Վերջին օրերին բազմաթիվ անգամներ ու տարբեր առիթներով հիշեցվեց «Հաղթանակները հազար ու մի տեր ունեն, պարտությունները որբ են» արտահայտությունը:
Հիշեցվեց հեղափոխությունների տրամաբանության ենթատեքստում:
Սակայն Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական հզոր, անբեկանելի ընդվզումը, թավշյա, խաղաղ, առանց բռնությունների, բաց ձեռքերի, սիրո, համերաշխության, հանդուրժողականության հեղափոխությունը ի թիվս բազում անհավատալի փոփոխությունների, զարմանալիորեն բացառիկ կերպով փոխեց նաև այս արտահայտության գոյության իմաստը:
Հայաստանում հաղթանակը ոչ միայն հազար ու մի տեր չունեցավ և չունի, այլև, իր՝ այդ հաղթանակը կերտած անհատի համոզված խոստովանությամբ, այդ հաղթանակի տերը նույնիսկ այն կերտած անհատը՝ Նիկոլ Փաշինյանը չէ: Այդ հաղթանակի տերը Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացին է այլևս:
Փոխվեց նաև պարտության ու որբության կառուցվածքը: Պարտությունը ոչ միայն որբ չմնաց, այլև առնվազն 56 մարդ աներկբայորեն իրեն հայտարարեց այդ պարտության ու որբության իրական տերը:
Իսկ ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ այդպես եղավ:
Այս հարցադրումներին մոտենալու համար նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը:
Ա. Նիկոլ Փաշինյանը մեկընդմիշտ փոխեց Հայաստանում քաղաքական պայքարի խորհրդանշանային համակարգը (սիմվոլիկան):
Հրաժարվելով Ազատության հրապարակից, նա փակեց մինչ այսօր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունների, ընդվզումների, պայքարների, շարժումների էջերը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որքանով են իդենտիֆիկացվում զարթոնքի կամ նահանջի, հաղթանակի կամ պարտության, այս կամ այն սերնդի կամ անհատի կյանքի գործի հետ: Նա մեզնից յուրաքանչյուրին իրավունք վերապահեց մնալ իր հիշողությունների, իր ունեցած զգացողությունների, իր երջանկությունների կամ դժբախտությունների, իր կյանքի պատմության հետ, բայց թողեց դրանք անցյալում ու ներկան, բոլորիս ներկան սկսեց նոր էջից:
Բ. Նիկոլ Փաշինյանը փոխեց Հայաստանում քաղաքական պայքարի վիզուալիզացիան (ակնադիտական կերպը):
Ուզենք, թե չուզենք, այլևս չկան թատերական, ապա՝ ազատության հրապարակի հարթակում նույնատիպ կանգնած գործիչներ, մեկտեղված, բռունցքված ձեռքեր, սկիզբ ու վերջ ազդարարող կոնստանտ երաժշտություններ, նախապես պատրաստված պաստառներ, պարտադրված կարգախոսներ, ստատիկ առաջնորդներ, նրանց համար բացվող միջանցքներ և այլն:
Չկա անգամ մոգական հարթակը:
Այսօր երկրի յուրաքանչյուր անկյունում են ծնվում կարգախոսներ ու վանկարկումներ, երգեր ու ակցիաներ, գործողություններ ու մեմեր, անեկդոտներ ու պատմություններ, առաջնորդներ ու ուղղորդողներ: Ինքնատիպ են, կամ՝ ոչ, ուժեղ են, կամ՝ թույլ, առավել ազդեցիկ են, կամ՝ նվազ, ոչ մեկի որոշելիքը չէ այլևս: Կա մի անփոխելի ընդհանրություն՝ ամեն ինչ ծնվում է մեկ առանձին քաղաքացու, մեկ առանձին անհատի մոտ, կողմից, ու դառնալով կամ չդառնալով հանրայնորեն ընդունելի, վաստակում է իր ապրելու կամ մեռնելու իրավունքը:
Այլևս Հանրապետության հրապարակն է քաղաքական պայքարի վիզուալիզացիայի կենտրոնը. հրապարակ, որը նաև Հայաստանի, երկրի, պետության կենտրոնն է, թվացյալորեն միշտ անմատչելի, միշտ անառիկ: Եվ այլևս հաղթահարված է նաև որևէ բանի անմատչելիության սինդրոմը: Չգիտեմ, պատահական է՞ր արդյոք մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից, որովհետև Ֆրանսիան իդենտիֆիկացվում է Բաստիլ գրավելու փաստի հետ, բայց կարևոր չէ: Կարևորը, որ Հանրապետության հրապարակն է այլևս ուղղորդող, ուղեղային կենտրոնը:
Ամբողջությամբ՝ thearmenians.am