Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի հրապարակումը.
«Վերջին քսան տարիների «գունավոր», «թավշյա», «պատրանքային» հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ հաջող ժողովրդավարացումը ենթադրում է ոչ թե հակամարտող քաղաքական ուժերից մեկի բացարձակ հաղթանակ, այլ յուրօրինակ պակտ կամ պակտերի շարքի ձևակերպում, որոնք սահմանում են ժողովրդավարացման հետագա փուլերի «խաղի կանոնները» և որոշակի երաշխիքներ տրամադրում «պարտվածներին» և պոտենցիալ հեղափոխականներին (պակտը դա կոալիցիան չէ և չի ենթադրում միայն ինստիտուցիոնալ դրսևորում):
Պակտի լեգիտիմացումը և դրա հետագա զարգացումը թույլ է տալիս անցնել ժողովրդավարացման առանցքային պահերից մեկին` նոր իշխանության ազատ և մրցակցային ընտությունների անցկացմանը:
Այս համատեքստում մեզ համար ուշագրավ է և ուսանելի Իսպանիայի օրինակը…
Ֆրանկոյի վարչակարգի անկումից հետո պահպանողականների և զինվորականների դիրքերը դեռ բավականին ամուր էին: Սակայն իր նշանակումից երեք ամիս անց վարչապետ Ա.Սուարեսը (որը մինչ այդ ծայրահեղ հետադիմականի համբավ ուներ) քաղաքական բարեփոխման մասին օրենք անցկացրեց: Լեգալացվեցին և լեգիտիմացվեցին սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները, արհմիու-թյունները, գործադուլի իրավունք մտցվեց: 1977թ. հունիսին անցկացվեցին ազատ ընտրություններ:
Սուարեսի «Ժողովրդավարական կենտրոնի միություն» կուսակցությունը բոլոր կուսակցություններին առաջարկեց ստորագրել համատեղ գործողությունների մասին համաձայնագիր՝ Մոնկլոյի հռչակավոր պակտը, որը սոցիալական փոխհամաձայնության հիման վրա սուր տնտեսական հիմնախնդիրների լուծման, մենաշնորների և գերշահույթի մերժման, կապիտալի հումանիզացման, սոցիալական երկխոսության, պետական և քաղաքական իշխանության ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ իրականացման մեխանիզմներ մշակեց և ներդրեց:
Փաստորեն, Մոնկլոյի պակտով իսպանացիները իշխանական հարաբերություններ ներդրեցին համակեցային նոր կանոններ. ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՉԿԱ, ԲԱՑԱՐՁԱԿ ՊԱՐՏՎՈՂ ՉԿԱ: Իսկ ժողովրդավարական որակ ապահովող շարունակական փոփոխությունները տեղի են ունենում լեգիտիմ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի միջոցով:
Նշենք, որ քաղաքական գիտությունը՝ ուսումնասիրելով հեղափոխությունների տրամաբանությունը, առանձնացնում է հեղափոխություններից հետո քաղաքական և այլ ուժերի միջև նմանատիպ պակտերի անհրաժեշտությունը:
Ավելին, վերջինս անհրաժեշտ և պարտադիր պայման է՝ անցումից համախմբում, ինչպես նաև ռազմավարական կառավարում իրականացնելու համար:
Ենթադրվում է, որ նմանատիպ պակտերը՝ մշակելով համակեցության նոր կանոններ, հնարավորություն են տալիս հեղափոխության միջոցով բացահայտված և հավաքագրված էլիտաներին չհրապուրվել իրենց իշխանությամբ և պատասխանատվությունը կիսել այլ քաղաքական ուժերի, բիզնես-էլիտայի, և քաղաքացիական հասարակության հետ… Այս պայմանները անհրաժեշտ են, որ քաղաքական և քաղաքացիական հասարակությունները համագործակցեն միմյանց հետ…
Ընդգծելով պակտի անհրաժեշտությունը, նշենք, որ վերջինիս բացակայությունը ստեղծում է անորոշություններ՝ մերժելով «հաղթանակ-հաղթանակ» հնարավորության ռացիոնալ օգտագործումը: Այլապես, քաղաքական և պետական իշխանությունը պարբերաբար կգտնվի լատենտ տրոհումների գործընթացում՝ վտանգելով պետականությունը և ստեղծելով սպասումների հիասթափություն…»: