի առողջաահության նախարարությունը հեղինակել էր «Ծխախոտային արտադրանքի բացասական ազդեցության նվազեցման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար: Այնուհետեւ այն պետք է ստանա կառավարության հավանությունը, եւ միայն դրանից հետո ուղարկվի Ազգային ժողով: Բացի մի շարք սահմանափակումներից, նախագծով առաջարկվում է ծխելն արգելել բոլոր փակ հաստատություններում, այլ ոչ ընտրովի, ինչպես գործող օրենքում է: Նախատեսվում է, որ բարերում ու ռեստորաններում չեն լինի ծխողների եւ չծխողների համար հատուկ տարածքներ: Օրինագծով արգելքի խախտման համար մեծ տուգանքներ են սահմանվում: Սակայն առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կսկսի այս արգելքը գործել: