Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հանրապետության հրապարակում հանդիպման այս լուսանկարը, հետևյալ գրառումն էր կատարել:
«Նիկոլը Մաքիավելլին չէ։ Որքա՞ն է բանակցային լուծումների հավանականությունը՝ ելնելով այս լուսանկարի տրամաբանությունից։ Բավականաչափ ցածր, բայց կա։ Նիկոլի զննող, փորձող հայացքով կարելի է չափել անվստահության խորությունը։ Կողմերի այլընտրանքը միմյանց բացառող է, հնարավոր համաձայնության տարբերակ գործնականորեն չի քննարկվում։ Կարելի՞ է արդյոք թեկուզև ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ակցիաների ճնշմամբ ուլտիմատիվ կարգով իշխանությանը պարտադրել կապիտուլացվել։ Ենթադրում եմ, որ ոչ։ Եվ խնդիրը միայն վարչապետը չէ։
Ընդդիմադիր շարժման ու դրա քաոսայնացման աճի հետ ինչ-որ հատվածում վերահսկողության կորստի ու բռնության էսկալացիան բավականին մեծ է։ Նելսոն Մանդելան, ում անունը Հայաստանում լայն ճանաչում ստացավ բոլորովին վերջերս, «սատանայի», ապարտեիդի ռեժիմի հետ բանակցությունների գնաց հենց արյունից խուսափելու համար, քանի որ հստակ գիտակցում էր, որ անհնազանդության ոչ բռնի ակցիաները վաղ, թե ուշ հանգեցնելու են բռնության էսկալացիային։ Իսկ իր երազանքի պետությունը բռնության վրա ստեղծել հնարավոր չէր։ Բանակցությունների արդյունքում «անցումային շրջանի» որոշում գտնվեց, ինչը տարբեր պատճառներով բավարարում էր կողմերի հետաքրքրությունները»։
Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո Ա. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նրանց զրույցին, գրել է.
«Դիտեցի «Մարրիոթ» հյուրանոցում վարչապետ Սերժ Սարգսյանի ու ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև «բանակցությունները»: Իմ թրենինգային ծրագրերի հազարավոր մասնակիցներ անցել են «Ռադիոկայան» անվամբ կոշտ բանակցությունների բազային սիմուլյացիայի միջով տեսագրության միջոցով։ Կարելի՞ է արդյոք դուրս գալ վերջնագրային փակուղուց։ Անկասկա՛ծ։ Նույնիսկ 3 րոպեի ընթացքում կարելի է նախանշել ելքի ուղիները։ Ըստ էության «Մարրիոթում» բանակցություններ չկային և չէին էլ կարող լինել։ Հասկանալու համար բավական էր տեսարանը՝ ԶԼՄ-ների խոսափողներ սեղանին ու լրագրողների ներկայություն։ Ամենայն հավանականությամբ նրանց ներկայության համար պնդել էր Նիկոլը, որպեսզի խուսափեր «ծախվելու» հավանականության վերաբերյալ շահարկումներից։ Սակայն նրանց ներկայությունը նշանակում էր, որ բանակցություններ չեն լինելու, կլինի դիրքերի դիտարկում, նշանակում է, դրանց ամրապնդում։ Այժմ արդեն բանակցություններ հաստատ չեն լինի։ Եթե դեռ առավոտյան խաղաղ ելքի հույս էի փայփայում, այժմ արդեն՝ ոչ։ Այժմ արդեն միայն պետք է աղոթել Աստծուն, որ արյուն չհեղվի…»: