Ամեն շաբաթ մի քանի չափաբաժին ընկուզեղենի գործածումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում՝ նախասրտերի թելիկախաղերի՝ անռիթմության ամենատարածված տարատեսակի վտանգը: Այս եզրակցությանն են հանգել շվեդ գիտնականները, ինչի մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հոդվածը հրապարակված է Heart հանդեսում: Հետազոտությանը մասնակցել են 45 – 83 տարեկան 61 հազար շվեդներ:
Հետազոտությունից առաջ անհրաժեշտ էր, որ նրանք պատմեին իրենց օրաբաժնի և սնվելու կարգի մասին: Այնուհետև կամավորների սիրտ-անոթային համակարգի վիճակին հետևել են 17 տարի: Եթե մարդը մահացել է այդ ժամկետից շուտ, գիտնականները որոշել են մահվան պատճառները:
Դա թույլ է տվել կապ գտնել կյանքի ոճի, որը որոշվում է սննդի օրաբաժնով, վնասակար սովորությունների առկայության, կյանքի տևողության և այլ գործոնների միջև: Պարզվել է, որ ընկուզեղենի գործածումը նվազեցնում է սրտի նոպայի, սրտի անբավարարության, նախասրտերի թելիկախաղի և որովայնային աորտայի անևրիզմի վտանգը: Արդյունքները տատանվում են կախված սեռից և տարիքից, բայց միջին հաշվով ամսական երեք-չորս չափաբաժին ընկուզեղենն անռիթմության վտանգը նվազեցնում է ընդամենը 3 տոկոսով, շաբաթական մեկ-երկու չափաբաժինը՝ 12 տոկոսով, շաբաթական երեք չափաբաժնից ավելին՝ 18 տոկոսով: