ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանը մինչև 2010 թ. տեղակայված էր Աբովյան փողոցում գտնվող, 19-րդ դարի վերջում կառուցված մի գողտրիկ երկհարկանի շենքում: Այսօր այն տեղից տեղ տեղափոխվելով, հանգրվանել է Բաղրամյան պողոտայում գտնվող Գիտությունների ակադեմիայի երբեմնի տպարանի շենքում:
Երկրաբանական թանգարանը 1937 թ. հիմնադրել է հայտնի երկրաբան Հովհաննես Կարապետյանը, ով իր մեծաթիվ հավաքածուից բացի, թանգարանին էր տրամադրել Աբովյան փողոցում գտնվող իր երկհարկանի առանձնատունը:
Այսօր թանգարանի հավաքածուն հաշվառվում է ավելի քան 11 հազ. նմուշ, որից ցուցադրվում է մոտ 3 000-ը: Թանգարանը մեր տարածաշրջանում ամենահարուստներից մեկն է և գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Թանգարանն ունի թեմատիկ վեց դահլիճ՝ հնէաբանության, հանքաբանության, պետրոգրաֆիայի, հրաբխագիտության, օգտակար հանածոների և հանքային ջրերի բաժիններ:
Մի փոքր երևակայություն ունենալու դեպքում, թանգարանում անցկացվող էքսկուրսիան վերածվում է իսկական ճամփորդության՝ դեպի հեռավոր երկրագիտական ժամանակաշրջանները, որոնք լի էին անսպասելի ու անհավանական հայտնագործություններով: Օրինակ՝ քչերը գիտեն, որ 150 մլն տարի առաջ Հայաստանը թաղված էր հնագույն Թեթիս օվկիանոսի տակ, որը տարբեր ժամանակաշրջաններում միանում էր Ատլանտիան և Հնդկական օվկիանոսներին: Իսկ մոտ 25 մլն տարի առաջ այդ օվկիանոսը վերջնականապես ցամաքեց և ձևավորվեց որպես հսկայական հողատարածք: Դրան, իհարկե, նախորդել է երկրաբանական բարդ փոխակերպումներով լի երկար գործընթաց: Երկրաբանական այդ հատվածի նստվածքներում հսկայական թիվ են կազմում ծովային ֆաունայի հանածոները՝ գաստրոպոդներ (փորոտանի կակղամորթներ), ամոնիտներ (գլխոտանի կակղամորթներ), ոստրեներ, մարջաններ, ծովային ոզնիներ և այլն: Ծովային ֆաունայի ջերմասեր բնույթը խոսում է երբեմնի օվկիանոսի արևադարձային կլիմայի մասին: Այդ ժամանակաշրջանի վկայությունները առատորեն ցուցադրվում են հնէաբանության դահլիճում:
Երկրաբանական ավելի ուշ ժամանակաշրջանների պատմությունը ներկայացնում են Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներում բնակված նախապատմական կենդանիների՝ նախապատմական եղջերուների, մամոնտների, ռնգեղջյուրների գանգերը, ծնոտների մասերը և ոսկորների առանձին հատվածները, Սևանի հատակից կմախքների հանածոները, պլիոցենյան և վերին տրիասային բուսականության, ինչպես նաև միջին յուրայի, ստորին և վերին էոցենայի տարբեր նմուշները:
Թանգարանի այցեքարտը տրոգոնտերյան փղի կմախքն է (կմախքի բացակայող հատվածները հավաքված են գիպսով): Նախապատմական այս փղերը ապրել են մոտավորապես 1.5 մլն տարի առաջ: Դրանք մամոնտների նախնիներն էին:
Երկրաբանական թանգարանի հավաքածուում կան Հայաստանի նավթի, հազվագյուտ և գունավոր մետաղների նմուշներ:
Ի դեպ, նավթի մասին ասենք, որ թանգարանում գտնվում է Հայաստանի տարածքում արդյունահանված մեկ լիտր նավթ: Տարբեր տարիների ընթացքում Հայաստանում նավթի պաշարներ գտնելու փորձեր են արվել, որի արդյունքում մի քանի հորանցքերում հայտնաբերվել են նավթի և գազի նշաններ, թեև դրանք եղել են ոչ արդյունաբերական նշանակության:
Հանքաբանության դահլիճում ներկայացված են Հայաստանի տարբեր շրջաններից հայտնաբերված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հսկայական հավաքածու: Դրանց մեջ կան՝ ամեթիստ, զմրուխտ, նռնաքար, տպազիոն, Թեխուտի փիրուզ և Արագածի օբսիդիան, Մարմարիկի օնիքս:
Գիտական գործունեությունից բացի, այս սքանչելի թանգարանում իրականացվում է լուսավորչական ակտիվ գործունեություն: Այնտեղ գործում են պատանի երկրաբանի և պատանի բնապահպանի ակումբներ, անցկացվում են սեմինարներ: