
Հայաստանում` Եղեգիս գետի ափին, կա ադրբեջանական գերեզմանատուն… Շիրմաքարերի կեսն ավերված է, բայց այսօր այստեղ ոչ ոք և ոչնչի ձեռք չի տալիս։ Գերեզմանատունը բոլոր կողմերից ցանկապատված է, իսկ մուտքին մետաղական դռնակ կա։
Վայոց Ձորի մարզ, Եղեգիս գյուղ… ադրբեջանական գերեզմանատան ցանկապատը փակ է։ Գերեզմանատուն կարելի է մտնել, եթե հանել դռնակից մոմած քուղը։
Վատ եղանակը` ամպրոպն ու կայծակը, խանգարում էին մեր նկարահանող խմբին, բայց ինչ-որ պահի ամեն ինչ հանդարտվեց։
Հայաստանում ադրբեջանական համայնքը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին, և 19-րդ ու 20-րդ դարերի ընթացքում` ընդհուպ մինչև արցախյան հակամարտության սկիզբը, խաղաղ ապրել է այստեղ։
Sputnik Արմենիայի թղթակիցներն ուղևորվեցին որոնելու մարդկանց, որոնք կարող էին թեկուզ ինչ-որ բան պատմել ադրբեջանցիների մասին, որոնք մի ժամանակ ապրել են Վայոց Ձորի մարզում։ Գտանք Շատին գյուղի հնաբնակին` 83–ամյա Արիս Սմբատյանին։ Նա պատմելու շատ բան ուներ։ Զրույցը ծավալվեց ներքին բակում, որտեղ մեզ գրկաբաց ընդունեցին տանտերերը։
– Մտերի՞մ էիք տեղի ադրբեջանցիների հետ։
– Իհարկե։ Մենք լավ ընկերություն էինք անում։ Նրանք հյուր էին գալիս մեզ, գիշերը մնում։ Եղել է, որ ես էլ եմ գիշերել նրանց տանը։ Մեր հարաբերությունները լավ են եղել մինչև 90-ականների սկիզբը, երբ իրավիճակը սրվեց…
Արիս պապիկը հիշողություններն էր պատմում հորդառատ անձրևի նվագակցությամբ։ Շատին գյուղի հնաբնակը ներկայացրեց, թե ինչպես է փոխանցել իր փորձն ադրբեջանցիներին, հաշվապահական գործ սովորեցրել նրանց։ Լավ հիշում է, որ հինգ աշակերտ է ունեցել։
– 11 տարի աշխատել եմ թուրքերի հետ (Հայաստանի գյուղերում մեծամասամբ այդպես են անվանում ադրբեջանցիներին)։ Ես միակ հայն էի, որն աշխատում էր ադրբեջանաբնակ գյուղում։
– Ի՞նչ էիք անում։
– Կոլտնտեսության գլխավոր հաշվապահն էի, – ասաց Արիս պապիկը` մտածկոտ կկոցելով վառ կապույտ աչքերը։ Հավանաբար, հիշեց երիտասարդությունը և ադրբեջանցի հարևաններին։ Դեմքի խորը կնճիռները բառերից խոսուն էին. այնքան բան է տեսել այս կյանքում։
Ադրբեջանական գերեզմանատուն Եղեգիս գյուղում