Դավիթ Աբրահամյանի հրապարակումը.
Ապահովված բժիշկ – առողջ հասարակություն
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո տարբեր մարդիկ ու խմբեր սկսեցին ինքնառաջադրվել կամ միմյանց թեկնածություններն առաջադրել այս կամ այն նախարար-փոխնախարարի պաշտոնին:
Ի զարմանս (և մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ նաև հուրախություն և ի հպարտություն. ինձ՝ ես էլ անմասն չմնացի առաջադրված լինելու այդ պատվից. իմ ընկեր Զաքար Խոջաբաղյանն ու իր համախոհները վարչապետին առաջարկում էին ինձ նշանակել ՀՀ ԱՆ փոխնախարար:
Իհարկե, ես խորապես զգացված և շնորհակալ եմ նման բարձրագույն վստահության համար, դա շատ պարտավորեցնող է: Սակայն խորապես համոզված եմ, որ Փաշինյանն ու իր թիմն ունեն նախապես մշակված սեփական ծրագիր, բավականաչափ քանակի ու որակի կադրեր և դժվար թե սպասեն, տեսնեն՝ ով է իր թեկնածությամբ ու աջակիցներով հանդես գալու:
Ինչևէ, ով էլ որ դառնա ԱՆ նախարար կամ փոխնախարար, ըստ իս պետք է լուծի առնվազն 3 առաջնահերթ խնդիր (այդ խնդիրները ներկայացնելուն զուգընթաց ներկայացնում եմ իմ տեսլականը՝ դրանց հնարավոր լուծման առումով):
1. Բուժաշխատողը (ոչ միայն բժիշկը) պետք է դառնա բյուջետային աշխատող և ստանա արժանապատիվ աշխատավարձ (հետագայում նաև թոշակ), ինչպես, օրինակ, պատգամավորը, դատավորը և այլք: Անշուշտ ես դրանով չեմ բացառում մասնավոր կլինիկաների և վճարովի ծառայությունների գոյությունը: Ընդհակառակը, ուժեղ և ապահովված պետական բժշկությունը խթան կհանդիսանա նաև մասնավոր պրակտիկայի զարգացման համար, քանի որ ի վերջո նույն այդ որակյալ բժիշկն է աշխատելու նաև մասնավոր սեկտորում: Ցածր վարձատրվող կամ ընդհանրապես աշխատավարձ չստացող (!), օրվա հացի մասին մտածող, «հիվանդի ձեռքին նայող» բժիշկը չի կարող լավ ու գիտակ մասնագետ լինել, առնվազն այն պատճառով, որ չի կարող գումար հատկացնել իր շարունակական ինքնակրթության և վերապատրաստումների համար: Նրա ուշքումիտքը լինելու է ոչ թե հիվանդի առողջությունը կամ սեփական գիտելիքների թարմացումը, այլ փող աշխատելը, «տուն պահելը», մանավանդ եթե «արենդա» կամ «նալոգ» էլ է տալիս:
Բնական հարց կծագի. ինչպե՞ս բարձր աշխատավարձով ապահովել այդ հազարավոր բուժաշխատողներին: Դա էլ հենց 2-րդ և 3-րդ խնդիրներն են.
2. Առողջապահական համակարգը սեղմ ժամկետներում (մինչև 1 տարում) պետք է ֆիլտրվի. հատուկ ստեղծված անաչառ և անկաշառ միջազգային փորձագիտական հանձնաժողովի կողմից անխտիր բոլոր բուժաշխատողները պետք է մասնագիտական տեսական և գործնական խստագույն լիցենզավորում անցնեն: Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ հարց չպիտի ծագի, թե ինչու խստագույն… Իհարկե արդյունքում բուժաշխատողների մի ստվար զանգված, անկախ տարիքից, կդառնա «թոշակառու», կամ էլ եթե ուզում է շարունակել աշխատել, թող մասնավոր գործունեություն ծավալի: Բայց այդպես մենք վստահ կլինենք, որ համակարգում մնում են լավագույնները, որոնք էլ արժանի կլինեն այդ բարձր պետական աշխատավարձին: Բարձր աշխատավարձ ստացող և գիտակ բժիշկն այլևս չի «բուժի» բուժման կարիք չունեցող «հիվանդին», կեղծ տեղեկանքներ չի տա, կոռուպցիան կնվազի… Բժշկական համալսարանն էլ կրկին կդառնա մրցունակ կրթական կենտրոն, որտեղ կընդունվեն ու կսովորեն ընտրյալները, ոչ թե այսօրվա նման, երբ հաճախ նույնիսկ գրեթե անբավարար գնահատականով ընդունվում են ու մի կերպ «բժիշկ» դառնում…
3. Աշխատավարձ ստացող բոլոր անձինք իրենց աշխատավարձից ամսական պարտադիր վճարում են X գումար (այդ գումարի չափը ստույգ հաշվարկ է պահանջում, բայց կարծում եմ՝ այն պետք է տատանվի 500-1000 դրամի սահմաններում), որը կարելի է կոչել «առողջավճար»: Այդ ողջ «առողջավճարն» ավելացվում, բաշխվում է բուժաշխատողների աշխատավարձերին: Եվ այն ծառայում է որպես առողջության պարտադիր ապահովագրության նման մի բան:
Մեր համակարգը շատ լուրջ հիվանդ է: Իսկ լուրջ հիվանդության դեպքում կոսմետիկ, կոնսերվատիվ միջոցներն անօգուտ են և նույնիսկ վտանգավոր: Տվյալ դեպքում անհրաժեշտ են արմատական քայլեր ու միջոցներ:
Հ.Գ. Բնականաբար շատ մանրամասներ կան, որոնք այստեղ խորապես չեմ ներկայացրել, քանի որ վստահ չեմ, որ նույնիսկ այսքանը կարդացող կլինի: D Ինքս էլ երկար ստատուսներ չեմ սիրում, բայց կարծեցի, որ կարևոր է կիսվել իմ այս մտահոգությամբ ու գաղափարներով: