14-ամյա Գոռ Մնացականյանի մոտ աուտիզմն անմիջապես չի ախտորոշվել: Նրան երկար ժամանակ փորձել են բուժել այլ պաթոլոգիաներից, և միայն մի քանի տարի առաջ է ճիշտ ախտորոշում կատարվել: Ինչպես նշում են տղայի հարազատները, երբ երեխան փոքր էր, Հայաստանում քչերը գիտեին, թե ինչ է աուտիզմը: Այսօր և՛ բժիշկները, և՛ հասարակությունն ավելի տեղեկացված են, սակայն դեռ շատ խնդիրներ կան:
Գոռի ընտանիքն այդ ախտորոշման հետ համակերպվելու դժվար ճանապարհ է անցել: Սակայն, ինչպես նշում է տղայի քույրը, Անին՝ Գոռը միշտ սիրված երեխա է եղել, անհրաժեշտ էր միայն սովորել ընդունել նրան այնսպիսին, ինչպիսին նա կա: Հասարակությանը դա ևս անհրաժեշտ է սովորել, սակայն այստեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, թեպետ, ինչպես նշում է Անին, ավելի լավ է, քան նախորդ տարիներին:
Նրա խոսքով՝ Հայաստանում ներառական կրթության զարգացումը շատերին սովորեցրել է ճիշտ վերաբերվել զարգացման առանձնահատկություններով երեխաներին: Բայց մինչ մենք զբոսնում էինք այգում՝ մանկական խաղահրապարակի մոտ, անընդհատ որսում էինք անցորդների կարեկցող հայացքները: Մի կին մոտեցավ մեզ և տրտմեց, որ «այսքան գեղեցիկ տղա է, սակայն՝ հիվանդ»: Անին խնդրեց չխղճալ Գոռին և նրան հիվանդ չհամարել: Պետք է հասկանալ, որ նա պարզապես ուրիշ է. նա չի կարող արտահայտել այն, ինչ զգում է:
Թրեյնինգների ժամանակ Անին բացատրում է դա նաև ուրիշ երեխաներին. «Պատկերացրեք, որ ձեզ կապել են և փակել են ձեր բերանը: Ես ձեզ հետ խոսում եմ, և դուք ամեն ինչ լսում ու հասկանում եք, սակայն չեք կարող պատասխանել ինձ ո՛չ ձայնով, ո՛չ ժեստով: Այդպես և աուտիզմով մարդիկ են»: «Գոռն անում է այն, ինչ ուզում է, նա նույնիսկ ավելի ազատ է, քան մեզանից շատերը», -ասում է նա:
Գոռն այցելում է «Իմ ուղին» մասնագիտացված վերականգնողական կենտրոնը: Բացի այդ, նրա հետ շատ են զբաղվում նաև տանը. սովորեցնում են գույները, ձևերը: Տղան սիրում է զբոսնել, խաղալ հողի և խոտի հետ, նաև՝ երաժշտություն լսել: Այստեղ նա հատուկ նախապատվություն ունի՝ Քրիստինե Պեպելյանի երգերը: Թեպետ մենք Գոռի համար ռոք միացրեցինք, ու նրա արձագանքը անսպասելի էր նույնիսկ հարազատների համար: Ինչպես նշում են ընտանիքի անդամները, Գոռը երաժշտություն շատ է սիրում, և կենտրոնում նրա հետ հիմնականում երաժշտական թերապիա են անցկացնում:
Անին ցանկություն հայտնեց, որպեսզի Գոռի նման երեխաների համար կենրոնները Հայաստանում ավելի շատ լինեն և տարբեր տեսակի թերապիաները նրանց համար ավելի մատչելի լինեն: «Իմ ուղին» կենտրոն երեխաները հաճախում են անվճար: Գոռն այնտեղ շաբաթական ընդամենը մի քանի ժամ է անցկացնում, բայց դա շատ քիչ է: Անհրաժեշտ է, որպեսզի այդպիսի երեխաների հետ անընդհատ զբաղվեն:
«Հիմնականում ծնողները երեխաներին լոգոպեդների, թերապիստների հետ անհատական դասընթացների են տանում: Սակայն դա կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ: Այս մասնագետների հետ մեկ ժամ պարապմունքն արժե 5000 դրամ կամ ավելի», – ասում է նա՝ հավելելով, որ նման երեխաների հետ հարկավոր է պարապել օրվա մեջ մի քանի ժամ, և ընտանիքները մեծ ֆինանսական խնդիրների են բախվում այս հարցում:
Անին հիշեցնում է, որ Հայաստանում արդեն դելֆինաթերապիայի, հիպոթերապիայի կենտրոններ, լողավազաններ կան, սակայն դրանք ոչ բոլորի համար են հասանելի: «Ես կցանկանայի, որպեսզի այսպիսի երեխաներն այս ամենից անվճար օգտվելու հնարավորություն ունենան: Քանի որ առանց այդ էլ ծնողները մեծ գումարներ են ծախսում նրանց կենցաղի կազմակերպման համար և մեծ խնդիրների են բախվում»,- ասում է նա:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, Աուտիզմի Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Այն հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի՝ 2007 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ: