Հայաստանում աննկարագրելի ոգևորություն և ուրախություն է նոր վարչապետի ընտրության և թավշյա հեղափոխության հաղթանակի առիթով: Այդ իմաստով, հաղթանակի տոնը վերջին երկու-երեք տասնամյակներին թերևս բացառիկ կերպով վերաիմաստավորված է՝ եռատոնից դառնալով քառատոն: Այս ամենում, իհարկե, կա էյֆորիայի, իռացիոնալության, չափազանցված սպասումների ահռելի մի չափաբաժին, բայց դա միանգամայն բնական է, և Հայաստանում անցնող երեք տասնամյակում ստեղծված և կարծրացած քաղաքական իրավիճակը հնարավոր պետք է լիներ հաղթահարել նաև հենց այդպիսի իռացիոնալությամբ և ոգևորությամբ, որովհետև ռացիոնալ բոլոր փորձերը բախվեցին իշխող համակարգի նույնքան ռացիոնալ դիմադրությանն ու փշրվեցին:
Մյուս կողմից, սակայն, ոգևորությունը, իռացիոնալությունը, լավ իմաստով արկածախնդրությունը բերում են հաղթանակի, սակայն հաղթանակը պահելու հարցում այլևս կարիք ունեն կապիտալիզացվելու, պրագմատիկ հունի մեջ դրվելու, այսպես ասած՝ պրագմատիզմով պատվաստվելու:
Ակնհայտ է, որ միայն ոգևորության հաշվին հնարավոր չէ պահել հաջողությունը, բայց մյուս կողմից՝ հնարավոր չէ այն զարգացնել և ամրացնել առանց ոգևորությունը պահելու: Եվ այս տեսանկյունից ներկայումս շատ կարևոր և բարդ մի ժամանակաշրջան է առաջին հերթին հենց հասարակության համար, որովհետև հիմա արդեն փողոց փակելու փոխարեն, անհրաժեշտ է բացել մտքերը, բացել մտակաղապարները, բացել Հայաստանը գաղափարների, մտքերի, նախաձեռնությունների համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ: