«Էրմիտաժի» տնօրեն, պատմաբան, 72 տարեկան, Սանկտ Պետերբուրգ
Ինձ չի կարելի տալ միայն 2 հարց՝ ինչո՞ւ եմ ես շարֆ կապում, և ո՞րն է իմ սիրած կտավը:
«Էրմիտաժը» մեկուսացված մի վայր է: Շատ մարդկանց համար դա մի վայր է, ուր կարելի է գնալ ու թաքնվել աշխարհից:
Մենք շատ արարողակարգային ենք: Մեր ցուցահանդեսները կայսերական թեքում ունեն ոչ թե այն պատճառով, որ մենք այդքան հպարտ ենք: Պարզապես մենք պետք է պահպանենք մեր ժառանգությունը: Արքան չկա, բայց շատ ավանդույթներ պաշտպանվել են: Կա արքայական տունը, իսկ մենք ոչ թե ծառաներ ենք, այլ օգնում ենք տարածել տան ոգին: «Էրմիտաժը» պալատ է, որը ցնցող կերպով հիշում է ինքն իրեն ու իր ավանդույթները, և շրջապատում ամեն ինչ պետք է որոշվի պալատով, նրա ոճով ու ճաշակով:
Մշակույթն ու քաղաքականությունը փոխկապակցված են: Միայն թե մշակույթը քաղաքականությունից ավելի բարձր է կանգնած: Երբ քաղաքականության մեջ ամեն ինչ կործանվում է, մշակույթը դառնում է այն կամուրջը մարդկանց միջև, որն ամենավերջում են պայթեցնում:
Առանց Վերսալի ցուցահանդեսի՝ Պուտինի և Մակրոնի միջև ոչ մի հանդիպում էլ չէր լինի: Ֆրանսիայի նոր նախագահն առանց առիթի հանդիպում չէր անցկացնի: Ժողովուրդներն իրար միացնող մշակույթը միշտ էլ դիվանագիտական գործառույթներ է կրում: Բոլոր ճգնաժամերն էլ հաղթահարվել են մշակույթի օգնությամբ: Հիշենք թեկուզ խորհրդային ժամանակները: Սկզբում տվյալ երկրում ցուցահանդես էին կազմակերպում, հետո նոր միայն վերականգնվում էին երկու երկրների միջև հարաբերությունները:
Երբ հասկանալի դարձավ, որ հնագույն Պալմիրան այլևս չկա, ես կատաղություն զգացի, քանզի ակնհայտ էր, որ հուշարձաններն ու գանձերը կարելի էր պաշտպանել:
Ցանկացած մերձավորարևելյան պատերազմ հիշեցնում է խաչակրաց արշավանք: Հայտնի է պատմությունն այն մասին, որ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Եկատերինա Առաջին կայսրուհին հավաքեց իր ողջ թանկարժեք իրերն ու գանձերը, թուրքերին կաշառեց, նրանք միջանցք բացեցին, և ռուսները շրջափակումից դուրս եկան: Իրականում պատերազմել կարելի է միայն հուշարձանների համար, և պետք է դրանք ամեն գնով պաշտպանել:
Թանգարանը երբեք ամբողջովին վիրտուալ չի դառնա: Այժմ առանց այն էլ զանազան շապիտոների պակաս չկա, ուր միանգամից ցույց են տալիս Վան Գոգի բոլոր կտավները: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա՝ բացի նրանից, որ այդ ձևաչափը թանգարան չես անվանի, ուր կա բնօրինակների էներգիան:
Մեզ ասում են՝ ապրեք դուք, որ անդրադարձել եք ժամանակակից արվեստին: Բայց չէ՞ որ դրա մեջ ոչ մի նոր բան չկա: Ժամանակակից արվեստի առաջին ցուցադրությունն անցկացվել է 1918թ. Պետրոգրադի Ձմեռային պալատում: Մի՞թե այսօր մենք կարող ենք մի կողմ քաշվել:
Մենք ոչ միայն պետք է ամեն ինչ անենք այցելուներին դուր գալու համար, այլև նրանց պետք է ծանոթացնենք ինչ-որ նոր բանի հետ: Երբ մենք Սնեյդերսի դահլիճում ցուցադրեցինք Ֆաբրի գանգերն ու խրտվիլակները, մարդիկ սկսեցին նաև Սնեյդերսի վրա ուշադրություն դարձնել, չնայած սովորաբար նրա կողքով արագ անցնում էին:
Իրականում Յան Ֆաբրի ցուցահանդեսի հետ կապված մեծ իրարանցում չկար: Այցելուները մի քիչ ավելի շատացան, բայց դա համեմատելի չէր Սերովի կամ Այվազովսկու շուրջ ստեղծված իրարանցման հետ, որոնք Տրետյակովյան պատկերասրահի այցելուների քանակը մի քանի անգամ ավելացրին: Խնդիրն այն էր պարզապես, որ Ֆաբրին տեսնեին նրանք, ովքեր երբեք չէին գա նրա ցուցահանդեսին:
Վստահությունը դեմոկրատիա չէ: Դա ուժի նշան է:
Բարդ պայմաններում, ինչպես հայտնի է, բանաստեղծները գրում են լավ բանստեղծություններ, նկարիչներն արարում են հիանալի կտավներ, իսկ երբ ամեն բան ազատ է, ոչինչ էլ տեղի չի ունենում:
Ես բավականաչափ ընդունում եմ գործող ռեժիմը: Ես կցանկանայի, իհարկե, որևէ պաշտոնական դիրք չզբաղեցնել քաղաքականության մեջ, բայց երբեմն դա պետք է անել ու օգնել: Ինձ համար Պետդումա 2011թ. ընտրվելը նույնն էր, ինչ Իսակիևյան տաճարի մասին պատրիարքին նամակ գրելը: Կան իրավիճակներ, երբ դու պետք է շարքից դուրս գաս և ինչ-որ բան ասես:
Շատ ավելի վատ կլիներ, եթե քո կարծիքը ոչ ոքի չհետաքրքրեր:
Այսօր հասարակության մեջ ու աշխարհում տեղի ունեցողը կարելի է անվանել մեկ արտահայտությամբ՝ Back in USSR, կամ՝ վերադարձ ԽՍՀՄ: Բիթըլզների երգի վերնագիրը շատ համահունչ է այս իրավիճակին:
Պետերբուրգը պետք է սիրել նվազագույնն այն բանի համար, որ նա չսուզվի ու չխեղդվի: Նա հեշտորեն է քանդվում: Քաղաքը ճահճի վրա է կառուցված, այն ունի մարգարեություններ, այն ատում են: Eվ քաղաքը յուրաքանչյուր պահի կարող է ջրի տակն անցնել:
Ես հագեցած, իրադարձություններով լեցուն կյանք եմ ապրում: Ես տարբեր աշխարհներում եմ ապրում և շարունակում եմ արևելագետ լինել: Ես ժամանակ չունեմ՝ զղջալու այն բանի համար, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել: Տարատեսակությունը կատարելություն է ստեղծում:
Թանգարանը մաքրագործման հզորագույն գործիք է:
Սոֆա Պետրոսյան