Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին Գագիկ Ծառուկյանի մասին իր նախկին հրապարակումների մասին
Advertisement 1000 x 90

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին Գագիկ Ծառուկյանի մասին իր նախկին հրապարակումների մասին

Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ:

Ազգային ժողովում լրագրողները Ն. Փաշինյանին հարցեր ուղղեցին՝ ո՞րն էր շարժման հաջողության գրավականը, Սերժ Սարգսյանի՝ իրավիճակին չտիրապետե՞լը, արտաքին ուժերի չմիջամտե՞լը, թե՞ բոլորովին նոր բան:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առայժմ չի կարող հետևություններ անել, միգուցե շատ բաներ դեռ կողքից դիտարկելու անհրաժեշտություն կա:

Վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու կապակցությամբ և ՀՀԿ-ի հետ այդ առիթով բանակցությունների մասին Փաշինյանն ասաց, որ խոսք չի գնալու իրեն վարչապետ ընտրել-չընտրելու մասին, այլ՝ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու մասին. «Եթե ընտրությունը չի լինում՝ ներքաղաքական ճգնաժամը խորանալու է»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ձեզ պաշտպանելու են պատգամավորներ, որոնք, ըստ օդում կախված լուրերի, երկար տարիներ հարկային պարտավորություններից խուսափել են, հարկեր չեն վճարել, այդ քվեն ձեզ հետագայում չի՞ կաշկանդելու, որ նրանց բերեք հարկային դաշտ՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում պատասխանեց, որ չի հասկանում, թե խոսքն ո՞ւմ մասին է։

Լրագրողը հարցը հստակեցրեց`Գագիկ Ծառուկյանի:

Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, երաշխավորում եմ, որ ՀՀ-ում կլինի լիարժեք օրինականություն: Ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել՝ մեղավորության կանխավարկածով»:

Լրագրողները զարմացան՝ Ձեր դիրքորոշումներում արդեն փոփոխությո՞ւն է եղել, մենք հիշում ենք ձեր քննադատական ելույթները տարբեր անձանց, օլիգարխ պատգամավորների, նրանց կարողությունների մասին, իսկ հիմա կարծես խուսափում եք, մեղմացնում եք, Փաշինյանը պատասխանեց.

«Մեղմացման մասին չի խոսքը, երբ որ մենք իշխանություն լինենք, իշխանության թևերի տարանջատումն ամենակարևոր սկզբունքներից մեկն է: Երբ մի մարդը երկրում համ վարչապետ է, համ դատավոր է, համ դատախազ, համ քննիչ, համ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ են պրոբլեմները սկսում: Իշխանության թևերի բնականոն գործունեությունը պետք է ապահովի, դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա: Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի: Ես չեմ պատրաստվում լինել և վարչապետ, և դատախազ, և քննիչ, և քրեակատարողական հիմնարկի պետ և այլն: Այսինքն, հակառակ դեպքում մենք կընկնենք էլի նույն դաշտ, երբ որ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ով է ազատության մեջ մնալու, ով՝ ոչ»: