Դերասան Վարդան Պետրոսյանը երկու օր առաջ է վերադարձել Հայաստան: «Հետքին» տված հարցազրույցում նա պատմեց, որ Հայաստան այցելությունը ծրագրած չի եղել: Գալու նպատակը համաժողովրդական շարժումը տեսնել, զգալն է ֆիզիկապես և, իհարկե, լինել երիտասարդների կողքին:
-Վարդա՛ն, երկու օր է Երևանում եք, բնական է՝ հետևել եք շարժմանը սփյուռքից: Ի՞նչ եք զգացել, տեսել, արձանագրել:
-Ճիշտ է, որ առաջին օրվանից հետևել եմ շարժմանը: Եվ ես մենակ չեմ: Սփյուռքում մարդիկ առավոտից երեկո ինտերնետով հետևում են Հայաստանի իրադարձություններին: Բոլորը հոգով, սրտով, ամբողջ էությամբ մեր ժողովրդի հետ են: Շատ-շատերը այս պահին կուզենան ներկա լինել Հայաստանում: Բայց շատերը չունեն այդ հնարավորությունը: Ես կարողացա գալ, որովհետև դրսում լինելն արդեն դառնում էր անտանելի: Ուզեցի ֆիզիկապես ներկա լինել: Կան պրոցեսներ, երբ հեռվում լինելը շատ դժվար է: Նաև ինձ անհանգստացնող երևույթներ կային, դա էր պատճառը, որ ուզեցի անպայման ներկա գտնվել, բայց ոչ միայն ֆիզիկապես ներկա լինել, այլև ապրել այս պահերը:
-Գալով Երևան, դուրս գալով փողոց, հրապարակ՝ ի՞նչ փոփոխություն տեսաք մարդկանց մեջ:
-Առաջին փոփոխությունը՝ շարժումը առաջ են տանում երիտասարդները, շարժման ղեկը երիտասարդների ձեռքին է: Սա ամենակարևորն է, ամենահուզիչն ու ամենաողջունելին: Երիտասարդները չեն ուզում ապրել այնպես, ինչպես ապրում էին առաջ: Ուղղակի պետք է կանգնել նրանց կողքին: Մեր սերունդն ինչ արեց-արեց՝ լավ արեց, վատ արեց, արդեն նշանակություն չունի: Բայց այսօր երիտասարդները գնում են առաջ, նրանք այլ կերպ են ուզում ապրել, այլ կերպ են տեսնում կյանքը:
Ես երեկ մտել եմ մի պետություն, որը նման չէր նախկինում տեսածս Հայաստանին: Տեսե՛ք՝ ինչքան ուրախություն կա, ինչքան ժպիտ, ինչքան համարձակություն: Երբ ամեն անգամ գալիս էի Հայաստան, զգում էի, որ մարդկանց մեջ ինչ-որ ճնշվածություն կար, վախ կար: Հարցեր էին տալիս՝ բա՛, Վարդա՛ն ջան, ինչ ա լինելու, դու ոնց ես տեսնում ելքը, էս վիճակը ինչքան կշարունակվի: Ինչքան կարողանում էի, գոտեպնդում էի մարդկանց ներկայացումներովս, մարդկանց հետ առանձին խոսակցությունների ժամանակ: Բայց այսօր այն, ինչ տեսա, շատ-շատ կարևոր է: Մարդիկ ձերբազատվել են վախից, իրենք իրենց վախերն են հաղթահարել, դարձել են ուրիշ մարդ, ճիշտ մարդ:
Բոլորը հասկանում են, որ դժվարություններ կան ու դեռ առջևում են, բայց կա պետություն կառուցելու գիտակցումը: Անդառնալի դրական, լավ, լուսավոր երևույթներ են տեղի ունեցել: Վերջնականապես հայ մարդն իր մեջ որոշում է կայացրել՝ ես այլևս չեմ կարող գաղջի մեջ ապրել: Եվ սա որոշ քաղաքական ուժեր, եթե կարելի է նրանց այդպես անվանել, պետք է վերջապես հասկանան: Արդեն դեմագոգիայի ժամանակը չէ, էլ ոչ մեկի դրանով չես խաբի: Սա այլևս իրենց իմացած ժողովուրդը չէ:
Մեծահասակներին՝ տատիկ-պապիկ, ծնողներ… բոլորին եմ տեսնում, բայց պիտի երիտասարդների կողքին կանգնի նաև մտավորականը: Պիտի միասնական լինենք, հոգևորականներ թող լինեն, օրհնեն շարժումը:
-Ձեր կարծիքով ի՞նչը մարդկանց դուրս բերեց փողոց պայքարելու:
-Ներքին սպասումների, քնած հարբուխի ժայթքում էր սա: Օդից նման շարժում չէր կարող ծնվել: Ժողովուրդը էլ չէր դիմանում: Կրիտիկական վիճակում էր Հայաստանը: Անարդարությունը դարձել էր կենսակերպ, բանը բանից անցել էր: Երկրից գնում էին անգամ մարդիկ, ովքեր հարուստ են, նույնիսկ ճնշված չեն, ինչ-որ չափով առնչվում են մի քանի կլանների: Սակայն երկրում ստղեծվել էր ճահճացած վիճակ, այդպիսի բորբոսնած ճահճում ինչ-որ բան պիտի տեղի ունենար: Ու ամեն ինչ սկսվեց Գյումրիից Նիկոլ Փաշինյանի քայլերով:
-Անարդարության մասին խոսեցիք: Դատաիրավական համակարգում ինչպիսի՞փոփոխությունների կարիք կա:
– Մշակույթ, կրթություն, արդարադատություն, որևէ համակարգ չկա, որ պղծված չլինի: Բակտերիաներն ամեն ինչ քայքայել են: Բայց եթե գնանք վրեժխնդրության ճանապարհով, երկիրը չի վերականգնվի: Պիտի ամեն ինչ տանել օրինականության դաշտ:
Իսկ դատաիրավական համակարգի հետ շփման փորձ ունեցել եմ: Ես տեսել եմ՝ ինչ է կատարվում բանտերում, դատարաններում: Անպայման պիտի վերափոխվի այդ ամենը: Կալանքից դուրս գալուց հետո իմ նոր ներկայացման մեջ խոսում եմ հենց դատաիրավական համակարգի խնդիրների մասին բավականին մանրամասն: Այդ համակարգը ամեն ինչից հարստանում էր: Հարստացման աղբյուրներից մեկն էլ հենց կալանվորն էր: Գիտեք՝ ինչքան անարդար դատապարտված մարդիկ կան մեր բանտերում: Իհարկե, չեմ կարող տոկոս ասել, բայց կեսից շատը անմեղ-մեղավորներ են: Երբ մարդուն տոնածառ դնելու համար 6 տարի ազատազրկում են, 10.000 դրամի համար՝ 5 տարի:
Ամբողջությամբ՝ hetq.am