Փիլիսոփայությունը Star Trek չէ. Ինչո՞ւ Ումբերտո Էկոն քննադատեց Սթիվեն Հոքինգին
Advertisement 1000 x 90

Փիլիսոփայությունը Star Trek չէ. Ինչո՞ւ Ումբերտո Էկոն քննադատեց Սթիվեն Հոքինգին

Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի մահվանից հետո նրա կերպարի շուրջ գրեթե սրբադասող քարոզի և անվերապահ ակնածանքի ֆոնին՝ իտալական La Repubblica պարբերականը վերհիշում է իտալացի ականավոր մտավորական Ումբերտո Էկոյի՝ L’Espresso թերթի «Միներվայի տուփը» սյունակում 2011-ին լույս ընծայած մի հոդված, որում Էկոն մեկնաբանել էր Հոքինգի գրքերից մեկը՝ մասնավորապես դրանում փիլիսոփայական առանցքային հարցադրումներին պատասխանելու համար ֆիզիկայի՝ միակ բանալի-գիտակարգը լինելու մասին պնդումները։ Ստորև ներկայացնում ենք Էկոյի հոդվածի ամբողջական տեքստը Գրիգոր Ղազարյանի թարգմանությամբ։

2010 թվականի ապրիլի 6-ի «Repubblica»-ի համարում հրատարակվեց մի հոդված, որը նախանշում էր Սթիվեն Հոքինգի և Լեոնարդ Մլոդինաուի «Մեծ նախագիծը» գրքի իտալերեն թարգմանության լույսընծայումը (Il grande disegno, Mondadori հրատ., 20 եվրո), որի ենթավերնագրում նույնիսկ տեքստից մի հատված էր մեջբերած. «փիլիսոփայությունը մեռած է, միայն ֆիզիկոսներն են բացատրում տիեզերքը»։ Փիլիսոփայության վախճանը քանիցս հայտարարվել է, ուստի զարմանալու բան չկար, սակայն իմ կարծիքով՝ Հոքինգի պես հանճարը հիմարություն է ասել։ Համոզվելու համար, որ «Repubblica»-ն չէր անհաջող ամփոփել ասվածը՝ գնացի գիրքը գնելու, և այն ընթերցելիս ստացա կասկածներիս պատասխանը։

Գիրքը կարծես երկու ձեռքով գրված լինի, իհարկե, եթե չնշենք, որ Հոքինգի պարագայում արտահայտությունը ցավալի փոխաբերություն է, քանի որ գիտենք՝ նրա ֆիզիկական կարողությունները չեն համապատասխանում իր ուղեղի բացառիկ ունակություններին։ Ուստի գիրքը հիմնականում համահեղինակի աշխատանքն է, ով կազմի համառոտագրում ներկայացված է՝ որպես «Star Trek»-ի որոշ մասերի հիանալի սցենարիստ և հանրայնացնող (և դա երևում է նաև գեղեցկագույն պատկերազարդումներից, որոնք ասես մտածված լինեն այլ ժամանակների մանկական հանրագիտարանի համար՝ այնքան գունավոր են և գրավիչ, սակայն ընդհանրապես ոչինչ չեն բացատրում ֆիզիկա-մաթեմատիկա-տիեզերաբանական բարդ թեորեմների մասին, ինչը պետք է անեին)։ Միգուցե, զգուշությունից ելնելով, չարժեր փիլիսոփայության ճակատագիրը վստահել ճագարի ականջներ ունեցող կերպարների։

Աշխատությունը սկսվում է հենց այն հաստատուն պնդմամբ, թե փիլիսոփայությունն այլևս որևէ ասելիք չունի, և միմիայն ֆիզիկան կարող է մեզ բացատրել, թե (1) ինչպես հասկանանք այն աշխարհը, որում գտնվում ենք, (2) որն է իրականության բնույթը, (3) արդյոք տիեզերքն արարչի կարիք ունի, (4) ինչու ինչ-որ բան գոյություն ունի, և՝ ոչ հակառակը, (5) ինչու գոյություն ունենք մենք, և (6) ինչու է գործում օրենքների հենց այս, ոչ թե՝ մեկ այլ համախումբ։ Ինչպես երևում է, սրանք փիլիսոփակայան մտքին բնորոշ հարցադրումներ են, սակայն պետք է նշել, որ գիրքը ցույց է տալիս, թե ինչպես ֆիզիկան կարող է ինչ-որ կերպ պատասխանել հատկապես վերջին չորս հարցերին, որոնք նշված բոլոր հարցադրումներից ամենափիլիսոփայականն են թվում։

Միայն թե վերջին չորսի պատասխանները փնտրելուց առաջ պետք է պատասխանած լինես առաջին երկուսին, այսինքն, կոպիտ ասած, ի՞նչ է նշանակում՝ այսինչ բանը իրական է, և արդյո՞ք մենք աշխարհը ճանաչում ենք հենց այնպիսին, ինչպիսին այն կա։ Փիլիսոփայության դպրոցական ծրագրից կհիշե՞ք՝ ճանաչողությունը տեղի է ունենում ըստ մտքի՝ ինչ-որ բանի հետ համապատասխան լինելու։ Մեզնից դուրս ինչ-որ բան գոյություն ունի՞ (Վուդի Ալենը կավելացներ՝ «Եվ եթե՝ այո, ապա ինչի՞ համար են ողջ այդ աղմուկը բարձրացնում»), թե՞ մենք բերկլիյան էակներ ենք կամ, ինչպես կասեր Պուտնամը, ուղեղներ լոգարանակոնքի մեջ։

Այո, այս գրքում տրվող առանցքային պատասխանները զուտ փիլիսոփայական բնույթի են, և եթե չլինեին այս փիլիսոփայական պատասխանները, ֆիզիկոսը նույնպես չէր կարողանա ասել, թե ինչի համար գիտի և ինչ գիտի։ Հեղինակները, ըստ էության, խոսում են «կաղապարներից կախյալ մի ռեալիզմի» մասին, ասել է թե՝ ենթադրում են, որ «նկարագրություններից կամ տեսություններից անկախ՝ իրականության որևէ հասկացություն գոյություն չունի»։ Հետևաբար՝ «տարբեր տեսություններ կարող են բավարար կերպով նկարագրել նույն երևույթը միմյանցից տարբերվող հասկացական կառույցների միջոցով», և այն ամենը, ինչ կարող ենք ընկալել, իմանալ և ասել իրականության մասին, կախված է փոխգործակցությունից՝ մեր կաղապարների և դրսում գոյություն ունեցող այն ինչ-որ բանի միջև, որը գիտենք միայն շնորհիվ մեր ընկալման օրգանների և ուղեղի ձևի։

Ամենակասկածամիտ ընթերցողները նույնիսկ ճանաչած կլինեն կանտյան ուրվականին, սակայն, իհարկե, երկու հեղինակներն առաջարկում են մի բան, որը փիլիսոփայության մեջ կոչվում է «հոլիզմ» (Գ.Ղ.- ամբողջականության փիլիսոփայություն), իսկ ոմանց համար՝ «ներքին ռեալիզմ»։

Ինչպես երևում է, խոսքը ֆիզիկայի բնագավառի հայտնագործությունների մասին չէ, այլ փիլիսոփայական ենթադրությունների, որոնք գալիս են սատարելու և լեգիտիմացնելու ֆիզիկոսի հետազոտությունը՝ մի ֆիզիկոսի, որը, եթե լավն է լինում, չի կարող առաջ չքաշել սեփական մեթոդների առանցքում ընկած փիլիսոփայական խնդիրները։ Մի բան, որ արդեն գիտեինք, ինչպես մասամբ տեղյակ էինք նաև այն արտառոց բացահայտումներին (որոնք, հավանաբար, արվել են Մլոդինաուի և «Star Trek»-ի անձնակազմի կողմից), համաձայն որոնց՝ «հնում բնության դաժան գործողությունները բնազդաբար վերագրվում էին ինչ-որ Օլիմպոսի թունոտ և չարակամ աստվածների»։ Ի սեր Աստծո, և հետո էլ՝ Աստված վկա։

Նյութը հրապարակման պատրաստեց Գրիգոր Ղազարյանը