Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.
«Ինչու՞ էին մարդիկ դժգոհ ու դուրս եկան փողոցներ։ Որպես փաստարկ հաճախ հնչում է աղքատությունը, գները, արտաքին պարտքը ու լիքը տնտեսական ու սոցիալական գործոններ։ Մինչդեռ ցուցարարների դեմոգրաֆիան, հատկապես սկզբնական շրջանի ցուցարարների դեմոգրաֆիան լրիվ այլ պատկեր է ցույց տալիս։ Ներկա չէր սոցիալական կյանքից բողոքող ու համարյա պատմական բոլոր ցույցերին մասնակցող սոցիալական խավը։ Բոլոր ցույցերի ժամանակ միշտ շրջել եմ ցուցարարների միջով, որ հասկանամ բողոքավոր այդ հատվածին։ Այս անգամ լրիվ այլ պատկեր էր։ Երիտասարդներ, աղջիկներ, ժամանակակից, կյանք վայելող …. վիրավորական չհնչի՝ հոգնած մասսա չէր։ Ովքե՞ր էին նրանք (անցյալով եմ գրում, քանի որ ինչքան մասնակցությունը մեծանում է, շերտերի բազմազանությունը նույնպես մեծանում է): Եկա եզրակացության, որ նրանք մերժվածներն էին, որոնք եկել էին մերժելու։
Բոլորի ուշադրությունը վերջին օրերին գամված էր ԱԺ-ի անցուդարձին։ Մարդիկ տեսնում էին իշխող կուսակցության միայն երևացող հատվածին, որոնք կատարում են օրենսդիր աշխատանք։ Սակայն զուգահեռ մոռացվում էր իշխող կուսակցության այն հատվածը, որը կաթիլ առ կաթիլ, հետևողականորեն մերժում ու ստեղծում էր նշածս երևույթը։ Առաջին հերթին դրանք կրթության ոլորտի կուսակցական ֆունկցիոներներն են։ Ռեկտորներ, որոնք աշխատել են հանուն կուսակցության, այլ ոչ թե կրթության։ Ուսխորհուրդներ, որոնք լրիվ այլ ու կուսակցական գործունեություն են ծավալել։ Համակարգ, որը մտրակի ու բլիթի մեխանիզմով փորձել է ճնշել ու կառավարելի դարձնել ուսանողությանը։ Վերցրեք ուսանողներին ու դասախոսներին, հանեք կուսակցական ակտիվը, տակը կմնա ըմբոստ հատվածը։ Նմանապես կուսակցականակցվեց հանրակրթությունը. տնօրեններ, որոնք զբաղված էին ընտրացուցակներով, արտոնություններով, ուսուցիչներին վերևից եկող ճնշելու գործիք հանդիսանալով։ Դպրոցը համայնքի վերածելու փոխարեն, շատ վայրերում նմանեցրել են բանտի, որից աշակերտը ժամ առաջ ուզում է փախնել։ Նմանապես երիտասարդական ծրագրերը, որտեղ, հանրային միջոցներն օգտագործելով, ուղղում էին բացառապես լոյալ երիտասարդների։ (Միակ բացառությունը Լույսն է, որն այլ թեմա է, թեպետ արժանի ուշադրության): Այդպիսով, ցանկացած շփում համակարգի հետ քեզ կամ դարձնում էր համակարգին յուրային, կամ էլ օտար. մերժում էր քեզ որպես երիտասարդ։
Հաջորդ մերժվածների մեծ խումբը երևանցիներն են։ Երբ Նիկոլը սկսեց շարժումը մարզերից, մտածեցի, որ ոչինչ էլ չի լինի, քանի որ հեղափոխությունները միայն մայրաքաղաքում են լինում։ Ու այն եղավ հենց մայրաքաղաքում։ Բայց ինչու՞ մայրաքաղաքը միացավ։ Երևանի քաղաքապետարանն այն կառույցն է, որը մերժում է երևանցիներին իրենց քաղաքը տասնյակ տարիներ շարունակ։ Հանրային տարածքները վեր է ածում քառակուսի մետրի ու վաճառում այն։ Հանրային տրանսպորտը վեր է ածում գծերի, ու կրկին վաճառում այն։ Կայանատեղիները վեր է ածում կարմիր գծերի՝ ու էլի վաճառում։ Խոհեմության սահմանն անցած տուգանքներն էլ դարձան շարժմանը վարորդների միացման պատճառներից մեկը։ Սա երևանցիներին օտարացրած արարքներից մի քանի նմուշ է միայն։ Ինչքան արժեքավոր հուշեր կորցրեցին երևանցիներն «ավելի բարեկարգ Երևան» լոզունգի ներքո։ Ու սա մի քաղաք, որի բյուջեն ահռելի մեծ է, բայց երևանցին անհաղորդ է իր քաղաքի ապագայի ճակատագրից։
Երիտասարդություն+մայրաքաղաք=հեղափոխություն։ Ահա երկու կարևոր գործոն, որտեղ ՀՀԿ- ն ամբողջությամբ ձախողեց։ Հնարավոր չէ կոմսոմոլ կառուցել միայն մի հատվածի համար։ Այդպիսի կուսակցական կառավարումը աշխատում էր միայն սովետում, քանի որ այն համընդգրկուն էր։ Ավելին, բոլոր այդ ռեսուրսները, որ ներ են դրվել այդտեղ անիմաստ էին, քանի որ լոյալության չափանիշով կստանաս նրանց, ում կարող էիր ավելի էժան ստանալ։ Խոսքը նույնիսկ ընտրություների, ընտրակաշառքի, թաղի տղերքի, կրիմինալի մասին չի։ Այլ ձախողած Երևանի կառավարման, կրթության համակարգի ու երիտասարդական ծրագրերի մասին։
Իսկ ի՞նչ կապ ունի տնտեսությունը։ Քաղաքական հռետորաբանությունը մասնագիտական չի։ Իշխանությունները գովերգելու են, իսկ ընդդիմությունը քննադատելու է։ Իրականում տնտեսական շատ ցուցանիշներ բարելավվել են, իրականում արտաքին պարտքը կառավարելի է, գործազրկություն ու աղքատությունն էլ այնպես չեն վերուվար արել, որ կերտեն նոր ըմբոստ զանգված։ Նմանապես գները կայուն են, տոկոսներն իջել են։ Բայց անելիքներ շատ կա։ Հատկապես մենաշնորհների, սուբսիդավորված բիզնեսների, կոռուպցիայի, անօրինական հարստացման ու այլ շատ կետերով։ Եվ այս պահին պաթոսն այլևս պետք չէ. ավելին, տնտեսությունն այս ֆոնին ավելի արագ տեմպով է զարգանալու։ Ոչ մի կտրուկ քայլ պետք չի։ Ավելի մանրամասնելով ասեմ, որ այսպես կոչված անկախ հանձնաժողովներում ավելի շատ խնդիր կա, քան կառավարության, նախարարությունների ու կենտրոնական բանկի աշխատանքներում։ (Խոսքս ֆինանսատնտեսական բլոկին է առնչվում)։ Այսպիսով, ոչ թե տնտեսական ցուցանիշներն են հանել մարդկանց բողոքի, այլ երկրի ու իրենց ապագային առնչվող գործընթացներին անմաս լինելը, մարդկանց ձայնը չլսելը, արհամարհելն ու մերժելը։ Եվ ամենամեծ խնդիրն այսօր այդտեղ է։ Ուսանողը պետք է մասնակցի իր ԲՈՒհ-ի կառավարմանը, ուսուցիչը չպիտի վախենա դպրոցում ազատ գործելուց, երևանցին լիակատար պիտի մասնակցի իր քաղաքի կառավարմանը, ու չվախենա կարծիք հայտնել, ինչ-որ մի տեղեկանքի մերժման ռիսկից։ Թիթեռնիկ նկարելը հանգեցրեց այս ամենին։
Հավելեմ, որ ոչ միշտ է իշխանությունը արհամարհել մարդկանց։ Իշխանությունը միատարր չի։ Ծրագրերն էլ են տարբեր եղել, միջոցառումներն էլ։ Ու այսօր, կենտրոնանալով միայն ԱԺ պատգամավորների վրա, կենտրոնանալով միայն տնտեսական ցուցանիշների շուրջ լեզվակռվի վրա, չենք նկատում այսբերգի տակի հիմնական խնդիր առաջացնող հատվածը։ Նույնիսկ սկսել ենք վիճակագրական քննարկումներ, պայքար թվերի դեմ։ Հավելեմ, որ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ շարժմանը միացել են աշխատանք ունեցող ու հիմնականում երիտասարդ մարդիկ, քան թե գործազուրկները։ Սա հենց ցուցանիշ է, որ թվերը չեն խաբում։ Մարդիկ ոչ թե տնտեսություն էին ուզում, այլ արժանապատվություն։ Իրենց երկրում մերժված լինելուց հոգնել էին։ Բայց դե սա չի նշանակում, որ տնտեսություն պետք չի։
Անելիքներ դեռ շատ կան։
Իսկ վերջում ամենաշատ մերժված հատվածի մասին։ Այո կանանց մասնակցությունն աննախադեպ է։ Կանայք մեր հասարակությունում ամենից շատ արհամարհված հատվածն է։ Ու այս ցույցերն ազդակ են արդեն ոչ միայն կառավարման համակարգին այլ ամբողջ հասարակությանը, որ մենք ունենք կարող մի մեծ հատված, որոնց օտարացնում ենք։ Երիտասարդ աղջիկների ակտիվ մասնակցությունը պետք է համարել քաղաքական շարժմանը զուգահեռ շարժում. «Լսեք մեզ, մենք կանք ու մենք ուժեղ ենք»։
Կրկնվեմ, որ խոսքս շարժման ակունքների ու հիմքերի մասին է։ Շարժմանը շատ այլ խմբեր են միացել։ Մշտական ըմբոստներին ու ակտիվին մի կողմ թողնելով՝ փորձեցի նայել այն նորին, որ նկատեցի»։